• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Դէպի Սուրբ Էջմիածին, դէպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացութիւն

13.07.2019   01:01

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Յուլիսի 4-ին ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դէպի Սուրբ Էջմիածին, դէպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացութիւնը` կազմակերպուած Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) կողմից:

Յուլիսի 4-7-ը Արցախում անցկացուելիք երիտասարդական հաւաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասէր երիտասարդներ Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր թեմերից:

Ուխտագնացութեան մեկնարկը տրուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելութեամբ, որտեղ երիտասարդները Վեհարանի առջեւ ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնն ու պատգամը:

Հանդիպումը սկսուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ եւ Կենտրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտագնացութեան ծրագիրը` տեղեկացնելով, որ աշխարհասփիւռ թեմական կառոյցներից երիտասարդները ուխտաւորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովուապետի օրհնութիւնն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:

Ուխտաւորներին ողջունեց նաեւ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը՝ ընդգծելով, որ ՀԵՀԵՄ-ը համախմբում է աշխարհասփիւռ հայկական եկեղեցիներին ու համայնքային երիտասարդական կառոյցներին, մէկտեղում հայ երիտասարդութեան ներուժը նրա ինքնազարգացման, ազգային եւ հոգեւոր արժէքների պահպանութեան նուիրական գործում:

«Հոգեւոր առաջնորդների ուղեկցութեամբ այս ուխտագնացութիւնը իւրօրինակ հոգեւոր խորհուրդ է իր մէջ պարունակում, քանի որ դուք էք աշխարհասփիւռ հայութեան երիտասարդ, կարող, գործունեայ ուժը, դուք էք, որ երիտասարդական աւիւնով եւ ակտիւութեամբ ձեր նպաստը կարող էք բերել հայկական համայնքների զարգացմանը, ձեր հասակակիցների շրջանում քրիստոնէական արժէքների տարածմանը»,- ասաց տիար Զարեհ Սինանեանը՝ վստահութիւն յայտնելով, որ համահայկական երիտասարդական այս հաւաքը կը նպաստի նաեւ նրանց առաջնորդական կարողութիւնների զարգացմանը:

Այնուհետեւ ՀԵՀԵՄ հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանն արձանագրեց, որ ներկայի մէջ երիտասարդներն անցեալը գալիքի հետ կապող ոսկէ կամուրջ են եւ այսօր եկել են վերամկրտուելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մէջ, որը հայութեան ինքնութեան արմատն է: Սրբազանը յաւելեց նաեւ, որ ուխտաւորները եկել են ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնութիւնը, որպէսզի դրանով գօտեպնդուած վերադառնան իրենց համայնքները:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախութիւն յայտնելով աշխարհասփիւռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբուած տեսնելու առիթով: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ ընդգծեց, որ ամենեւին պատահական չէր դէպի Սուրբ Էջմիածին եւ դէպի Սրբազան Արցախ ուխտագնացութեան կազմակերպումը:

«Սուրբ Էջմիածնից դուք ուղեւորուելու էք դէպի Արցախ, ինչը նոյնպէս պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամեակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգէն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին երբ մեր ժողովուրդ ոտքի էր ելել արցախեան ազատագրական պայքարի, երբ նաեւ ձեզ պէս երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կեանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զաւակների ազատ ու անկախ ապրելու իրաւունքը, եւ այս իմաստով նոյնպէս Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժէքօրէն եւ կատարեալ կերպով հնարաւորութիւն կ’ունենաք ձեր ուխտագնացութիւնն աստուածահաճոյ դարձնելու համար»,- նշեց Հայոց Հայրապետը:

Բարի երթ մաղթելով ուխտաւոր հայորդիներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը աղօթք բարձրացրեց առ Աստուած` հայցելով, որ Տէրը ունկնդիր լինի նրանց խնդրանքներին, նորոգի ու զօրացնի Արցախով եւ նրա քաջարի զաւակներով:

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր