• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԵՆՔ Երգիծական պատում`մեր առօրեայ կեանքից

09.05.2019   14:20

Երգիծանք

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Պատմութեան գիրկն անցաւ եւս մէկ Ապրիլի1,– այսինքն` հումորի եւ ծիծաղի համաշխարհային տօնի հերթական օրը: Մենք` հայերս, յաճախ ծիծաղի եւ կատակի տօնը շփոթում ենք այնպիսի անընդունելի երեւոյթի հետ, ինչպիսին սուտ խօսելն ու սուտ գրելն է, մի խօսքով` խաբելը: Ոմանք էլ, այն համոզումն ունեն, որ Ապրիլի 1-ին որքան սուտ խօսես, գրես կամ խաբես` այնքան յաջողակ կը լինես:

   Սակայն, եկէք չմոռանանք, որ սուտը աղերս ունի բացասական եւ դրական երեւոյթների հետ: Եթէ Սերժ Սարգսեանն ասում է, որ ապրիլեան պատերազմին մենք մի քանի մետր տարածք ենք զիջել թշնամուն` կը նշանակի բացայայտ սուտ է խօսում, իսկ եթէ մօտե­նալով վիրաւոր, անյոյս վիճակում գտնուող զինուորին ասում է, թէ վերջինս շուտով կ՚ապա­քինուի`դարձեալ սուտ է խօսում, բայց այստեղ, ստի հիմքում դրական միտում կայ, եւ այդ սուտը ներելի է:

   …Եւ այսպէ՜ս, Գաբրիէլ Սունդուկեանի հերոսներ, ստելու եւ խաբելու արուեստի մէջ մեծ անուն հանած մեծագոյն վարպետներ Զամբախովն ու Զիմզիմովը լսելով մեծն Լոս Անճելըսում անուն հանած  «Խարդախների եւ ստի միութեան» մասին, իրենց մասնագի­­տու­թիւնը կատարելագործելու նպատակով, որոշեցին Թիֆլի­սից օդանաւ վերցնել ու վայրէջք կատարել Կլենտէյլի նորաբաց «Մարիոթ» հիւրանոցում:

   Հիւրանոց հասնելու ճանապարհին, Զամբախովը դիմում է Զիմզիմովին.

   – Բա վուր ասում իմ, թէ ախչիկ մարթու տալն իլ մի փեշակ է, ասում իս` չէ: Ի՜նչ ա, ախպե՜ր…, դու չգիտե՞ս, որ ամէն բան խաբիլով ա… , որ խաբում ի՜նք հա,  խաբում ինք, նստում ինք թէ վեր ենք կենում` խաբում ինք հա՜, խաբում ինք, համ խաբած ինք, համ` խաբուած ինք…

   – Դէ՜, որ էդքան բան իս իմանում, ընչի՞ ինձ քաշ տուիր էս անտէր տեղը, թէ կարող ա խաբելու նոր մեթոդներ սովրինք էդ կլուբումը,– ասաց Զիմզիմովը:

– Հլա մի փիքր արա ախպե՜ր…, էրկու հարիր տարի ա անցիլ, հիմա տեխնիկա կայ, բան կայ, բարաթ-մարաթ փոխիլը, սուտի ընտրութուն անիլը` հանց մի բաժակ սապերաւի խմես: Ընչի՞ չէ որ, միշտ էլ կարանք նոր բան սովրինք մեր արհեստի մէջ: Սուտը աշխարհքը բռնիլ ա, ուշքի արի՜…: Խաբիլը ո՞րն ա տօ՜, ինչիր իս ասո՜ւմ…. Ասած է` որ երկիր գնաս` էդ երկրի գդակը ծածկի կօսէ, աբա քիզ իմ ասում, էս քաղքումը մէկ-մէկ ինչի՜ր ին խաբո՜ւմ, մարդ կարա՞յ մի օր ապրի առանց խաբելու: Բա չիմանա՞նք սրանք ոնց են իրար խաբում: Հայաստանում էլ, գիտես չէ՞,– խաբիլուն ասում ին «իրար գցել…»:

  – Շատ իս խօսո՜ւմ Զամբախով, հէ՜ն ա, օթելն էրեւում ա, շուտով հասնիլ տինկ: Համա գիտո՞ւմ իս, որ էգուց Ապրիլի եօթն ա: Էդ օրը մերերին (մայրեր) են գովաբանում, արժի՞ որ մենք էթանք էդ կլաբը:

   – Ի՞նչ իս ասում տօ՜…, ո՞նց կարանք չեթանք, բա դու մեր չես ունեցէ…

   – Ձե՜նդ, անամօթ…, Աստուց գիտենայ, թէ ինչքան իմ սիրել մօրս…, ներիր Տէր Աստուած, ես մեղայ՜, ես մեղա՜յ…,– ասաց Զիմզիմովը եւ ձեռքերն ու գլուխը վեր պարզած` խաչակնքեց ու իջաւ մեքենայից:

   Յաջորդ օրը երեկոյեան, ծանօթ վարորդը եկաւ եւ մեր հերոսներին տարաւ Խաբեբաների միութեան կազմակերպած` Մայրերի օրուան նուիրուած ձեռնարկին:

   – Բարով էք եկել սիրելի հիւրեր,– ընդառաջ գալով մեր թիֆլիսեցիներին,– ասաց կարճահասակ, գիրուկ, պարարտ փորով, նոյնքան պարարտ յետոյքով, հարուստ բոխախով (չաղլիկ ենթակզակ), խաբշիկ յիշեցնող մի կին: Երեւի դուք մեր միու­թեան Ապրիլմէկեան յայտարարութեան անդամներից էք, այո՞…,– շարունակեց կինը:

   – Չէ՜, չէ,  քուր ջան, իսոնք հեռու տեղէն կու գան,– խօսքի մէջ մտաւ մեր հերոսների վարորդ, քոքով, պորտով լենինականցի Լենդրուշը,– էկել են, որ քիչըմ բան սովրին  ձեզնից: Ծանօթացիր քուր ջան, էս մէկը Զամբախովն ա, էն մէկելն էլ` Զիմզիմովը:

   – Սխալ օր էք եկել յարգելի պարոններ, այսօր հանդիսաւոր օր է, նշում ենք Մայրերի տօնը, խորհրդակցութեան եւ փորձի փոխանակման համար եկէք վաղը, այժմ գնանք ներս: Ես ձեզ կը տեղաւորեմ,– ասաց կինը:

   – Ո՞ւր գանք քուր ջան,– դարձեալ Լենդրուշն էր միջամտողը,– էս քոսոտ տե՞ղը…, հլա մէ անունդ ըսայ քուրս…

   – Անունս Դիանա է…, մէկ-մէկ էլ Դինա են կոչում…, բայց դուք ինչո՞ւ էք վիրաւո­րում մեզ` «Քոսոտ տեղ» անուանելով այս միջանցքը:

   – Դիանա ջան, քուրս, լաւ է, որ դուն էլ ըսիր միջանցք…, ինչղ էլ սիրո՜ւն անուն ունիս…, ըսայ խնդրեմ, բա մեր մայրերը սրան են արժանի՞…, ինչ է, դու մեր չունի՞ս…

   – Խի՞ չունիմ, մեր էլ ունիմ, հեր էլ ունիմ,– լենինականցու բարբառով փորձեց պատասխանել Դիանան:

   – Բա դո՜ւ, դու մեր չե՞ս,– հարցրեց մինչ այդ պահը դէպքերին հետեւող Զիմզիմովը:

     Այստեղ մի պահ Դիանան փորձեց խուսափել պատասխան տալուց, բայց որսալով Լենդրուշի` իրեն ուղղուած սեւեռուն հայեացքը` ստիպուած եղաւ պատասխանել թիֆ­լիսեցի մեծահարուստի հարցին.

   – Մայր եմ, այո՜…, ամուսին,  երեխաներ եւ թոռներ էլ ունեմ Հայաստանի գիւղերից

մէկում: Տասնըհինգ տարի է այստեղ եմ ապրում, առայժմ անօրէն կարգավիճակով…, բաւարարուա՞ծ էք պարոնայք,– խայթող հայեացք ուղղելով շուրջիններին` ասաց սեւազգեստ տիկինը:

    Հանդիսաւոր լռութիւն: Զամբախովը Զիմզիմովի ականջի մէջ. «Ես էլ ասում իմ, թէ էս աթարի հոտը ո՞ւրդուց ա գալի…, ըսենց մեր կուլի՜ ախպեր…, ինքը ըստեղ, ընտա­նիքը` Հայաստան…, հէ՜յ, աշխարհ, աշխարհ»:

   Մի կերպ ինքնիրեն հաւաքելով Դիանան ասաց.

   – Օրը Կիրակի է, մեզ ոչ ոք չի խանգարում, գնացող-եկող չկայ, ամբողջ շէնքում միայն մենք ենք: Ճիշդ է, փոքր է տեղը, հազիւ 10-15 աթոռ է տեղաւո­րւում…, դէ, դուք էլ պիտի որ հասկանաք, մենք նոր ենք ստեղծել «Խարդախների միութիւն»ը, դեռ նիւթական միջոցներ չունենք կարգին սրահ վարձելու համար: Եկէ՜ք, եկէք գնանք ներս, դուք կը ծանօթանաք Միութեան միւս անդամների հետ եւս: Ես` Միութեան փոխնախագահն եմ:

   – Չէ՜, չէ ախպեր, էս մեր տեղը չի Զիմզիմով ջան,– ասաց Զամբախովը եւ որպէսզի ոչ ոք չլսի, նրա ականջին փսփսաց.– Հողեր մեր գլխին, թէ որ էս ջլդիկն է (փողոցային կին) միութեան փոխնախագահը, ի՞նչ պտի սովրինք իսոնցմէ…, յետոյ` բարձրաձայն` ե՛լ, ել էրթանք…

   – Չէ՜, չէ տղերք ջան, էսպէս չի էղնի, ամօթ բան կ՚ենէք,– ասաց երկար ժամանակ լռութիւն պահած վարորդ Լենդրուշը,– քիչըմ նստինք` յետոյ կ՚ելնինք: Ձեզ պտի տանիմ  օղորմածիկ Լեովիկի ռեստորանը: Ընտեղ լաւ ասետրինա կու տան:

   Համաձայնութիւնը կնքուեց: Մեր հերոսները մի կերպ տեղաւորուեցին շէնքի մուտքի նեղլիկ միջանցքում եւ սկսեցին ուշի-ուշով հետեւել անցուդարձին:

   – Էն ո՞վ ի, որ դիփունանց մէջ տարբեր ի, փռչոտ, դոշերը բաց, փնթի, մաշած ջինսով կարճլիկ մարդը,– հարցրեց Զիմզիմովը Լենդրուշին:

   – Շատ ճիշդ էլ ըսիր վարպետ, իդոր անունը Փնթի Գրոշ է, միութեան նախագահն է: Փնթին` փնթի է, Գրոշն էլ կպցրել են, որովհետեւ կոպեկի, գրոշի մեռած մարդ է: Շատ քիպ է Դիանի հետ:

   – Իժո՜ւմ, վայ թէ…,– երկու ձեռքերի ցուցամատներն իրոր շփելով ինչ-որ բան ուզեց հասկացնել միլիոնատէրը:

– Ներող կ՚եղնիս ուստա,– հասկանալով թէ ինչ նկատի ունի դիմացինը` շարունակեց,–էդ մէգը չիդեմ, համա մենագ  կնիկ է,  առանձին  կ՚ապրի, ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս,– կ՚ըսէ ժողովուրդը: Համա որ, Գրոշի խորհրդա­տուն է` էդիկ փաստ է: Դրսէն մարդիկ կը բերեն, սուտ-մուտ ընտրութիւններ կ՚ենէն եւ ձէներ կը հաւաքին եւ աթոռ կը գրաւին:

   – Էն մէկե՞լն ով է…, քովի սեւ կոստումովը,– ուզում էր շարունակել Զիմզիմովը` նոյն վայրկեանին հնչեց հէնց այդ նոյն «կոս­տու­մովի» բարձրագոչ յոխորտանքը.

   – Է՜յ, դուք…, ով էք, ինչ էք` չգիտեմ, հերիք է խօսէք…, եթէ ձեզ հետաքրքիր չէ մեր երեկոն` դուրս եկէք սրահից:

   – Ընչի՞ կը պոռաս Ստի Մուկուչ,– ասաց Լենդրուշը,– ամօթ չէ՞…, իսոնք հիւրեր են, վայ թէ լսած էլ կ՚եղնիս Զիմզիմովի եւ Զամբախովի անունները, փոխարէն մօտենաս, բարեւըմ ըսես, բարի գալուստ ըսես, ելել յոխորտաս կը…, ամօթ է, ամօ՜թ, էսիկ քու օֆիսդ չէ, որ ուզածդ էնես:

   Տեսնելով, որ հիւրերը տեղից չեն շարժւում, Ստի Մուկուչը` ինքը մօտեցաւ նրանց.

   – Ի՜նչ է, չլսեցի՞ք, որ ես ասացի դուրս գալ սրահից…, դուք դեռ սաղ է՞ք…, ձեզ վաղուց ենք նետել պատմութեան աղբամանը: Ուզում էք, որ ոստիկա՞ն կան­չեմ: Ես իրաւա­բան եմ, կարող եմ նաեւ ձեզ դատի տալ մեր երեկոյի ընթացքը խանգարելու համար:

   – Չէ, չէ՜, պէտք չի Ստի Մուկուչ, ես հիմա Վերգոյին կը կանչեմ` նա սրանց դուրս կ՚անի,– հեռուից ձայն տուեց Դոն Պիպոն:

   Բանը, իհարկէ ձեռնամարտի չհասաւ: Մերոնք գլխահակ, լռելեայն դուրս եկան միջանցքից: Մայթին բոլորուած` երկար ժամանակ լուռ մտորում էին մեր հերոսները:

   – Էս ի՞նչ փոթորիկ էր Զիմզիմով, հլա մի փիքր արա… էս ո՞ւր ենք ընկէ,– դիմեց ընկերոջը Զամբախովը,– էդ Ստի Մուկուչը աչկիրը չորս արած` հենա-հենա աբլանդըւա (վրացերէն`կուրացնել,- Հ.Ա.) էր անելու աչկիրըս:

   – Համա, Լենդրուշ ախպեր, դուն դիփունանց գիտիս, էն ցիլինդրով մարդն ո՞վ իր,– հարցրեց Զիմզիմովը:

   – Օ՜…, էդիկ ամէնէն մենձ խաբեբան ա, գող, աւազակ, դրա համար են անունը դրէ Դոն Պիպօ: Վայ թէ գիտիք, որ Դոն Պիպոն Իտալիայի ամենայայտնի մաֆիոզներից մէկն ա: Էս միութեան մէջ ամէնը իրան են մտիկ տալի: Փող ուտելու մեծ վարպետ ա: Ձեռումը բռնես` չես կարայ հաստատի: Ինքը լաւ գիտի խաբելու ու ստի արուեստը: Իրա ձեռով իրեք միութիւն ա փուլ էկէ:

   – Ամա, դուզը որ ասիմ, խիլքըս բան չի կտրում Զամբախով, ասաց Զիմզիմովը,–սրանք ի՞նչ խաբեբայ, սուտի վարպե՜տ, չէ, չէ՜ մի…, սրանք քուչի խուժաններ են ախպե՜ր: Իսկական խաբեբան էլ նամուս, թասիբ կ՚ունենայ ու հենց ընենց, փուչ տեղը  չի խաբի ու սուտ խօսայ:

  –  Իմ խելքն էլ բան չի կտրում ախպե՜ր, ի՞նչ պտի սովրինք իսոնցմէ…,– Լենդրուշ ախպեր, տար, տա՜ր մեզ ըստեղէն, տար էդ քու ըսած Լեովիկի ռեստորանը` քիչըմ թարմանանք,– ասաց Զամբախովը:

    Լենդրուշն արդէն նախօրօք տեղեկացրել էր ռեստորանի պատասխանատուներին

սպասուելիք հիւրերի մասին: Ձեռքի հեռախօսով կապուեց նրանց հետ ու սեղան պատուիրեց երեք հոգու համար:

   Դժուար չէր հասկանալ, որ սեղանը պատրաստուած էր յատկապէս վրացահայ մեծահարուստների համար: Սեղանի վրայ էին Սացիվին, Ջոնջոլին, Խաչապուրին, Խինկալին, նշանաւոր Սուլուգունի պանիրը, եւ`սեւ խաւիարն էլ հետը, այդ ամէնին աւելացրած` Օսետրինա­յի խորովածը: Խմիչքն էլ` Ստալինի` ամբողջ կեանքում օգտա­գործած Խվանչկարա գինին:

   Այս ամէնը տեսնելով, խաբէութեան եւ ստի հայ արքաները անակնկալի եկած` միա­ձայն գոչեցին.

   – Վա՜հ, տօ՜ , էս ի՞նչ սեղան իք սարքիլ…, բա էս Խվանչկարան ո՞րդուց,– աւելացրեց Զիմզիմովը,– Ասետրինան էլ հետը…

   – Անուշ արէք պարոններ, ձեզ նման հիւրերի համար մեզ մօտ ամէն ինչ կը ճարուի,– ասաց երիտասարդ մատուցողը:

    Մինչեւ յաջորդ օրուայ առաւօտեան ժամերը տեւեց գինարբուքը, որին միացել էին նաեւ ռեստո­րանի աշխատողներն ու հրաւիրուած զուռնաչիները: Մեր հիւրերի կողմից առատօ­րէն վարձատրուեցին բոլոր ներկաները: Ռեստորանից օլոր-մոլոր դուրս գալիս, երկու հարիւրանոց թխմելով Լենդրուշի գրպանը, բառերն իրար խառնելով, Զիմզիմովն ասաց.

   – Լենդրուշ ախպե՜ր, շնորհակալ ինք  ամէն ինչի համար, համա ընչի՞ դրանք մեզ շան տեղ չդրին…

   – Հէչ մի նեղենայ մենձ ախպեր…,- իդոնք` ուսում առած խաբեբաներ են, իբր մտաւո­րականներ: Դարը փոխուած ա: Հիմա խաբելու եւ ստելու թազա միջոցներ կան: Դուք միամիտ էրեխէք էք դրանց մօտ: Վաղը ձեզ Հայաստան եմ ճամբու դնելու: Ընդեղ էլ տեսնիք կը, թէ ինչքան են խաբում ու սուտ խօսում:

   – Ընդուր ա ասած, որ խաբում ի՜նք հա,  խաբում ինք, նստում ինք թէ վեր ենք կենում` խաբում ինք հա՜, խափում ինք, համ խաբած ինք, համ` խաբուած ինք…:

   Մարդ կարա՞յ մի օր ապրի առանց խաբելու…

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր