• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Իմ Անունը Հայաստան Է, Ազգանունս՝ Հանրապետութիւն

22.09.2019   12:36

 Անահիտ Կօշկարեան

«Զարթօնքի»  աշխատակից        

Իմ անունը  Հայաստան է։ Երկար ժամանակ կոչուում էի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն:   1991 թուականի սեպտեմբերի 21-ին ազգանունս փոխեցին, կնքեցին Հանրապետութիւն։ Դարձայ Հայաստանի Հանրապետութիւն։

Ինձ ասացին, որ այսօրուանից ես նորածին, ազատ, անկախ, հպարտ պետութիւն եմ: Խոստացան ինձ պայծառ ապագայ, անխախտ սահմաններ, հպարտ որդիներ եւ դուստրեր։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ու խոստումնալից…. Բայց սահմաններս անխախտ չէին.  արդեն որերորդ տարին էր որդիներս կեանքի գնով փորձում էին սահմաններս ամուր պահել: Ես մայր էի, ով ամեն օր որդի էր կորցնում: Սովը, մութը, ցուրտը սկսեցին հետզհետէ հիւծել ժողովրդիս՝ դուստրերիս եւ որդիներիս։ Բայց անկոտրում ու հպարտ են զաւակներս։

         Շուտով վերջացան  պատերազմն ու նեղութեան տարիները։ Թեւակոխեցինք նոր մի փուլ՝  զարգացման  ,  առաջընթացի , հզօրացման եւ ծաղկման փուլ։ Քար առ քար կառուցուեցին նոր շէնքերս, փողոցներս…. Քաղաքներս  սկսեցին ծաղկել, կառուցուել ու մեծանալ:  Չգիտեմ երբ եւ որտեղ սխալուեցի , բայց մի օր նկատեցի , որ ինձանից հեռանում են իմ լաւագոյն զաւակները….Երեւի նոր՝ աւելի հոգատար, գրկաբաց եւ յառաջադիմած մայր  փնտռելու ։ Սիրտս մաս-մաս եղաւ, բայց ինչ կարող էի անել….Մնում էր յուսալ, որ օրերից մի օր կը դառնամ Հայաստան , ուր կ՛ուզեն ետ վերադառնալ  ու ապրել դուստրերս ու որդիներս: Ու շարունակում էինք ապրել այսպէս. ես՝ զաւակներիս կարօտած, նրանք՝ ուրիշ մօր գրկում։

Անցան տարիներ, ծնուեցին նոր որդիներ եւ դուստրեր, ովքեր իմ գալիքի հանդէպ լիայոյս էին ու հոգատար:  Բայց երբ կարծում էինք, թէ խաղաղուած ու պաշտպանուած ապրում էինք երջանկութեան մէջ, սահմաններս նորից արիւնոտեցուեցին ։ Քառօրեան նորից խլեց իմ հպարտ, վեհանձն, հերոս որդիներին :

           Այսօր, երբ արդեն բոլորում եմ 28 ամեակս, լիայոյս եմ,  որ շատ շուտով պիտի ապրեմ խաղաղ ու երջանիկ երկնքի տակ, պիտի լինեմ ծաղկուն ու բարգաւաճ՝  որ տուն դառնան զաւակներս, որ կարողանամ ամուր պահեմ սահմաններս, քաղաքներս ու հանքերս։ Որ իմ տանն ամեն քաղաքացի ապրի օրէնքի մէջ,  լինի պաշտպանուած, ապահով, բարեկեցիկ , անվախ :

Ես վստահ եմ, որ շուտով գալու է  ժամանակը, երբ զէնք առնելու փոխարէն գիրք պիտի առնեմ , երաժշտական գործիքներ, ներկեր ու կտաւներ: Որ խրամատ կառուցելու փոխարէն նոր գիւղեր ու քաղաքներ կը կառուցեմ, որպէսզի տանս տեղաւորեմ տուն վերադարձած պանդուխտ որդիներիս: Ես սրտի մեծագոյն փափաքով սպասում եմ ապագայի այն օրուան, երբ կը տեսնեմ լիարժէք ու երջանիկ կեանքով ապրող որդիներիս ու դուստրերիս:

       Իմ անունը Հայատան է, ազգանունս՝ Հանրապետութիւն: Ես մայր եմ հազարաւոր հերոսների, գիտնականների, արուեստագէտների , շինարարների…Հայերի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր