• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանի անկախութեան 28-րդ տարեդարձ. ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԿՍՒՈՒՄ Է ՄԵՂԱՅԱԿԱՆԻՑ

20.09.2019   11:32

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Թէեւ այս սուր յօդուածը գրուած չէ Հայաստանի անկախութեան 28-րդ տարեդարձին առիթով, սակայն, ընթերցողը հոն պիտի գտնէ վերջին երկու-երեք տասնամեակներու Հայաստանի ոչ-վարդագոյն քաղաքական Ներկային անդրադարձը, թաւշեայ յեղափոխութիւնը եւ այսօրուան չոր իրականութիւնը։

Լեւոն Բարսեղեան ծնած է Գիւմրի, 1967 թուականին։ Կրթութիւնը ստացած է Երեւանի Պետական համալսարանի Երկրաբանութեան բաժանմունքէն։ Ան ունի նաեւ լրագրողի բարձրագոյն կրթութիւն եւ փորձ։ Աշխատած է տեղական լրատուամիջոցներու եւ 2000 թուականին համախոհներու հետ հիմնած է լրագրողներու «Ասպարէզ» ակումբը, որուն առաքելութիւնը խօսքի, արտայայտման եւ տեղեկատուութեան ազատութեան պաշտպանութիւնն է, փտածութեան դէմ պայքարը, ընտրութիւններու հսկողութիւնը եւ այլն: Մասնակցած է բնապահպանական եւ քաղաքացիական շարժումներու, քննադատած է իշխանութեան զաւթումը Հայաստանի մէջ, փտածութիւնը եւ մարդու իրաւունքներու զանգուածային խախտումները: Քանի մը անգամ ձերբակալուած է, երկու անգամ կալանաւորուած: 2012 թուականին ընտրուած եւ 2016-ին վերընտրուած է Գիւմրիի աւագանիի անդամ:

Նշենք, թէ Վատիկանի մէջ Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի փեսան է։

 

    Վատիկանում ամենայն հայոց նախկին դեսպանը, նոյն ինքը Սերժիկի փեսան սկսել է հրապարակաւ արտայայտուել, օգտւում է խօսքի եւ արտայայտման ազատութեան իրաւունքից։ Դա՝ անշուշտ լաւ է, որովհետեւ յեղափոխութիւնը այդ արժէքները պաշտպանելու համար էր նաեւ, ու ոչ մէկը արտայայտուելու համար քացիի տակ չպիտի գցուի, ինչպէս եղել է նախկինում՝ բազմաթիւ հասարակական ու քաղաքական գործիչների հետ։

     Ի՞ նչ է ասում փեսան։ Դիտարկենք մի քանի օրինակ…

     «…Յեղափոխութիւնը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկայ էին եւ հասունացել էին բոլոր պատճառները։ Յեղափոխութիւնը հանրային այն հիւանդութեան ուղիղ հետեւանքն էր, որով մենք վարակուած էինք դեռ 90-ականներից։ Որովհետեւ միայն անառողջ հասարակական յարաբերութիւնների պայմաններում է հնարաւոր ունենալ հասարակութեան այն աստիճան բեւեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականութիւնն ու թշնամանքը վերածուեն քրոնիկ հիւանդութեան։ Միայն նման անառողջ յարաբերութիւնների պայմաններում է հնարաւոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպէս էլ չգտնել սոցիալական համերաշխութեան եւ կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդէլը, որը կ’ապահովէր հանրային համերաշխութիւն եւ կը բացառէր սոցիալական արդարութեան հողի վրա նախանձի ու ատելութեան ցանկացած դրսեւորում։ Միայն խորապէս անառողջ հասարակական յարաբերութիւնների պայմաններում է հնարաւոր յաղթել պատերազմում, բայց այդ յաղթանակը ընկալել որպէս բեռ, հպարտանալ ազգային արժէքներով, բայց հայկականութիւնը միշտ պահել թիրախում»։

     Ուզում եմ ասել՝  ի՜նչ ընդդիմադիր գործիչ է կորցրել Հայաստանը սկսած 90-ականներից,  չէ՞։  Տեսնես այդ ո՞ւմ աներհայրն էր իշխանութեան եկել ընտրակեղծիքների, մարդկանց իրաւունքների զանգուածային խախտումների, ցուցարարներ ծեծելու, գնդակահարելու եւ բանտարկելու գնով։ Տեսնես ինքն ո՞ւմ մօտ էր դեսպան աշխատում տարիներ շարունակ, տեսնես այդ ո՞ւմ լրատուամիջոցներն էին օրնիբուն գովերգում աներհoր իշխանութիւնը, իսկ երբ պէտք էր լրատուութիւն եւ  տեղեկատուական վերլուծութիւն մատուցել հանրութեանը՝ մարդկանց հանդէպ իշխանութեան սանձազերծած բռնութիւնների, վտարման, գաղթի, հանրային միջոցների թալանի, ծայրայեղ աղքատութեան, Արմէն Աշոտեանի վարորդի ու բեւեռացման-սեւեռացման մասին, բերանները ջուր առած աչքակապութիւն էին անում։ Հնարաւո՞ր է, որ փեսան անտեղեակ էր այդ ամէնին, ոչ լեզու ունէր, ոչ էլ գրելու ունակութիւն ու չգիտէր, թէ զանգուածային լրատուամիջոցներն ինչի համար են։

     «…Ցաւօք, ընտրուեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիօրէն տարաւ արդէն լրիւ այլ՝ քաղաքական հաշուեյարդարների եւ վրէժխնդրութեան դաշտ։ Ու յետոյ արդէն սկսուեց փակ ցիկլը։ Ակնյայտ է, որ որեւէ լուրջ պրոֆէսիոնալ չի միանայ ու չի կապի իր կեանքը վրէժխնդիր իշխանութեան հետ՝ հասկանալով, որ վրէժը վրէժ է ծնում։ Իսկ պրոֆէսիոնալների պակասից խեղդուող որեւէ իշխանութեան այլ բան չի մնում, քան գնալ նոր ռէպրեսիաների՝ իշխանութիւնը պահելու համար»։

     Ի՜նչ ահաւոր է, չէ՞։ Ո՜վ է խօսում իշխանութիւն պահելու հնարքների մասին, գիտելիքների ի՜նչ անզուգական շտեմարան, տեսնես որտեղի՞ց է իմացել, որ կարելի է իշխանութիւնը ռէպրեսիաներով պահել, վրէժ է տեսել մարդը։ Վրէ՞ժ։ Այս պարոնը կամ չի հասկանում, թէ այդ բառն ինչ է նշանակում, կամ որոշել է վերջին անգամ ծաղրել մեր բանականութիւնը։ Ուզում եմ հրաւիրել Սիցիլիա, ուր հաւանաբար չի եղել, այնտեղ թող հարցուփորձ անի, թէ վրէժն ինչ է, հազարամեայ ինչ մեթոտներ կան ու փորձի հասկանալ, թէ որքանով են այդ եղանակները համադրելի իր ընկալումների հետ։                                                                                                                                                                             

     Հետաքրքիր է, ի՞նչ էր ասելու, ի՞նչ բառ էր յօրինելու, եթէ Մարտի 1-ի զոհերի հարազատները անցած մէկ ու կէս տարում մէկ առ մէկ գնդակահարէին կամ հրապարակաւ վառէին բոլոր նրանց, ովքեր ցուցարարներին ծեծելու եւ գնդակահարելու հրաման են տուել, ովքեր ծեծել են ու գնդակահարել, ովքեր բանակ են բերել քաղաքի վրայ։

     Ի՞նչ կ’ասէր, եթէ նախկին քաղաքական բանտարկեալները գիշերով ձերբակալէին իրենց քաղբանտարկեալ սարքած քննիչներին, դատախազներին, դատաւորներին ու դրանց դաս տուողներին, ապա տանէին իրենց նկուղներում պահէին չոր հացով ու ճիճուոտ կերակուրով։

     Ի՞նչ կ’ասէր փեսան՝ Պրն. Մինասեանը, եթէ Հիւսիսային պողոտայի, Բիւզանդի, Թէղուտի իրենց տներից ծեծուած ու բռնի քշուած մարդիկ գնային այդ հարկադիրներին եւ դրանց դատաւորներին, դրանց թիկունքում կանգնած «շինարարներին» քշէին իրենց ամրոցներից ու պալատներից, կահոյքը բուլտոզերով հողին հաւասարեցնէին, բոլորին մէկ հիւղակի մէջ լցնէին, ասէին՝ դէ եոլա կը գնաք, ահա ձեր փոխհատուցման գրոշները (ղրուշները – Ն.Օ.), ձեր ապարանքների տեղում գոմ ենք սարքելու ութ յարկանի։

     Հետաքրքիր է, ի՞նչ անուն կը տային, եթէ իրենց երեխաներին դպրոցից զրկէին, դէ չզրկէին, տանէին վերաբնակեցնէին հեռաւոր գիւղերում՝ մկներով վխտացող, առանց պէտքարանի ու ջրի դպրոցում, ասէին՝ դէ սովորէք, մէկ ուսուցիչը տասնհինգ առարկայ կը դասաւանդի ձեզ, մարզանքի փոխարէն էլ կը գնաք գետնախնձոր փորելու-հաւաքելու, իսկ աւելի փոքրերին ասէին՝ այդտեղ մանկապարտէզ չկայ, դուք մեծանալու էք, չօպան դառնաք, մանկապարտէզն ինչ էք անում…

     Դա՝  երեւի համարժէք հատուցում կը համարէին։  Վրէժխնդրութիւն եւ հաշուեյարդար չէին համարի։ Իսկ հիմա, երբ այդպէս չեն վարւում հետները, ըստ իրենց դա վրէժ է։ Ինչպիսի՜ աղէկտուր ճռուողիւն, մարդը, որ կիսաքաղց մի օր անգամ չի տեսել կեանքում, կարծում է, թէ հաշուեյարդար է տեղի ունենում Հայաստանում։ Մարդ ուզում է՝ յանուն կատակի փեսային տանել Նուպարաշէն էքսկուրսի, մի գիշեր թողնել մնայ այնտեղ, որ իմանայ թէ հաշուեյարդարը որն է։ 

     «…Արդիւնքում, թէ՛ ներքին, թէ՛ արտաքին հատուածում մէկ ու կէս տարուայ ընթացքում չկայ յաջողութեան գէթ մէկ ներկայանալի պատմութիւն։ Ու չէր էլ կարող լինել. մինչեւ ծնկներն անցեալի ճահճի մէջ խրուածները երբեք թռչել չեն կարողանայ…»։

     Փաստօրէն, ստախօսութիւնը տարածւում է օդակաթիլային եղանակով։ Մեղմ ասած, անմեղսունակ պիտի լինել, չիմանալու համար, որ անցած մէկ ու կէս տարում տեղական եւ պետական իշխանութիւնների ձեւաւորման ընտրութիւնները զերծ են եղել աւանդական այլանդակութիւններից՝  ընտրակեղծիքից, ընտրակաշառքից, գործազրկութեան եւ ծեծի սպառնալիքով քուէարկութիւններից, լցոնումներից եւ այլ յարանման՝ սերժաբարոյ եւ փոռնոգրաֆիկ բաներից։ Դէ, սա ներկայանալի պատմութիւն չէ, երեւի իր համար ողբերգութիւն է։ Կարո՞ղ է փեսան տեղեակ չէ։ Կարող է։ Այդ դէպքում գրածը գրոշ չարժէ։ Իսկ եթէ տեղեակ է ու գրում է, ուրեմն իրականութեան աղճատուած ընկալում ունի։ Եթէ այդպէս է, ուրեմն մնացեալը կարդալն իմաստ չունէր։ Սակայն առաջին ու վերջին անգամ անենք այդ տհաճ բանը, կարդանք։ (Բայց այս մի կտորը յիրաւի զուլում է. «…մինչեւ ծնկներն անցեալի ճահճի մէջ խրուածները երբեք թռչել չեն կարողանայ…», տեսնես ո՞ւմ է կասկածում, լուսահոգի Զիգմունդ Ֆրոյդին գտէք, հարցնենք)։

     «…Իսկ ռէպրեսիաները չեն կարող անվերջ շարունակուել, աւելին, եթէ շարունակուեն էլ, մեծամասնութիւնը դրանց վերաբերուելու է խորը անտարբերութեամբ, որովհետեւ գալիս է պահը, երբ պէտք է խօսես շօշափելի՝ առարկայական արդիւնքից, ոչ թէ հպարտանաս կալանաւորուած նախկին նախագահների կամ այլ պաշտօնեաների քանակով…»։

     Այս մասը,  դժուար է հասկացւում, յարգելի քիմիկոսներ, այդ ինչպէ՞ս կարող են ռէպրեսիաներ լինել շարունակ ու մեծամասնութիւնը (հաւանաբար հանրութեան մեծամասնութեանն ի նկատի ունի մտքի գիգանտը) դրանց վերաբերուելու է խոր անտարբերութեամբ։ Այդ ի՞նչ խելքով է նման եզրակացութեան յանգում, դժուար է ասել։ Արժէ՞ շարունակել կարդալ այս փիլաւը։ Կարո՞ղ է իսկապէս մտածում է, թէ տանը մարդ չկայ, թէ աներհօր ժամանակներում յաջողացրել, բոլորիս ոչնչացրել են։

     «…Հաշուած ամիսներ անց հասարակութիւնն արձանագրելու է, որ «յեղափոխութիւնը» չդարձաւ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապէս լաւ ապրելու համար։ Արդէն չի դարձել։ Իսկ հասարակութեան վերջնական հիասթափութիւնը կարող է դառնալ աւելի մեծ թակարդ՝ յայտնուելու համընդհանուր անտարբերութեան մէջ եւ մէկըդմիշտ դադարել երազել։ Նոր հնարաւորութիւն կարող է այլեւս չլինել։ Դա է ամենավտանգաւորը»։

     Սա արդէն «Աստուա՜ծ իմ, ի՞նչ է լինելու…» շարքից է։ Անշուշտ, ապոկալիպսիսը թակում է մեր դռները։ Այս մարդը տեղեակ չէ, որ ամենավտանգաւորը այն էր, երբ աներհօր առջեւից յուշագրող տախտակը (teleprompter) հեռացնում էին, ականջներից ծուխ էր ելնում եւ ինչ յիմարութիւն ասես դուրս էր տալիս, զորօրինակ՝ «Եկել էք մեր տօնը փճացնէք, որ ի՞նչ անէք», կամ՝ «Տէնց էք անում, որ խիյարը թարս է բուսնում», այնուհետեւ՝ «Ինչքան ուզէք՝ էնքան խփեմ»…  եւ այլն։ Վտանգաւոր էր, որովհետեւ մարդու խօսքից ամբողջ միտքն ու մտածողութիւնն է բխում։ Ամենավտանգաւորը՝ յանցագործութեամբ պետութեան զաւթելն է, մի ամբողջ  երկիր  իշխանութեամբ ու տնտեսութեամբ զաւթելն է, եղկելի առանձնաթաղերի թերմշակումն ու թերզարգացումն է, պետական գումարները սեփական բիզնէսներով լուանալն է… ո՞ր մէկն ասեմ։ Թէ բա՝ «նոր հնարաւորութիւն կարող է այլեւս չլինել»։ Այդ սերժիկների ժամանակ էր, որ նոր հնարաւորութիւն կարող էր չլինել։ Բարեբախտաբար, նոյնիսկ բոլոր փեսաների եւ աներհայրերի համար յեղափոխութիւնը նոր հնարաւորութիւն է ստեղծել։ Առնուազն մարդկանցից ներողութիւն խնդրելու, երկրին հասցուած վնասները վերականգնելու հնարաւորութիւն հաստատ ստեղծուել է։ Հիմա նոյնիսկ կարելի է Ֆէյսպուքում հայհոյել իշխանութեանը առանց վախի, թէ իր «հերոսները» բնակարանների մուտքերի մօտ դարանակալ թաքնուած, կը յարձակուեն ու կը ծեծեն ընդդիմախօսներին, եւ կամ, տանը գտած հացի դանակի համար կը նետեն բանտերը։ Ուզում եմ ասել՝ – Չվախենա՛ս, չխեղճանա՛ս ու չնահանջե՛ս, ինչպէս տարիներ շարունակ եմ ասել հալածեալներին, պայքարի՛ր փեսայ ջան, պարքարիր եւ կը հատուցուի։ Բայց… երկու պայման շատ կարեւոր է ցանկացած գործում յաջողելու համար. մէկը՝ իրերի ու դրուածքի ճշգրիտ գնահատումն է, միւսը՝ դրա հիման վրայ զարգացումների սցենարները ճիշդ կանխատեսելն է։  Ա՛յ,  դրանց հիման վրայ,  թէ կամք ունես՝ կը յաջողես։  Ցաւօք՝ այս գրուածքի մասով ոչ մէկն է տեղում, ոչ էլ միւսը, բայց կեանքն առջեւում է, չնահանջես, մենք քեզ կը պաշտպանենք արդարութեան կռւում։ Ձեր արդարութիւնը սկսւում է մեղայականից։

     Մի իրաւունքի մասին էլ պատմեմ փեսին ու փեսիստներին, գեալմաբէխապարին ու գեալմիստներին, սերժիկին ու սերժիստներին, բազազներին ու մալեարներին, Արփիկին ու Գալուստին՝ մանաւանդ։ Դուք իրաւունք ունէք խօսել-գրել-քանդակել ինչ կը կամենաք, դուք իրաւունք ունէք իմանալու, որ այն ամէնը, ինչ կը խօսէք, կարող է օգտագործուել ձեր դէմ անկախ ձեր կամքից, այն ամէնը, ինչ կը խօսէք, կարող է ջրի երես հանել ձեր բուն էութիւնը։ Կարող էք եւ չխօսել, բայց դա եւս կարող է ձեր դէմ օգտագործուել։ Այնպէս որ, ձեզ կարող է օգնել իսկական ապաշխարանքն ու ափսոսանքը, անկեղծ զղջումն ու հրապարակային ներողութիւնը, գոնէ ժամանակաւոր հրաժարումը ինչ-ինչ զառանցական յաւակնութիւններից, վերամբարձ ամբարտաւանութիւնից, անհեթեթ գոռոզամտութիւնից։ Անցել են այն ժամանակները, երբ դուք էիք միակ ճշմարիտը, սրբութեան դարբնոցը, ակունքն իմաստութեան,  եւ ով ձեզ հետ համաձայն չէր՝ թշնամի էր, պիտի վերացուէր կամ լռեցուէր։                           Ա՛յս է պատասխանն իմ, վրէժխնդրութիւնն ու հաշուեյարդարը եթէ կ’ուզէք,  ոչինչ աւելի։

     Թէ բա՝ «Յեղափոխութիւնը Հայաստանում դեռ անխուսափելի է»։ Շա՜տ վախեցանք, սարսափեցի՜նք։ Գաղտնիք բացեմ, դեռ շատ յեղափոխութիւններ են լինելու. անպատժելիները պատժուելու են, թալանողները սովելու են, ապօրինի հարստացածները հարստահարուելու են, տարուածը ետ է բերուելու, աղքատները ունեւոր են լինելու, ճամբեքը սարքուելու են, կաշառակերները բանտ են նստելու, մարդասպանները ցմահ են բանտարկուելու… ու էլի լիքը յեղափոխութիւն է լինելու։ Մենք վախեցած պրծած ենք, մենք ռոբիկ ու սերժիկ տեսած ազգ ենք, մեզ անհնար է վախեցնել այլեւս, բայց փեսան տեղեակ չէ։

     Յեղափոխութիւնները լաւ օրից չէ, որ լինում են։ Արդար կառավարումը յեղափոխութիւններ թոյլ չտալու ամենաարդիւնաւէտ եղանակն է։ Տասնամեակներով բղաւել ենք, թէ այդպէս չի կարելի, սա երկիր պահել չէ, որ դուք էք պահում, զգուշացրել ենք, թէ ինչ է լինելու դրա վերջը, բացատրել ենք, որ յետոյ ողբալու էք, թէ վրէժխնդի՜ր են լինում, ասելու էք՝ «հրաման էինք կատարում, մենք մեղաւոր չենք…»,  բանի տեղ չէք դրել։ Բղաւել ենք, ձեզ պէս բերաններս ջուր չենք առել, որ յետոյ, երբ լափամանը տանեն առաջներիցս, ողբ կապենք, ասելով, թէ սա յեղափոխութիւն չէր, սա իշխանափոխութիւնն էր ու հաշուեյարդար։ Պարա՞պ էինք ըստ ձեզ, ուզում էինք բանտերում փտել հա՞։ Չէ, ընդամէնը ուզել ենք արդար կառավարում, որ մեր փողերը, հողերը, հանքերն ու մնացած ունեցուածքը չուտեն իշխանութիւնները, կեղծիքներով աթոռներ ու պաշտօններ գրաւած շնաձկները։ Չհասկացաք, շան տեղ չդրեցիք, ծեծեցիք ու բանտարկեցիք, քշեցիք երկրից ու սատկացրիք, եւ հիմա զարմանու՞մ էք, որ յեղափոխութիւն է եղել։ Բա կարծում էիք հաւի ձա՞գ էինք, իսկապէ՞ս յոյս ունէիք, որ մեզ ցմահ կռացած էիք պահելու, ճերմակ օձիքներով դեսպան-նախարար խաղալով, Կադիլակ ուտելով ու սեւ խաւիար քշելով, կամ հակառակը։ Բացէք եւ կարդացէք մամուլի արխիւները, պատշաճօրէն զգուշացուած էք եղել։ Այդ սերժիկներն ու ռոբիկներն էին, որ առանց զգուշացնելու էին անում, ինչ անում էին։

     Ինչ կարելի է խորհուրդ տալ նախկին դեսպաններին, նախկին նախարարներին, նախկին նախագահներին ու նախկին վարչապետին, իրենց վարորդներին, գրիչներին ու գրաքննիչներին, որ սկսել են ողբ կապել Գաբրիէլ հրեշտակապետի ճամբին։ Շատ քիչ բան։ Մի կուսակցութիւն ստեղծէք, մտէք քաղաքական պայքարի մէջ, կարող է դուք ճիշդ էք, առաջ բեւեռացուած էր, բայց դրախտ էր, հիմա վրէժ է ու անարդարութիւն։ Մտէք քաղաքականութեան մէջ, կռիւ տուէք, շահէք հանրութեան համակրանքը, հալպաթ կը յաղթէք՝ հերթական կամ արտահերթ ընտրութիւններում, կը գաք փառահեղօրէն երկիրը կը կառավարէք։ Դեկտեմբերին բոլորդ  իրար հետ միասին, հազիւ 10 տոկոս ստացաք։ Էլի բան էր։ Հիմա՝ կարող է արդէն 150 տոկոս ունէք, ու այդ դէպքում անարդար է կառավարումից զուրկ մնալը։ Փորձէք, ի՞նչ է պատահել։ Կուսակցութիւն էք փորձել գրանցել, չե՞ն թողել, փողով առե՞լ են իշխանութիւնները շատերիդ, սպառնացել են ոչնչացնե՞լ մայրումանուկով, եթէ քաղաքական պայքարի մէջ մտնէք։ Աա՜խ գուցէ զանգուածային լրատուամիջոցնե՞ր չունէք, որ հանրային քարոզ անէք, կամ էլ գուցէ փո՞ղն է քչութիւն անում, համակիրներիդ ձեռքերը քարի տակ է փաստօրէն։ Մի քանի ապրանք ծախէք՝ բոլոր կուսակցութիւնների բոլոր անդամների հաւաքական ունեցուածքից շատ փող կ’ունենաք, բա՛ւ է նվաք (տրտնջաք – Ն.Օ.)։

     Միւս խորհուրդն անհամեմատ հին է. «Չգիտէք ինչ անել, մի քիչ մտածէք, սուս մնացէք, որ լաւ մտածէք»։

 

Ձեր՝ Ազգային  անվտանգութեան  խորհրդի

գիտութիւնների կաճառի գլխաւոր անասնաբոյժ՝

ԼԵՒՈՆ  ԲԱՐՍԵՂԵԱՆ

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր