• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Աթեիզմը՝ Գիտութիւն, Նորաձեւութիւն, Թէ՞ Կրօն

08.11.2019   09:36

Մեր  թուարկութիւնից առաջ  5-րդ դարում հին յունարէն մտաւ նոր բառ-հասկացողութիւն՝ աթեոս  (ἄθεος -atheos), որը նշանակում է «առանց աստուած(ներ)»:  Հնագոյն ժամանակներում այն ունեցել է մի քանի իմաստ եւ օգտագործուել է հերքող բառ-հասկացողութիւն նրանց համար, ովքեր փորձում էին մերժել այն աստուածներին, որոնց երկրպագում էին հասարակութեան մեծամասնութիւնը:  Գիտափիլիսոփայական մտքի զարգացմանը  զուգահեռ  աթեիզմը դարձաւ  փիլիսոփայական ուղղութիւն՝  հասնելով գիտական որակաւորման (գիտական աթեիզմ):

Աթեիզմի  այսօրեայ  տեսլականի,  մարդ-աստուած-բնութիւն,  գիտութիւն,  թէ՞ նորաձեւութիւն, փոխյարաբերութիւնների շուրջ զրուցել ենք Փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արման Ղարագուլեանի հետ։                                                                    

-Ինչպէ՞ս է մեկնաբանւում  աթեիզմը  իմաստասիրութեան դաշտում:

-Աթեիզմը փիլիսոփայական ուղղութիւն է,  որը ժխտում է գերբնականի գոյութիւնը, առհասարակ որեւիցէ  տարբերակով: Փիլիսոփայութեան պատմութեան մէջ շատ տարբեր ուսմունքներ են եղել,  որոնք այս կամ այն ձեւով հաստատել են,  որ Աստուած կա, Աստուածը ամեն բանի նախասկիզբն է, իսկ աթեիզմը սկզբունքօրէն  մերժում է Աստծոյ գոյի հնարաւոր բոլոր տարբերակները:

-Ո՞րն է բացարձակ մերժման հիմքը:

-Աստծոյ գերագոյութեան գաղափարը մարդկային ֆիզիկական զգայարաններին հասանելի չէ:  Մարդը  նայում է իր շուրջ բոլորը ու փնտրում,  թէ որտե՞ղ է Աստուած: Կայ բնութիւն, օրինաչափութիւններ,  կանոներ եւ արտաքին բարձրագոյն էակի միջամտութիւն կամ նրա արտայայտման  որեւիցէ ձեւ չի գտնում:  Այս առումով հետաքրքիր է Սթիւըն Հոքինգի  մեկնաբանութիւնը: Ըստ նրա,  իւրաքանչիւր մարդ ունի աշխարհի իր նախատիպը (model)  եւ Հոքինգի աշխարհի մոդելը առանց Աստծոյ գաղափարի իտէալական գործում էր:

-Գիտութեանը   խանգարո՞ւմ  է Աստծոյ գոն:

-Դժուար է այդպէս ասել, բայց հետաքրքիր է, որ միջնադարում այդ խնդիրը կար: Գիտութիւնը  զարգացման ընթացքում սկսեց խաչաձեւել աստվածաբանութեան հետ եւ տարաձայնութիւններ  առաջացնել:  Միջնադարեան  փիլիսոփայութիւնը ընդունեց երկակի ճշմարտութեան գաղափարը՝ գիտութիւնն էլ է ճիշդ, աստուածաբանութիւնն էլ: Գիտութիւնը զբաղւում է այն աշխարհով, որը հասանելի է մարդուն ֆիզիքապէս՝     ինչ- որ հիմքերու օգնութեամբ:

-Գիտութիւնը,  ըստ էութեան,  աթեիսթական է, բայց ասել , որ խանգարում է Աստծոյ գոյի գաղափարին  ճշմարիտ չէ, որովհետեւ մարդու կառուցուածքում ոգեղենը մնում է անհերքելի:

 Այլ հարց է,  որ երբեմն, կրօնական վարդապետութիւնը (doctrine) իջնում է նիւթական մակարդակ եւ փորձում է քողարկուել գիտութեամբ: Եւ յետոյ գուցէ՞  գիտութիւնը եւ կրօնը միակ միջոցը չեն Աստծուն փնտռելու:                                      

-Գիտութիւնն ասում է,  որ մենք իմացութեան, գոյութեան ու չգոյութեան, տիեզերքի մէջ ընդամէնը մի քանի փոքր քայլ ենք դեռ կատարել,  իսկ  աթեիզմը  մերժում  է  գերբնականի գոյութիւնը: Չի՞ ժխտում  գիտութիւնը  ինքն  իրեն:

-Փաստենք, որ  գիտնակաների  զանգուած կայ, որոնք բացարձակ դէմ են աթեիզմին: Մտածողները կան, որ երկու ուղղութիւնների ճանապարհները ի վերջոյ միանալու են ի օգուտ մարդու : Ի վերջոյ գալու  է  մակարդակ,  որ թէ՛ կրօնական, թէ՛ գիտական վարդապետութիւնները որոշ փոխզիջումներով հանդիպելու են:Խնդիրը  աւելի շատ արժէքաբանական է: Ճշմարտութիւնը միշտ պէտք է որոնել զգուշանալով քարոզչութիւնից:

-Կարելի՞  է ասել ,որ Աստծոյ գաղափարը կարեւորւում է այնքանով, որքանով անհատն է դրան իմաստաւորում տալիս:

-Որոշակիօրեն կարելի է այդպես ասել, քանի որ սա այն ոլորտն է, որ անմիջականօրեն ստուգման չի ենթարկւում: Այստեղ հարց է ծագում ՝ այն մարդիկ ովքեր աթեիսթ են ի՞նչ հիմքի վրայ են յենւում եւ այն մարդիկ ովքեր չեն բացառում իրենք ի՞նչ փաստարկեր են առաջ բերում:  Հետաքրքիր դիտարկում գոյութիւն ունի ՝  ինչպէս մտածում ես դա էլ ի վերջոյ լինում է: Իրականութիւնը  ճկուն է իր դրսեւորումներով, եթէ դու քեզ յարմար ես զգում աթեիսթական կաղապարի մէջ ուրեմն իմաստազրկւում է քո կեանքում Աստծոյ  գոյութիւնը, իսկ, եթէ յարմար ես զգում  կեցութեան հոգեւոր, կրօնական մակարդակում, եթէ ունես միսդիկ, հոգեւոր, կրօնական փորձառութիւն քեզ համար էլ այդ դռներն են բաց. դու էլ այդտեղ ես քեզ լաւ զգում :

 Կէս կատակ  կէս լուրջ ասում են՝ մարդիկ կան թթուածին են շնչում մարդիկ էլ կան՝ բրանայ (բրանան հնդկական փիլիսոփայութեան մեջ  օդի հետ շնչուող անտեսանելի ուժն է), բայց երկուսն էլ երջանիկ են:  Ճիշտ է՝ 21-րդ դարի մարդը մեծ  նուաճումների է հասել,  բայց տիեզերքի անսահմանութեան հանդէպ մարդու հնարաւորութիւնները շատ ու շատ սահմանափակ են  եւ արդիւնավէտ չէ  ինչ-որ ոլորտներ եւ գաղափարներ  փակել ու բացառել:

-Լուսաւորութեան  դարաշրջանի  մեծ  նահապետներից  Ճոն Լոքը, այն կարծիքին է եղել, թէ աթեիսթները  հասարակութեան  անկառավարելի  զանգուածն են: Համաձա՞յն էք:

-Ոչ:  Ճոն Լոքի ասածը  նախկինում, կարծրատիպ մտածելակերպ էր կապուած այն բանի հետ, որ կրօնը  «օփիում» է՝ կառավարելու միջոց,  փաստ է,  որ կրօնական վարդապետութիւնը ունի նման որոշակի սկզբունքներ՝  կախուած կրօնից, օրինակ իսլամական վարդապետութիւնը շատ աւելի ներթափանցող է հասարակական կեանքի ցանկացած ոլորտ. իսլամադաւանը ամենօրեայ իր գործունեութիւնում չի կարող չզգալ իսլամի ազդեցութիւնը:  Քրիստոնէութեան վերահսկողութիւնը աւելի մեղմ է: Գերխնդիրը այն է,  թէ ո՞րն է մեր նպատակը, ի վերջո մենք ինչպիսի՞ հասրակութիւն ենք ուզում ունենալ: Լոքի ասածը միշտ  լինելու է իշխող կարծիք, բայց,  ըստ էութեան,  ճիշդ չէ մարդուն եւ իր վարքը  այդ տեսակէտից   դիտարկել:

-Լոքի  կարծիքը  ունի  նաեւ հակառակ դատողութիւն,  ըստ  այդ  դրոյթի  կողմնակիցների  աթեիսթները  հասարակության  ավելի  գիտամէտ   զանգուածն են:

-Կրկին յարաբերական է: Հաշուի առնենք,  որ կայ ժողովրդային նորաձեւ աթեիզմ: Առահասարակ  եկէք ընդունենք,որ աթեիզմը չունի իր սեփական դրոյթները: Սոցիալական կայքերում բաւական թիւով աթեիսթների խմբեր, միաւորումներ ու էջեր կան: Հետաքրիր էր՝ ինչի մասին են խօսում աթեիսթները… բնութեան օրինաչափութիւնների՞,  տիեզերքի՞, իմացութեա՞ն…. զարամնալի էր ինձ համար, որովհետեւ  այդ խմբերում ու էջերում այսպէս կոչուած աթեիսթները ծաղրում են եկեղեցուն, հոգեւորականներին, քննադատում են ու այդպէս շարունակ: Հարց է ծագում՝ դա՞ է նրանց հիմնական գաղափարախոսութիւնը  կամ ՝ նպատակը…

Եւ ո՞վ ասաց, որ եկեղեցի գնացող մարդը ազատ չէ, ո՞վ ասաց,  որ լուսաւոր չէ, եթէ մարդը կրօնից ելնելով բարոյական, ծիսական, հոգեւոր որոշակի արժէքներ ունի,  ապա դա չի նշնակում,  որ նա միջնադարեան խաւարամտութեան մէջ է ապրում: Կրօնի հիմնական գաղափարը համամարդկային վերելքն է՝ մարդուն աստուածային կատարելութեան հասցնելը,  ուստի ինձ համար ընդունելի չէ,  որ,  եթէ գիտութեան հետ կապ ունես յարում ես գիտական աթեիզմի ուրեմն դու  լուսաւոր անձ ես, իսկ եկեղեցի գնացողը, կրօնին յարողը՝  խաւարամիտ:

-Փոլ Հանրի Յոլպախը, ով գիտական աթեիզմի հիմնադիրն է,  նշել է,  որ «բոլոր երեխաները աթեիսթ են»:  Համաձա՞յն  եք:

-Էմանուէլ Գանդը, երբ մարդու մտածողութեան կառուցուածքն էր նկարագրում ասում էր, որ  մարդը աշխարհ է գալիս որոշակի նախամշակուած կաղապարներով: Այդ կաղապարներից առանձնացնում էր եւ  բարձրագոյն էր  համարում երեքը՝ Կամքի գոյութիւն,  Հոգու անմահութիւն, Աստծոյ գոյութիւն: 

Գանդը չի ասում՝ կամք կայ՞ թէ՝ ոչ, հոգի կայ՞ թէ՝ ոչ, այլ, որ առանց այդ կաղապարների մարդը  չի կարող գոյութիւն ունենալ: Դու կարող ես կռուել այդ մտքերի հետ մերժել ընդունել,  բայց դրանց մասին կեանքի ընթացքում չես կարող չմտորել:  Այսինքն  երեխաները չեն կարող հենց այնպէս վերցուել ու  հաշուել որպէս աթեիսթ:

-Վերջերս   անընդհատ քննարկումներ են  ընթանում  «Հայոց  եկեղեցու պատմութիւն» առարկայի դպրոցնորում լինելութեան մասին:  Ի՞նչ  տեսակէտ ունէք Դուք ՝ որպէս ծնող:

-Վիճելիութեան առաջին կէտը առարկայի անուանումն է:  Իրականում նրանք տարբեր դասարաններում քիչ թէ շատ ծանոթանում են նաեւ այլ կրօնների: Ես կը նախնտրէի, որ կրօնների պատմութիւն դասաւանդուէր, սակայն՝ ոչ պարտադիր: Հայոց Առաքելական եեղեցին միշտ ուղեկեցել է հայերին, այդ առումով դա ոչ միայն դաւանանք է՝ այլեւ  մշակոյթ: Մի քիչ զգուշաւոր եմ,  որպէսզի քարոզչութիւն չլինի, վերանայումներ պէտք է լինեն, թէ՛ գրքում, թէ՛ դասաւանդման ձեւերուն մէջ:

Ամէն դէպքում վատ չէ ,  որովհետեւ դա, թէկուզ, փոքր  մասնիկ է, բայց  երեխաների մօտ  ոգեղենութեան,  բարոյագիտութեան մասին մտորումներ է առաջացնում:

Զրուցեց՝  ԶԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի աշխատակից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր