• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախը Կարող Է Մեղրի Կայսրութիւն Դառնալ. Երկու Տարուայ Ընթացքում Առնուազն Երկու Հազար Փեթակ Կ՛աւելացուի (լուսանկարներ)

05.11.2019   12:15

Արցախը կարող է հռչակուել մեղրի արտադրութեամբ: Խօսքն արդէն ոչ միայն որակի, այլեւ քանակի մասին է: Տարիներ առաջ այդ գաղափարը կարող էր անհաւանական թուալ: Այսօր հեղինակներն ու պատասխանատուներն արդէն խօսում են դրան հասնելու ճանապարհին հերթական յաջողուած հանգրուանի մասին: Խօսքը Վանք գիւղում հիմնադրուած մեղրի վերամշակման եւ փաթեթաւորման արտադրամասի մասին է, որի հնարաւորութիւններին բարձրաստիճան պաշտօնեաների ուղեկցութեամբ, ծանօթացել է նախագահ Բակօ Սահակեանը:

Վանք գիւղի մուտքից ոչ հեռու գտնուող կիսաւեր շինութիւնը բարեկարգուել, վերափոխուել է: Գոյնով ու տեսքով մեղուափեթակ յիշեցնող կառոյցը մեղրի վերամշակման ու փաթեթաւորման արտադրամաս է դարձել: Սարքաւորումները տեղադրուած, փորձարկուած են: Նախագահ Սահակեանին սենեակ առ սենեակ ներկայացնում են ձեռքբերումները: Մեղրի շրջանակներն ընդունւում, տեղաւորւում են առաջին բաժնում, ապա փոխանցում են յաջորդ բաժին, որտեղ մեղրաքամի հոսքագիծն է: Ժամանակաւոր, մինչեւ փաթեթաւորումը պահպանելու համար նախատեսուած դարաները թոյլ են տալիս առանց լրացուցիչ յաւելումների մեղրը երկար ժամանակով պահել նախնական, բնական վիճակում: «Եթէ բնական վիճակում քամելուց յետոյ մեղրը սկսում է բիւրեղանալ 2-4 ամսից, ապա այս դարաների մէջ այդ գործընթացը կարող է հետաձգուել մինչեւ մէկ, մէկուկէս տարի: Անհրաժեշտ պարամետրերը՝ ջերմութիւն, պտտման արագութիւն, կարգաւորում ենք աւտոմատ»,- եւ պատմում, եւ ցոյց է տալիս «Հաննի Հաուզ» ՍՊԸ տնօրէն Էրիկ Մկրտումեանը:

Արտադրամասը հիմնադրել է «Հաննի Հաուզ» կազմակերպութիւնը՝ որպէս գործարար նախաձեռնութիւն: Սոցիալական բաղադրիչը հաշուի առնելով՝ գիւղաջակցութեան հիմնադրամը արտօնեալ պայմաններով միջոցներ է տրամադրել: Նախապատմութիւնը մօտ երկու տարուայ պատմութիւն ունի: Զօրացրուած սպաներին աշխատատեղով ու եկամտի լրացուցիչ աղբիւրով ապահովելու նպատակով է նախագահ Սահակեանն առաջարկել նրանց համար մեղուաբուծութեամբ զբաղուելու պայմաններ ապահովել: Գաղափարը պետական ծրագրի է վերածուել եւ իրականացւում է Արցախի գիւղի եւ գիւղատնտեսութեանն աջակցութեան հիմնադրամի միջոցով: Շահառուների թիւը հաստատուն աճում է: «Զօրացրուած սպաներին ներգրաւում ենք այդ ծրագրի մէջ: Անվճար տրամադրւում են մեղուափեթակները: Ընկերութիւնն էլ այդ փեթակների արտադրած մեղրն ամբողջութեամբ ձեռք է բերում, վերամշակում եւ փաթեթաւորում՝ հետագայ վաճառքի համար»,-մանրամասնում է Արցախի գիւղի եւ գիւղատնտեսութեանն աջակցութեան հիմնադրամի տնօրէն Տիգրան Ծատրեանը:

Փեթակներն ու մեղուաընտանիքները տրամադրելու հետ՝ ծրագիրը նաեւ ուսուցման, աջակցութեան տարրեր է պարունակում: Այստեղ որոշիչ դեր է ունեցել Արցախի մեղուաբոյծների միութեան նախագահ Սուրէն Գրիգորեանը: Արտերկրից Արցախ է եկել այս ոլորտը զարգացնելու առաջարկներով: Այն, ինչ արուել է վերջին 1-2 տարուայ ընթացքում, կարող է հիմք դառնալ, որ Արցախը մեղրի կայսրութիւն դառնայ, լաւատես է բազմափորձ մեղուաբոյծը: «Մենք մեղուաբուծութեան նոր, աշխարհում դեռ չկիրառուած տարբերակ ենք հիմնադրել՝ ցանցայինը, որը կարող է անսահման շատ անդամներ ընդունել: Բայց ցանցը ինքնուրոյն չի կարող արդիւնաւէտ աշխատել: Դրա համար էլ ստեղծեցինք այս հարթակը: Այն ոչ միայն արտադրուած մեղրը կը գնի, կը վերամշակի, կը փաթեթաւորի, այլեւ արդէն միմեանց է կապում ծրագրում ընդգրկուած մեղուաբոյծներին, համակարգում նրանց աշխատանքը, խորհրդատուական, ուսուցման ծրագրեր իրականացնում: Արդիւնքում այնպիսի կառուցուածք կ՛ունենանք, որն Արցախի տնտեսութեան մէջ բազմապատկիչ ազդեցութիւն կ՛ունենայ»,- վստահ է Արցախի մեղուաբոյծների միութեան նախագահ Սուրէն Գրիգորեանը:

 

Ազդեցութիւնն արդէն կայ: Արդէն իսկ տասնեակ հազարաւոր շրջանակների, հարիւրաւոր փեթակների, շրջանակների համար մոմաթերթի պահանջարկ ունեն, որն ակնկալում են, որ տեղի արտադրողներն են ապահովելու: Դրանց պահանջարկը հրատապ է, քանզի հերթում դեռ ծրագրից օգտուելու տասնեակ յայտեր ունեն: «Այս պահին 25 շահառու ունենք: Տրամադրուել է 620 փեթակ: Նախատեսւում է 2020-ին հասցնել մօտ 2000 փեթակի: Այս դէպքում 60-70 շահառու կ՛ունենանք»,- ունեցածն ի մի է բերում եւ մօտակայ ծրագրերը ներկայացնում Տիգրան Ծատրեանը:

Այս տարի ծրագրում ընդգրկուածները մօտ 5 թոն մեղր են արտադրել: Եթէ անգամ աւելի լիներ՝ սպառման խնդիր չէր լինի, վստահեցնում է «Հաննի Հաուզ»-ի տնօրէն Էրիկ Մկրտումեանը. «Մենք այլ արտադրատեսակներ եւս ունենք՝ պտուղ, բանջարեղէն ենք վերամշակում: Բայց եթէ նրանց պարագայում իրացման հետ կապուած դժուարութիւններ ունենում ենք, ապա մեղրի իրացման հետ կապուած խնդիրներ դեռ չենք ունեցել եւ վստահ ենք՝ չենք ունենայ. պահանջարկն աւելի մեծ է»: Նոր նախաձեռնութիւնը Արցախում մեղրի արտադրութեան ծաւալներն ընդլայնելու համարձակ յայտ է ներկայացրել: Վանք գիւղում բացուած մեղրի վերամշակման, փաթեթաւորման գործարանն ի վիճակի է տարեկան մօտ 50 թոն մեղր վերամշակել ու փաթեթաւորել: 

Ստեփանակերտ

ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ

«Զարթօնք»ի Արցախի Աշխատակից

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր