• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Թէ Մինչեւ Հիմա Որտեղ Որ Երգն Էր, Այնտեղ Էլ Նա Էր: Այսուհետ Արդէն Որտեղ Որ Նա Էր, Այնտեղ Էր Երգը ». Կոմիտաս Վարդապետ. 150Ամեակ (լուսանկարներ, տեսերիզ)

01.10.2019   00:32

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 41 –

ԶԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից

Սեպտեմբերի 26 ին՝ Կոմիտաս վարդապետ Սողոմոնեանի ծննդեան օրը, Երեւանում եւ մարզերում կատարուեցին խնկարկութեան, յիշատակութեան միջոցառումներ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում խորհրդանշական զանգի ղողանջով, ձեռամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ազդարարուեց Կոմիտաս միջազգային գիտաժողով–փառատօնի բացումը: Արարողութեանը ներկայ էին ՀՀ փոխ վարչապետ Տիգրան Ավինեանը, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը, ՀՀ մշակոյթի գործիչներ եւ այլ մտաւորականներ: Ներկաները նախ շրջեցին թանգարանի ցուցասրահներով, ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանդեանը: ՀՀ Կեդրոնական պանքի նախագահ Արթուր Ջավատեանը միջոցառման ընթացքում պաշտօնապէս ներկայացրեց իրենց կողմից թողարկուած արծաթէ Յուշադրամը, որը նուիրուած է Վարդապետի 150-ամեակին:

Միջոցառման ընթացքում հիւրերը հնարաւորութիւն ունեցան ունկնդրելու ՀՀ ժողովրդական արթիսթ, դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի կոմիտասեան կատարումները: Արարողութեան ընթացքում կոմիտասեան երգերով հանդէս եկան «Գեղարդ» երգչախումբը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Միջոցառման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը Կոմիտաս վարդապետի շիրիմին կատարեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղութեան համար կատարուած աղօթքից յետոյ Վեհափառն իր խօսքն ուղղեց ներկաներին: Իր խօսքում նա կարեւորեց Կոմիտաս վարդապետի անփոխարինելի աւանդը հայ երգի մշակման, զարգացման, մաքրման ու վերհանման գործում. «…Կոմիտասը, Աստծոյ, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդէպ իր անսասան հաւատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգեւոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլեւս յաւիտենապէս ճանաչում է իր հոգեւոր «ես»-ը, առերեսւում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նուիրական աղօթքին, հայրենաշունչ եւ խրոխտ նախնեաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին…»։

Միջոցառումների շղթան շարունակուեց երեկոյեան Ալ․ Սպենդիարեանի անվան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնում: Յոբելենական համերգը բացուեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (ղեկավար` Յովհաննէս Չեքիճեան ) կատարումներով: Համերգին ի թիւս հայ մենակատարների եւ երգչախմբերի(Կարինէ Պապաջանեան, սոփրանօ, «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբ, Երեւանի Պետական Կամերային Երգչախումբ, «ՀՈՎԵՐ» Պետական Կամերային Երգչախումբ), հանդէս եկան նաեւ արտասահմանից ժամանած դաշնակահար Դագահիրօ Ագիպան (Ճափոն), Պարիտոն Լուքա Պրունոն (Իտալիա), թենոր Շտեֆեն Ֆինգեն (Գերմանիա) եւ այլք:

Ճափոնէն ժամանած դաշնակահար Դագահիրօ Ագիպայի համար Կոմիտասեան երաժշտութիւնն ամենալաւ դեղորայքն է. «Երբ Կոմիտաս եմ նուագում, կարծես կապւում եմ դրախտի հետ: Նրա երաժշտութիւնը դուռ է դէպի դրախտ: Ինձ համար պատիւ է Վարդապետի ծննդեան օրն այստեղ լինել»:

Գիտաժողով-փառատօնի ընթացքում յոբելենական հանդիսութիւնները կը շարունակուեն մինչեւ հակտեմբերի 10-ը ՝ հասնելով մինչ Գերմանիայի այն համալսարաններ, (Humboldt-Universität zu Berlin, Martin Luther University Halle-Wittenberg), որտեղ ուսանել է Կոմիտաս վարդապետը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր