• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մեր Հիմնական Ծրագիրն Է Արցախում 90ականներից Ձեւաւորուած Խմբիշխանութեան Կազմաքանդումը. Վահան Բադասեան

20.03.2020   10:32

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 6  –

 

Շուտով համապետական ընտրութիւններ են Արցախի մէջ: Իր, որպէս անկախ պետութիւն գոյերթին ընթացքին Արցախի ժողովուրդն ու անոր պետականութիւնը փաստեց, որ հակառակ այն դրութեան, որ ան որպէս պետութիւն տակաւին մաս չի կազմէր միջազգային ընտանիքին, սակայն արժանի է իր անկախութեան եւ իր մօտ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժէքներ են: Մինչ ինքզինք այսպէս կոչուած կայացած պետութիւն յորջորջող Ազրպէյճանը ամէն առիթով կը փաստէ, որ ինք տակաւին երկա՜ր ճանապարհ ունի կտրելիք ժողովրդավարութեան ճամբուն վրայ եւ շա՜տ սորվելիք ունի Արցախէն՝ այն հողատարածքէն որուն իրաւատէրը կը յաւակնի ըլլալ:

Այս առիթով «Զարթօնք» կազմակերպած է հարցազրոյցներու շարք մը Արցախի Հանրապետութեան նախագահութեան բոլոր թեկնածուներուն հետ անխտիր: Այս մէկը առիթ մըն է մեր ընթերցողներուն՝ հակիրճ կերպով սակայն մօտէն ծանօթանալու իւրաքանչիւր թեկնածուին:

Մեր հարցազրոյցներու այս շարքին յաջորդ հիւրն է ռազմական եւ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր 2010էն ի վեր, Միացեալ Հայաստան կուսակցութեան առաջնորդ՝ Վահան Բադասեանն է։  Պրն. Բադասեանի հետ զրուցած է Երեւանի մեր աշխատակիցը: Ստորեւ հարցազրոյցը:

 «Խմբ.»

 

Վահան Միքայէլի Բադասեան ծնուել է 1968 թ. յունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խանձաձոր գիւղում։ Արցախեան պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի հրամանատար: Պատերազմի աւարտից յետոյ եղել է Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վարչակազմի ղեկավարի պաշտօնակատար։ 1995 թ. հրաժարական է տուել։ 1996-1999 թթ. նախաձեռնել եւ լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գիւղը, որն ամբողջովին աւերուել էր պատերազմի տարիներին։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ.-ից ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրուել է ԼՂՀ ԱԺ պատգամաւոր։ 2001 թ-ից առ այսօր զբաղւում է հողագործութեամբ։ Ամուսնացած է, ունի չորս զաւակ։

 

– Պարոն Բադասեան, շնորհակալ եմ հարցազրոյցի հրաւէրը չմերժելու համար։ Ինչպէ՞ս է ընթանում քարոզարշաւը։ Խախտումներ, ընտրապայքարում անընդունելի դէպքեր արձանագրե՞լ էք այս ընթացքում։

– Պէտք է նշեմ, որ մենք այժմ փաստացի հնարաւորութիւն չունենք հանդիպելու մարդկանց հետ, քանի որ նրանք զգուշանում են, չեն գալիս հանդիպումների։ Ընտրազանգուածի հետ խօսելու, շփուելու հնարաւորութիւնները սպառուել են։ Պէտք է օգտագործել համացանցային կապն ու հեռուստատեսութիւնը, որն Արցախում շատ թոյլ է։ Եթերներն ու ելոյթները սահմանափակ են ու ամեն բնակավայրում հասու չէ։ Համացանցն էլ մարդիկ ամեն տեղում չէ, որ նայում են։ 14 թեկնածու կայ, մարդիկ գործից տուն են գնում ու չեն կարողանում այդ երկու-երեք ժամուայ ընթացքում բոլորին հետեւել ու լսել։ Իրենք ունեն իրենց նախընտրած թեկնածուները։

– Այսինքն, Հայաստանում յայտարարուած արտակարգ դրութիւնն ու համաճարակի հետ կապուած իրավիճակը ազդել է Արցախում նախընտրական պայքարի վրա՞յ։

– Իհարկէ։ Մարդի զգուշանում են, դուրս չեն գալիս, մասսայական հանդիպումների չեն ուզում գալ։ Մենք էլ ենք զգուշանում։ Մեզ համար առաջնահերթութիւնը քաղաքացու առողջութիւնն է։

– Ընդհանուր առմամբ Արցախում քաղաքական գործընթացներն ինչպէ՞ս կը գնահատէք։ Թեկնածուների միջեւ քաղաքական պայքարն ինչքանո՞վ է արդար ու ազնիւ։

– Տեսէք։ Մէկուկէս տարի է իշխանութիւնների կողմից քարոզչութիւն է իրականացւում։ Իշխանութիւններն ամեն ինչ անում են վերարտադրուելու համար։ Իրենք այդ ընթացքում իրենց քաղաքական հակառակորդներին խեղճացրել են, ճնշել: Նման բաներ եղել են։ Իշխանութիւններն են մեղաւոր այս տասնեակ կուսակցութիւնների ու թեկնածուներին ստեղծման համար: Առնուազն 10-12 թեկնածուի իրենք են պարտադրել, որ թեկնածութիւն դնեն։ Դա արուել է ընտրողին շփոթմունքի մէջ գցելու համար։ Իրենք հաստատուն ձայներ ունեն, կը ստանան։ Իսկ միւսները կը ցրեն ձայները, որպէսզի իրենց չուզած մարդը չընտրուի։

–  Ձեր կարծիքով, ընտրութիւնները յետաձգելու անհրաժեշտութիւն եւ հիմքեր կա՞ն:

– Իհարկէ։ Ես կարծում եմ, որ ընտրութիւնները պէտք է յետաձգել։ Մի քանի օր յետոյ պարզ չէ, թէ ի՞նչ աստիճան կը սրանայ դրութիւնը Հայաստանում ու Արցախում։ Եթէ սրացում եղաւ, անշուշտ, պէտք է յետաձգել։ Մէկ ուրիշ կարեւոր հանգամանք եւս կա։ Դիտորդների հարցը։ Եթէ իրենք չգան Արցախ, ինչպէ՞ս է  ընտրութիւնը տեղի ունենալու։ Հայաստանից առնուազն 120 մարդ պէտք է գայ որպէս վստահուած անձ:

– Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Արցախում ընտրութիւնները յետաձգելու անհրաժեշտութիւն չկայ։

– Դա Նիկոլ Փաշինեանն է այդպէս գտնում։ Ինքը իրադրութիւնը չգիտի։ Ես՝ որպէս նախագահի թեկնածու, կարծում եմ՝ պէտք է յետաձգել։ Ի դէպ՝ Փաշինեանը երկու օր առաջ է այդ կարծիքը յայտնել։ Դրութիւնը հիմա փոխուել է, հնարաւոր է՝ արդէն այդ կարծիքին չլինի։

– Պարոն Բադասեան, խօսենք ծրագրային առաջնահերթութիւնների մասին եւ իհարկէ հարց տամ. Ձեր ընտրուելու հաւանականութիւնը ինչպէ՞ս  կը գնահատէ՞ք։

– Ներկայ իշխանութիւնը՝ 90-ականներից մինչ այսօր, մենք համարում ենք խմբիշխանութիւն։ Մեր հիմնական ծրագիրն է այդ խմբիշխանութեան կազմաքանդումը։ Ովքեր տիրացել են մեր երկրի էական կարողութիւններուն ու հարստութիւններին։ Մեր երկիրը գտնւում է ծայրայեղ աղքատ վիճակում։ Հայաստանի Արցախ երկրամասը գտնւում է ծայրաստիճան աղքատ ու անբարեկարգ վիճակում։ Մարդիկ հեռանում են Արցախից։ Պէտք է բնակիչների իրաւունքները վերականգնել։ Վերաբնակեցնել Արցախը։ Մեր ծրագրային ամենակարեւոր դրոյթը Մայր Հայաստանին միացումն է՝ ճշդուած ժամկէտներում։ Մենք համարում ենք, որ միացումը մեր անվտանգութեան միակ երաշխիքն է։

– Մշտապէս քննադատւում է, որ Արցախում այս տարիների ընթացքում իսկապէս վերաբնակեցում տեղի չի ունեցել։ Այս մասով ի՞նչ էք դուք առաջարկում։

– Մինչեւ հիմա այնտեղ վերաբնակեցում չի եղել։ Պարզապէս այդ տարածքներում մարդկանց խումբ են տարել ու տրամադրել են կացարան։ Մարդկանց ոչ մի իրաւունք չեն տուել։ Մենք պէտք է վերականգնենք այդ մարդկանց իրաւունքները։ Բնակարանային պայմանները պէտք է բարելաւենք։ Մենք կարծում ենք, որ այդ տարածքներում մարդկանց յատուկ արտօնութիւններ պէտք է տրամադրուեն հողագործութեամբ, տեղական հումքի մշակմամբ զբաղուելու համար։ Նրանց պէտք է տրուի երկարաժամկէտ ու անտոկոս վարկեր։ Պէտք է կառուցուեն բնակարաններ, սեփականաշնորհման իրաւունք պէտք է տալ։ Շատ բաներ կան, որոնք արուած չեն։ Այս իշխանութիւնները, որոնք հիմա ուզում են վերարտադրուել, այդ մարդկանց օգտագործել են որպէս էժան աշխատուժ։ Դրա համար մարդիկ հեռացել են։ Երբ ես այսպէս եմ խօսում, շատերն ասում են, թէ ես բամբասում եմ, գանգատւում եմ։ Ոչ, ես չեմ գանգատւում։ Ես փաստերն եմ ասում։ Ամօթ նրանց, ովքեր ստեղծել են այդ իրավիճակը։ Նրանք դեռ հիմա էլ ուզում են դառնալ երկրի նախագահ։ Ես բազմաթիւ անգամներ նրանց մէկ առ մէկ կամ բոլորին միասին վերցուած  հրաւիրել եմ բանավէճի։ Հիմա էլ առիթից օգտուելով հրաւիրում եմ բանավէճի։

– Տնտեսութեան զարգացման գործում օտարերկրեայ ներդրումները չափազանց կարեւոր են։ Այս առումով ի՞նչ քայլեր էք ձեռնարկելու։ Սփիւռքից ի՞նչ ակնկալիքներ կան։

– Սփիւռքի ներդրումների համար նախ եւ առաջ պէտք է չխաբել այդ մարդկանց։ Պէտք է վերականգնել այն ներդրողների իրաւունքները, ովքեր ներդրում են կատարել ու խաբուել են։ Պէտք է իրաւական դաշտում պատժել ու վերականգնել ներդրողների իրաւունքները, հաւատ ներշնչել դրսում գտնուող մարդկանց մօտ ու վերականգնել արդարութիւնն Արցախում։ Աւելի քան  7-8 տարի է մարդիկ ներդրում չեն անում Արցախում։ Բարեգործութիւն չեն անում։ Ու շարունակելու են այդպէս։ Սփիւռքին նայում են որպէս միայն փողի աղբիւր։ Այդպէս չպէտք է լինի։ Մենք պէտք է Սփիւռքն օգտագործենք իր ամբողջ ներուժով։ Պէտք է օգտագործենք Սփիւռքի քատրային ներուժը։ Մեր առաջարկած փոփոխութիւնները մակերեսային չեն։ Մենք առաջարկած փոփոխութիւնները ելնում են ազգի ու ժողովրդի շահերից։ Պետականամէտ են ու հանրօգուտ։

– Պարոն Բադասեան, կանխատեսում էք ընտրութիւնների երկրորդ փուլ։

– Ընտրութիւնների ելքն անկանխատեսելի է, բայց առանց երկրորդ փուլի չի լինելու։ Եթէ ես երկրորդ փուլ չանցնեմ, ոչ ոքի չեմ աջակցելու, որովհետեւ հաւանականութիւնը մեծ է, որ երկրորդ փուլ կ՛անցնեն իշխանական ուժերը։ Այդ դէպքում, ես ինչպէս միշտ եղել եմ, դրանից յետոյ էլ կը շարունակեմ լինել խորը ընդդիմութիւն ու պայքարելու եմ մեր ժողովրդի վերջնական յաղթանակի համար։

– Շնորհակալ եմ զրոյցի համար։

 

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր