• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մի Երգի Պատմութիւն -41- Տանսինկ Քուին- ԱՊՊԱ (Dancing Queen- ABBA)

19.03.2020   10:24

Երբ տիսքօ ժանրն ի յայտ եկաւ եւ նուաճեց ողջ աշխարհը, այն անմասն չթողեց նաեւ  ԱՊՊԱ խմբին ։ Նրանք որոշեցին իրենց երգցանկում ունենալ նոր երգ  հենց այս ոճում։ Այսպէս ծնուեց «Տանսինկ Քուին» երգը, որը նուաճեց  ողջ աշխարհի հիթ-շքերթների առաջատար դիրքերը։ Այն դարձաւ պարային երաժշտութեան չափանիշ, եւ թէեւ տիսքօ ժանրը վաղուց կորցրել է իր արդիականութիւնը , այս երգը արդի է մինչ օրս ։

          Երգի հեղինակներն են Պյորն Ուլուեուսը , Պեննի Անտըրսընը եւ խմբի տնօրէն Սթիկ Անտըրսընը։ Ինչպէս երգի ստեղծողներն են պնդում, երգը ստեղծման պահին կոչւում էր «Boogaloo»: Երգի անուանման վերջնական տարբերակը մտածել է Սթիկը։

          Երգի բնագիրը կամ միտքը ստեղծման յատուկ նախապատմութիւն չունի։ Այն պարահրապարակի «թագուհու»  կամ պարող «թագուհու» մասին է։ Ահա թէ ինչ են յիշում երգի մասին խմբի անդամները․ «Ես եւ Ակնեդան տակաւին չէինք երգել, բայց արդեն ինձ համար միանշանակ պարզ էր, որ այս երգը ԱՊՊԱ-ի լաւագոյն հիթն է լինելու»,-պատմում է Ֆրիտան , իսկ Ակնեդան յաւելում է․ «յաճախ մինչեւ երգի թողարկումը դժուար է լինում որոշել երգը կդառնայյ սիրուած թէ՝ ոչ, սակայն այս դէպքում դեռ չձայնագրած արդեն ամեն բան պարզ էր բոլորիս համար» ։

          Երգի ձայնագրման աշխատանքների վրա ծախսուեց մի քանի ամիս։   Այն պատրաստ էր   թողարկման դեռեւս 1975 թուականի ամռանը, սակայն խմբի որոշմամբ երգը առանձին սկաւառակով չթողարկեցին, սպասելով ամբողջական ալbոմի թողարկմանը։ Նրանք կարծում էին, որ երգը հիթ կը դառնայ եւ ալպոմն էլ իր հերթին հիթային կը դարձնի։ Ժամանակը ցոյց տուեց, որ նրանք չսխալուեցին։

          Երգի թողարկումից հաշուած օրեր յետոյ երգը դարձաւ համաշխարհային հիթ եւ գլխաւորեց ԱՄՆ-ի , Բրիտանիայի, Աւստրալիայի, Գանատայի եւ բազմաթիւ այլ երկրների հիթ-շքերթները, իսկ ակումբների այցելուները կրկին եւ կրկին պատուիրում էին այն։ Կարծում եմ հարկ չկայ նշելու բոլոր այն կատարողներին, ովքեր վերաերգեցին երգը։  Երգը մտել է գոյութիւն ունեցող բոլոր մրցունակ հաւաքածուների մէջ՝ «Բոլոր ժամանակների 500 հանճարեղ երգեր» ըստ Ռոլինկ Սթոն ամսագրի, «100 մեծագոյն պարային հիթեր» ըստ VH1-ի, «100 լաւագոյն փոփ երգեր» ըստ MTV-ի։ Այս երգ եղաւ ԱՊՊԱ խմբի միակ երգը, որը Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականը բարձրացաւ։

          Երգի հետ կապուած բազմաթիւ հետաքրքրական դէպքեր կան, որոնցից ամենաուշագրաւը հետեւեալն է ․ BBC Radio-ի հաղորդավար Գրիս Էվանսը պատմում է, որ երբ այս երգը երեկոյթի ժամանակ հնչել է  Ուինտզորեան պալատում, Անգլիայի թագուհի Ելիզապէթ Բ.-ը ասել է,-«Երբ լսում եմ այս երգը, միշտ պարել եմ ուզում, որովհետեւ ես թագուհի եմ եւ ես պարել եմ սիրում»։

          Թերեւս պէտք է համաձայնենք  թագուհու մտքին․ երբ հնչում է այս երգը, անկախ տարիքից եւ երաժշտական ճաշակից, բոլորի մօտ  մարմինը տեղից վեր բարձրացնելու եւ պարելու ցանկութիւն է առաջանում։

      ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

                                                                                                            «Զարթօնք»ի Աշխատակից 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր