• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Տեղի ունեցաւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի 2018-2019 ուս. տարուայ փակման արարողութիւնը

12.07.2019   23:01

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յուլիսի 3-ին, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի 2018-2019 ուսումնական տարուայ փակման հանդիսաւոր արարողութիւնը:

Միջոցառումը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեցին ՀՀ եւ Գէորգեան ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը: 

«Մեր 145-ամեայ ճեմարանում հայոց հայրապետների օրհնութեան ներքոյ մշտապէս կերտուել ու պատրաստուել են այնպիսի անհատներ, ում համար ազգն ու Եկեղեցին, դրանց առնչուող իւրաքանչիւր խնդիր դարձել է սեփական: Այսօր էլ մեր ճեմարանը շարունակում է ընթանալ բարի աւանդոյթով՝ առաջնորդելով մեր սաների մէջ ոչ թէ պաշտօն փնտռելու, այլ պաշտօն մատուցելու ցանկութիւնը արմատաւորելու սկզբունքով»,- ընդգծեց Հայր Սուրբը, մաղթելով շրջանաւարտներին իրենց իւրաքանչիւր քայլն անելուց առաջ յիշել եւ հետեւել Տէր Յիսուս Քրիստոսին նմանուելու Իր իսկ պատգամին:

Այնուհետեւ Հայր Գարեգինը ներկայացրեց անցնող ուսումնական տարուայ գործունէութիւնը` մասնաւորապէս անդրադառնալով ճեմարանականների մասնակցութեանը մշակութային տարբեր միջոցառումներին, բուհական գիտաժողովներին,  օտարերկրեայ մասնագէտների հետ հանդիպումներին, ինչպէս նաեւ Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նուիրուած հանդիսութիւններին ունեցած ելոյթներին:

Ապա երաժշտական կատարումներով հանդէս եկաւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արտաշէս Բաբուրեանի:

Հանդիսութեան ընթացքում կատարուեց նաեւ նուիրաբաշխութիւն: Նորին Սրբութիւնն ուսման մէջ բարձր առաջադիմութեան, կարգապահութեան եւ այլ արժանիքների դրսեւորման համար պարգեւներ յանձնեց տարբեր լսարանների սաներին:

Միջոցառումն ամփոփուեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով:

Ցերեկոյթը փակուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:

2018-2019 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 82 ուսանող, հաստատութիւնում դասաւանդել է 59 դասախօս: Այս տարի ճեմարանն աւարտեց 16 սան:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր