• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՊՏՈՅՏ ՄԸ ԴԷՊԻ ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻ ԾՈՎԵԶԵՐՔ

04.07.2019   23:17

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ 

ՏՂԱ՛Ք  ՈՒ ԴՈՒՔ ԱՂՋԻԿՆԵՐ

Տղա′ք եւ դուք աղջիկնե՛ր, որ հոս կ՚ապրիք քովէ քով,

Չնայելով իրարու եւ քաշուելով իրարմէ

– Հայուն պզտիկը հին Հա՛յն է միշտ վարքով ու բարքով –

Ո՛վ դուք՝ զորս կեանքը շուտով պիտի բաժնէ ու ցրուէ,

 

Կ՚արտօնեմ ես, նայեցէ՛ք, նայեցէ՛ք լա՛ւ իրարու,

Մեծ կարօտովը գիւղին, ծառին, դաշտին, բլուրին,

Որոնք տեսան ձեր ծնունդն օր մը եւ տեղ մը հեռու

Եւ որ ծածուկ՝ ձեր մէջէն հիմա մեղմիւ մերթ կ՚անցնին…

 

Նայեցէք, լա՛ւ նայեցէք եւ իրարու վրայ գտէք,

Տղաք եւ դուք աղջիկնե՛ր, ինչ որ տուաւ կեանքը ձեզ,

Ու խլեց բախտը ձեզմէ – ձեր ընտանիքն ամբողջ հէք,

 

Ձեր հայրն ու մայրն ու եղբայրն ու ձեր քոյրի՛կը նոյնպէս– ,

Ու երդուընցէ՛ք դուք, տղաք եւ աղջիկնե՛ր դուք Հայու՝

Ըլլալ յաւէտ, կեանքին մէջ, բախտին դէմ բա՛խտ իրարու:

ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

1935 Կիպրոս                                                                               

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ընթերցող, յիշո՞ւմ ես իմ մի քանի պատումները Մակարավանքի մասին, այժմ փլատակ Մակարավանք, որի վերջին իմ պատումում ասել էի, որ վերջ չկայ նրա անցեալի աստղազարդ կեանքի ու մօտիկ անցեալին նրա մարման հեւքի մասին պատմելու: Այն ոգեղէն յուշ է դարձել մարած տաճարի տղոց ու աղջիկների սրտերում: Մակարավանք, Մելգոնեան Կրթական Հաստատութեան աշակերտների ուրախութիւնն էր այնտեղ անցըրած ամառային արձակուրդները: Ամառային տաղտկալի տապից հեռու, մայրի ծառերի հովանու տակ գիրք ընթերցել, ուսուցիչների  ուսումնական յանձնարարութիւնները կատարել, արեւը գրկած պտոյտներ, լեռնագնացութիւններ բնութեան գրկում:  Վերջապէս,  աղջկանց հետ աւելի մօտիկ լինելու առիթ, մասնաւորապէս այն աղջկայ հետ, որի սիրոյ լոյսն էր   պատարագում իր հոգում: Պատանու ըղձանքի հրճուանք էր այն, իր երեւակայութեան շանթերի լոյսը պատռում նրա սիրտը, այնտեղ լցնում իր պատանեկան անմեղ սիրոյ խոյանքի կրակ, որը կենդանական աշխարհի գահին բազմած մարդ արարածի մեծագոյն պարգեւն է:  «Հայր մեր», «Հայր Արա աստուած» ձեր տիեզերական զօրութեամբ Մակարավանքին նորոգ կեանքի շունչի հռնդիւն պարգեւեցէք, նորէն ծիծաղ լինէր այնտեղ, պատանիների քրքիջ լինէր այնտեղ: Շատ տարիներ են անցել այս գիրը գրելուց առաջ, նախորդ հարիւրամեակի քառասունական տարիներին Մակարավանքի ծովեզերք պտոյտ գնացող քառասունհինգ թուականի տասներեք շրջանաւարտներից Պօղոս Լագիսեան եւ Արշալոյս Խանճեանն են արեւագալի մթնշաղի լոյսով ցօղում իրենց դէմքերը, յիշում նրանց, այս գրի լոյսը ծխացող խունկի ամպիկ լինէր նրանց շիրիմներին:      

Ուրախ  էր Մակարավանքի առաւօտը, աղմկում էին նրա բակում լարուած վրաններում հանգստացող տղաքը, վարդապետների սենեակներում հանգստացող աղջիկները: Հսկիչ Տոքթոր Մելքոն Քրիշճեանի թելադրանքով տղաք պատրաստւում էին օրուայ պտոյտի, թեթեւ հագուստ հագնում, փոխնորդ հագուստները դարսում իրենց համարակալուած փոքրիկ տոպրակներում: Այդ օրը Միջերկրական ծովի Մակարավանքի ծովեզերք պտոյտի պիտի գնային, պիտի լողանային «Հայկական Ծովածոց»-ի տաքուկ ջրերում, որտեղի ափի նաւահանգստում Մեծն Տիգրանի Վարդան ծովակալի նաւատորմիղի մարտական նաւերն էին հանգրուանել, այնտեղից Եգիպտոս արշաւելու:

Մակարավանքի առաւօտ, հսկիչ՝ Տոքթոր Մելքոն Քրիշճեանի հետ մանչերն ու աղջիկները շարքերով վանքի բակի մատուռ գալիս: Նրա խորանի երկու կողմերին  կանգնած աշակերտներից՝ երեք տասնամեակ առաջ Մուսալեռան բարձունքներում դուշմանի դէմ յաղթական մարտերից հայրենի գիւղեր վերադարձածների որդիներ էին: Թող ինձ ներուի, որ այդ աշակերտների անունները թուարկեմ, որ այն պատմութիւն լինի, հիմա նրանցից միայն ես եմ արեւագալին երեսս ցօղում նրա լոյսով: Այսպէս, Զէյթունիա աւան՝ Զաւէն Կէօքճեան, Վարդգէս Եաղուպեան (Լեռան կռուի հերոսներից Եսայի Եաղուպեանի տղան), Վաքըֆ գիւղից՝ Պօղոս Մատուռեան, Սարգիս Փենէնեան եւ հաստատութեան 1934 թուականի առաջին շրջանաւարտներից Թովմաս Գարթունեան, Եօղունօլուգ գիւղից՝ Պօղոս Լագիսեան (Մուսալեռան գիւղերի բժիշկ, Լեգէոնական կապորալ Տոքթոր Արմենակի տղան), Մարտիրոս Գուշագճեան, Հաճի Հապապլի գիւղից՝ Կարապետ Մարտիրեան, Կարապետ Վարդապետեան, Պետրոս Բլբուլեան, Պիթիաս գիւղից՝ Պարգեւ Ֆիլեան, Մարի Գասապեան, Մովսէս Շերպեթճեան: Այդ աշակերտներից դուշմանի դէմ կռիւ մղած՝ Սասունի, Շապինգարահիսարի, Վանի, Վասպուրական Շատախի, Զէյթունի, Ուրֆայի, Այնթապի, Հաճընի, Մարաշի, Չորք Մարզպանի շառաւիղներ, դուշմանին խաղի բերած ողջերի շառաւիղներն էին: Երգում էին հազար եօթ հարիւր տարիներ իրենց նոր հաւատքի խորհրդանիշ դարձած՝ «Հայր մեր»-ը, իրենց «Հայրը» մահուան ճամբաներին ոչ մի պատառ հաց տուեց նրանց, ոչ էլ  «Փրկեա ի չարէ»: Չէ՜, «Հայր մեր» երգում էին, իրենց «Հայր»-ը Արա աստուծոյ արեւի լոյսի թեւերին բազմած գնար նրա հրագունդից պատառներ պոկէր, աշխարհի մեծերի հոգիներում մարած լոյսը վառէր:

«Առաւօտ լուսոյ» Տոքթոր Մելքոն Քրիշճեանի ղեկավարութեամբ իրենց Արեւագալն էին ողջունում, հազար-հազար տարիներ արեգակը, նրա լոյսի պաշտամունքը ողջ մնաց Արմին-հայերի հոգիներում, ոչ ոք կարողացաւ այն մարել, իրենց «Հայու» աստուածն էր այն վառել իր որդի Հայկ Նահապետի սրտում: Վանքի տղաք ու աղջիկներ «Արեւագալ»-ին նուիրուած «Առաւօտ լուսոյ» շարականն էին երգում, նրա լոյսն էին վառում վանքի խորանի սկիհներում: Վանքի մանչեր, սիրուն, աղուորիկ աղջնակներ, որոնցից շատեր այն մութ ու ահաւոր օրերի զոհերի շառաւիղներ էին, որոնց արի ծնողներից անօրէն թշնամու դէմ զէնք էին ճօճել, կռւում զարկել նրան, քշել ռազմի դաշտից: Այդ աղջիկները հարս պիտի լինէին, տղաները փեսայ պիտի լինէին, արարչական իրենց ցեղին պարգեւէին գերդաստանների նահատակուածների յուշը, նրանց անուններով կոչէին իրենց ծնած մանչերին ու դուստրերին, որ նրանց լոյսը վառուէր իրենց նորոգ պատած տներում: Արեւագա՞լ, աւելի քան հարիւր յիսուն մանչեր ու աղջիկներ երգում էին «Առաւօտ լուսոյ» արեւին ու լոյսին նուիրուած երգը, որը ամէն առաւօտ իրենց ուսման տաճարի հանդիսասրահում երգում էին լոյսի փառաբանումը, «Լո՜յս», իրենց ցեղի մարդիկ նորէն գիտութեան ու արուեստների լոյսի ջահեր վառել աշխարհում: Հայ արի մարդ, ահա այն, դու էլ երգիր ամէն առաւօտ.

Առաւօտ լոյսի

Արդար արեգակ,

Ինձ վրայ լոյս ծագեցրու:

Բխումն հօրից,

Բխիր հոգուց մէջ,

Խօսք քեզ հաճելի:

Վանքի ձորն էր արեւագալի հնչիւնները կրկնում, այն արեւի լոյսի թեւերին բազմած գնում Հռոմկլա վանքի հողին հանգչած Ներսէս Շնորհալիի շիրմաքարը շոյում, Ներսէս իմաստուն ու խոհուն վարդապետ, «Արեւագալին» նուիրել չորս շարական երգեր, այլ բազում շարականներ:

Ամառային արձակուրդի հսկիչը տղաներին ու աղջիկներին կարգադրում վանքի ներքեւի դրան առաջ շարքի կանգնել: Վանքի աղբիւրի կողքի արահետով, տղաներ ու աղջիկներ առանձին խմբերով քայլում դէպի Մակարավանքի ծովեզերք: Հաստատութեան տնտեսական բաժնի պատասխանու Փիլիպոսեան, էշուն բարձած ուտելիքով, հեւտեւում նրանց: Քիչ անց տղաների ու աղջիկների խմբերից առաւել համարձակներ մօտենում իրար, ամօթից շիկնած հայեացքներով, թէ սիրոյ կրակով լեցուն աչքերով շանթում իրար… խօսել… պապանձում… ուզում ասել այն ինչ իրենց  դողացող սրտերն էին յուշում…  «սիրում եմ քեզ»: Քայլում էին: Հասել էին բլրակի տակի նեղլիկ արահետի շրջադարձին, ժամանակին գնդակ էր որոտացել այնտեղ, բլրակի թփուտի տակից վանքի պահպանութեան հսկիչ՝ զէյթունցի Ակուն Աղայի աւագ որդի Գէորգ Գիւզելեանը, հօրը մոսին հրացանով, զարկել էր արահետով անցնող էշուն նստած շրջանի յոյն կալուածատէր Հաճի Թումային: Գնդակը անցել էր նրա մարմնով, մխրճուել էշու քամակին, երկուսն էլ գետին էին տապալուել… Դէպքի պատահարին եկածներ նրանց մահն էին ազդարարել: Գէորգ վանք էր շտապել: Տեղում ժամանած ոստիկաններ, որպէս կասկածեալ Գէորգին ձերբակալել էին: Շրջանի յոյներ, նրա հարստահարումից ազատուելու համար Գէորգին դրդել էին սպաննել  Թումային, ի՞նչ պայմանով… վանքում տեղեակ չէին: Դատավարութիւն էր եղել, երեւի տեղի շահադէտ մարդկանց միջամտութեամբ ազատ էր արձակուել:

Քայլում էին, երգում, մեներգում էին առաւել գեղեցիկ ձայն ունեցող աղջիկներ, մի քանի քսանամեակներ անց էլ դեռ հոգիս ծիծաղում է, շատ յաճախ կիսաբաց աչքերս սեւեռում եմ այն օրեր, լոյսի բոցերի մէջ բռնկած վանք, լոյսի մէջ բռնկած Մելգոնեան տաճար, լոյսի մէջ բռնկած ուսումնառութեան եօթը տարիներ… լոյսի մէջ բռնկած աղջիկներ, լոյսի մէջ բռնկած «սէր»: Այդ աղուոր աղջնակներից մէկը հարս եղաւ Հայկական կամաւորական լեգէոնի կապորալ Արմենակ Լագիսեանին, նրա աւագ որդի Պօղոսի կեանքի ընկեր: Կատարեցին վանքում արած խոստովանանքը՝ իրենց մանչին դուշմանի դէմ յաղթական կռուից եկած՝ Արմենակ անունով մկրտել: Վատ բան պատահեց, հասուն տարիքից մենակ թողեց ինձ…:               

Հասել էինք վանքապատկան տարածքի Ատալիա աղբիւր, խողովակից վազում էր բազուկի հաստութեամբ ջուր: Հսկիչը հանգստի պահ էր թելադրել: Սառնորակ էր ջուրը, ծարաւել էինք, կուշտ խմել: Աղբիւրի առաջ մշակովի հողակտոր էր՝ պարտէզ, պտղատու ծառեր էին այնտեղ: Ամառ էր, թուզն էր հասունացել, կանաչ լայն տերեւների արանքներից կարմիր շրթունքներով ժպտում էին: Առանց ծառերին բարձրանալու, ցածր ճիւղերից թուզ էինք քաղում, ափերով տանում նաեւ նրան՝ ով պիտի ժպտար իրենց, նրանց ժպիտի մէջ սիրոյ երազ, ժպիտի մէջ սիրոյ կայծեր, ժպիտի մէջ կեանք:

Տ. Մելքոն Քրիշճեան աշակերտներին պատմել էր, որ այդ հողամասից այն կողմը մի հայ ընտանիքի պատկանող ընդարձակ կալուած կայ: Այն պատկանում էր Մուսալեռան Հաճի Հապապլի գիւղի Պօյաճեան ընտանիքին: Պօյաճեան՝ «Հայկական կամաւորական լեգէոն»ի մարտիկներից էր, կռուով հասել Սիս, ֆրանսական իշխանութիւնների կողմից այն կազմալուծուելուց յետոյ Կիպրոս կղզի եկել, տիրել այդ կալուածին: Հաստատութիւն էր եկել, հանդիպելու իր լեգէոնական ընկերների մանչերի հետ, նրանց պատմել իրենց լեգէոնական ծնողների հետ դուշմանի դէմ կռուի, նրանց հետ միատեղ զինուորական ծառայութեան մասին: Յետոյ պիտի իմանայինք, որ մի գիշեր յարձակուել էին նրանց կալուածի տան վրայ, նրա ներսի հետազօտութիւնից պարզել էին որ այր ու կին Պօյաճեաններ երկար դիմադրել էին, զէնք պայթեցնել նրանց վրայ, ընկճուել էին, սպաննուել: Հայաստան ներգաղթած նրանց դուստր Վարսենիկ Պօյաճեան Հայաստանի գրողների միութեան անդամ էր,  աշխատակցել «Հայրենիքի Ձայն» լրագրին, հրատարակել հետաքրքիր պատմուածքներ ու լրագրական հրապարակումներ: Պօյաճեանների գերդաստանից բազում անուանի յետնորդներ կան Լոս Անճելոսի տարբեր քաղաքներում:

Մօտեցել էինք ծովին, արեւի կապոյտն էր իջել նրա ջրերում, անուշ մեղմ կապոյտ: Ճանապարհի երկու կողմերին ծառաշատ լայն տարածքներ էին, խոշոր ծառեր, որոնց ոստերից կախուած էին երկու մատերի չափ լայն, եղջիւրանման սրճագոյն երկար տափակ պտուղներ, ինչքան յիշում եմ «գառնուպ» էին ասում նրան, է՜հ… հասունները կտրում էինք, մեղրանման հեղուկ ծորում  նրա խոռոչներից, համով էր:

Կիպրոս կղզի, հիւսիսային այդ շրջանի տարածքից 8,400 արտավար (էյքր) լայնատարած հողատարածքը Մակարավանքի սեփականութիւնն էր, որի գրաւոր վկայագրի մէկ օրինակը գտնւում է Կիպրոսի առաջնորդարանի դիւանի պահոցում: Կիպրոս, 1877-1878 թուականների  Ռուս-թրքական պատերազմում Թուրքիան պաշտպանելու խոստումով Անգլիային էին այն զիջել: Գաղութային իշխանութիւնները Մակարավանքի հողային սեփականութեան տարածքի սահմաններն էին ուզեցել ճշդել: Պատմում էին, որ իբր վանքի մի վարդապետ, իշխանութիւնների  ներկայացուցիչի հետ, մի ամբողջ օր ձիավարելով ճշդել էին վանքի կալուածի հողային սեփականութեան տարածքի սահմանները, այն հաստատուել էր նշածս սեփականատիրական վկայագրով (Տապու):

Աշակերտներ վազում էին դէպի ծով, հասել մանրիկ աւազի երեսին մարող ալեակներին, հսկիչ Մելքոն Քրիշճեան կանչել էր՝ սպասել: «Ծով է» ասել էր, «մի քանի մեթր հեռու խորանում է յատակը, լողանալ չիմացողները կարող էին խեղդուել»: Ահա մի խիճ եմ նետում, նրանից այն կողմը լողալ չեմ թոյլատրում, եկել ենք ծովեզերք պտոյտի՝ մեր մարմինները նրա ջրերով ու արեւի ճառագայթների լոյսի կրակով կոփելու:

Լողափը լայն ծովածոց էր, նրա մեղմած ալիքները փշրւում էին ափի երկայնքի մանրիկ աւազի վրայ, տղաները ալիքների անհաս մասերին նկարում էին տներ, պարտէզներ, թաց աւազով բերդեր, մարդիկ: Տներ, կորսուած տներ, փլած տներ, Լեհաստանում նկարչութեան մի մրցումին մասնակցող յիսուն հայ տղաներից բոլորը իրենց պատկերներում տուն էին նկարել, ծառեր էին նկարել՝ իրենց մեծ հայրերի պատմած յուշի ոգու պոռթկումն էր, հայ բանաստեղծն էլ ծառ էր տնկել որպէս խաչեր իր նախնիներին: Ես էլ հայրիկիս հետ Մուսալեռան մեր պարտէզում ծառ տնկել, նրանց պտուղը դուշմանն է ուտում, ե՞րբ են այդ մարդիկ «դուշման» չեն լինելու… միայն այն ատեն, երբ նրանց միտքը ուրիշի ցաւը կը զգայ, կ՛արտասուի անմեղ մարդ, մանուկ սպաննած լինելու համար, միտքը կը զարթնի արեւագալի լոյսի պէս մարդ սիրել: «Մակարավանքի ծովեզերք» էին ասում այդ տեղանքին, այդտեղ էին պտոյտի գալիս: Տղաները ու աղջիկները ծովածոցի հակադիր կողմերին էին:

Տղաք  ժամերով լողանում էին, ջրում իրար, ջրում ընկողմանում իրար, լողում մինչեւ հսկիչի սահմանած նշան, լողալ իմացողներ թաքուն խախտում այն, աւազի վրայ մարմինները արեւահարում: Զարմանալի է, բացի մարդ արարածից բոլոր կենդանիները կարողանում ջրում լողալ, տեսնէիք ձին ինչպէս սիրուն լողանում է՝ մարդն էլ իր գաւակին: Տղաք նայում աղջիկներին, նրանց ջրեր ճողբելը, նրանց փրփուրներում կարծես փերիներն էին երկնքից իջել, հրաշագեղ փերիներ, եթէ այն չես տեսնում չի նշանակում այն չկայ, եթէ հին ու նոր աստուածներին չես տեսնում, չի նշանակում նրանք չկան: Աղջիկներ, արեւի ճառագայթներին յենած կիսաբաց մարմիններն էին արեւահարում, տղաք նայում լոյսի արեւակէզ ճառագայթների մէջ նրանց ստուերացած մարմիններին, արեւից լուսացած դիցուհիներ, ջրերում ելած ջրահարսեր, բանաստեղծը արտօնել էր  նայել, նայել իրարու, իրենց հայրերի, մեծ հայրերի, հայրերի «կարօտովը գիւղին, ծառին, դաշտին, բլուրին, որոնք իրենց հոգիների լոյսով էին անցնում»: Արեւն էր իր լոյսի մէջ առել աղջիկներին, արեւացած աղջիկներ, մարմարացած սպիտակ աղջիկներ, թեւերնին վեր երկարում, կարծես ահա թռչելու էին արեւներ վար բերելու:

Տղաներ գնում աղջիկների լողափ, միջօրէի ուտելիք էր աւազի վրայ փռուած ծածկոցներին, հսկիչ Քրիշճեան հրամայում նստել: Տղաներ աշխատում նստել այնտեղ, որ իր դիմացը կը լինէր «նա», թաքուն նայէր  նրան, ընկնէր պատանեկան երազի բովեր,  իրենց մանչերի հետ սեղան նստած ծիծաղով ճաշում…  իրեն էին նայել, ամաչել էր, հացն էր ձեռքից ընկել, նայել նրա դէմքի ժպիտին, ինքն էլ էր ժպտացել…: Վերադարձել էին իրենց լողափ, նորէն վայելելու ծովի տաքուկ ջրի հեշտանքը: 

Արեւը սկսել էր իր ուղիի երթը դէպի արեւմուտք թեքել, օրը սկսել էր պաղել, հսկիչ Գրիշճեան կարգադրել էր Մակարավանք ետ դարձի պատրաստուել: Յոգնա՞ծ էին, չէ՜, նոյն հրճուանքով վերադառնում էին Մակարավանք: Այդ օրը շուտ էին քնել, ով իմանայ ի՜նչ  անուշ երազներ էին տեսել…:

Կլենտէյլ, Ապրիլ 2019                                         

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր