• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՐՁԱԿԱԳՐԻ, ԳՐԱԿԱՆԱԳԷՏԻ ԵՒ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

17.05.2019   23:43

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆ  85

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-  «Միշտ ալ եղած եմ սիրող մը` լռութեան:

Լռութի´ւն իմ առանձին պահերուս…» 

Փետրուար 22-ին լրացաւ լիբանանահայ արձակագիր եւ հրապարակագիր, Հայաստանի Գրողներու միութեան, ՀԲԸՄ-ի, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի երկարամեայ նուիրեալ անդամ Արամ Սեփեթճեանի ծննդեան 85-ամեակը։ Այս առիթով, յապաղումով կը հրատարակենք Երեւանի «Սփիւռք» գիտա-ուսումնական կեդրոնի աշխատակից Նելլի Թադէոսեանի գրութիւնը, մաղթելով Արամ Սեփեթճեանին դալար գրիչ։

ՆՈՐ ՕՐ

Օրերս իր ծննդեան 85-ամեակի հանգրուանին հասաւ լիբանանահայ ճանաչուած արձակագիր, հրապարակագիր, յայտնի խմբագիր, Հայաստանի Գրողների եւ Լրագրողների միութիւնների անդամ Արամ Սեփեթճեանը:

Վստահաբար կարող ենք ասել, որ Արամ Սեփեթճեանը այսօր եւս լիբանանահայ գրականութեան առաջմղիչ ուժերից է. ինչի վկայութիւններն են իր շուրջ տասնեակի հասնող գեղարուեստական եւ հրապարակագրական հատորները` «Կեանքի կարօտով» (Պէյրութ, 1969), «Հող եւ մորմոք» (Երեւան, 2001) պատմուածքների, «Ողջակէզ» (Պէյրութ, 1978), «Ես սեւ եմ… բայց գեղեցիկ» (Պէյրութ, 1985) վիպակների ժողովածուները: 

Դեռեւս 1964 թ. իր առաջին` «Անլոյս գիշերներ» պատմուածքների հատորով գրական ասպարէզ մուտք գործած տաղանդաւոր արձակագիրն առանձնացաւ իր իւրատեսակ ոճով, պատկերային համակարգով, գեղարուեստական ինքնատիպ մտածողութեամբ:

Ա. Սեփեթճեանի ստեղծագործական համակարգը կառուցւում է ազգային սուր հարցադրումների հիման վրայ: Գրողը չի խուսափում ցաւոտ հարցերից. նրա հերոսները ազգային տեսլականով ապրող երիտասարդներն են, ովքեր անգամ սիրոյ աւազանում չեն մոռանում իրենց ինքնութիւնը: Յիշենք «Անլոյս գիշերներ» խօսուն խորագրով հատորի հերոսներին. հայրենիքից եւ ծննդավայրից հեռու տղաների «օրերը գեղեցիկ չեն», իսկ գիշերներն անլոյս են, որովհետեւ դատապարտուած են «հոգեկան ստրկութեան»` օտար երկրների առօրեայի մէջ պիտի ընկղմուեն երիտասարդութեան օրերը, յաճախ յայտնուեն վիհի եզերքին, երազները մնան կիսակատար: «Անապատի եւ պանդուխտ տղոց» պատմութիւնն է, որ ներկայացնում է Սեփեթճեանը, եւ հնչեցնում տագնապի ահազանգը` մինչեւ ե՜րբ:  Գրողը, իրեն յատուկ անմիջականութեամբ, ցոյց է տալիս արդէն հազարամեակներ ժողովրդին կեղեքող «մահաբոյր» պանդխտութեան ողբերգականութիւնը: Արուեստագէտը, սակայն, հարցադրումներից բացի նաեւ լուծումներ է առաջարկում. «Ապրել հայրենիքի համար. Ահա՛ փրկութեան միակ ճանապարհը», գիշերները լուսաւոր դարձնելու միակ ուղին:

Նկատենք, որ տասնամեակներ են անցել գրողի  ցաւոտ հարցադրումներից, սակայն այսօր էլ դրանք չեն կորցրել իրենց արդիականութիւնը. օտար երկինքների տակ դեռեւս շարունակում է «մաշել հայ ժողովուրդը»:

Ընդգծենք, որ «անհանգիստ» խառնուածքի տէր արուեստագէտը չէր կարող անմասն մնալ նաեւ գրապատմական հարցադրումներից, եղաւ եւ կա՛յ Սփիւռքում փնտռուած հրապարակագիրներից մէկը, ով երկար տարիներ «Զարթօնք» օրաթերթում, «Շիրակ», «Կամար»,  «Խօսնակ» հանդէսներում, որը, ի դէպ, հմուտ փորձառութեամբ խմբագրել է Պէյրութում մէկուկէս տասնամեակ, շարունակել եւ նոյն աշխոյժով շարունակում է լսելի ու տեսանելի դարձնել իր մօտեցումները, գրական եւ ազգային շարժման իր ամբողջական պատկերացումները, բերում է իր սերնդի ու իր ժամանակի ձայնը։ Պատահական չէ, օրինակ, որ իր քննաբանական գրքերից մէկը կոչել է հենց «Ձայներ լռութեան մէջ» (Պէյրութ, 2014)։ 

Գրողի տեսադաշտից չի վրիպում այսօր էլ կենսական մի շարք հարցեր`Եղեռն, Հայրենիք-Սփիւռք ներհակ յարաբերութիւնները, Արցախի հիմնախնդիրները, հայրենիքից շարունակուող արտագաղթը, որը հրապարակագրի դիպուկ բնորոշմամբ` «մերօրեայ Աւարայրն է, սպիտակ արիւնահոսութիւն»:

Սեփեթճեան-հրապարակագիրը մտածութիւնների նոր ծիր է բացում, իր համոզմունքներում յաճախ ելնում աւանդականի ըմբռնումներից: Նրա համար արդէն վաղուց անհասկանալի են հայ ժողովրդի` իբրեւ զոհի բարդոյթի դրսեւորումները: Նա գնահատութիւնների ենթախորքերում սթափուելու, զգաստութեան կոչեր է հնչեցնում:

«Ժամանակայոյզ խոհեր» (Պէյրութ, 2005), «Բանաստեղծութիւնը տագնապին ընդմէջէն» (Պէյրութ, 2009), «Գրական հանդիպումներ» (Պէյրութ, 2014) գրականագիտական մեկնութիւններում արձակագիրը գնահատում է ժամանակակից գրական շարժումները, փորձում յայտնաբերել երիտասարդ սերնդի ստեղծագործողներին: «Գրական հանդիպումներ» գրքում նորովի է բացայայտւում Սեփեթճեան հետազօտողը։

Նկատենք, որ գրական հանդիպումների խաչմերուկում Սեփեթճեանի համար առանձնանում է իր սիրելի բանաստեղծ Վահան Թէքէեանը. արձակագիրը կարծես չընդհատուող երկխօսութեան մէջ է Վ. Թէքէեանի հետ։ Թէքէեան-մարդը եւ նրա թողած գրական հզօր ժառանգութիւնը իր համար իւրատեսակ ուղենիշներ են, որին նա մօտենում է «երկիւղած ու ծնրադիր»: Դա է վկայում թէկուզ նրա նախաձեռնութեամբ լոյս ընծայուած «Յիսուն քերթուած» ընտրանին (Պէյրութ, 2009), որը ժամանակին լայն արձագանգ գտաւ նաեւ Երեւանում։

Բացի Վ. Թէքէեանի շարունակական արժեւորումներից Ա. Սեփեթճեանը շահեկան վերլուծութիւններով անդրադարձել է անցեալ դարի վերջին քառորդի մայրիների երկրի ծանր օրերն ապրած եւ այդ տագնապները գրականութեան վերածած գրագէտներին` Վահէ-Վահեանին, Մուշեղ Իշխանին, Յ. Գեղարդին, Պէպօ Սիմոնեանին, Սարգիս Կիրակոսեանին, որոնք ակամայ դարձան «լիբանանեան տագնապ»ի վկայագիրները:

Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր էլ Արամ Սեփեթճեանը մնում է սփիւռքահայ գրականութեան պատնէշի վրայ: Նա աւագ գրչեղբօր իրաւունքով շարունակում է շիտակ զրոյց վարել արդի գրական խնդիրների շուրջ՝ անդրադառնալով հայրենի եւ սփիւռքեան միասնական գեղարուեստական ճանապարհի՝ երբեմն ալեկոծ, երբեմն էլ՝ հունի մէջ խաղաղ թուացող զարգացումներին։

ՆԵԼԼԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
 «ՍՓԻՒՌՔ» Գիտաուսումնական Կենտրոն 

Երեւան

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր