• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայերէնի իմացութիւնը կարևորագոյն պայմանն է հայ լինելու. Ռոպէր Տէր Մերկերեան

11.01.2019   00:34

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կրթութեան ասպարէզում մեծ ծառայութիւններ մատուցելու, հայոց լեզուն ֆրանսիական միջավայրում զարգացնելու համար բանասէր, լեզուաբան, բանասիրական գիտութիւնների Դոկտոր-Փրոֆեսոր Ռոպէր Տէր Մերկերեանը վերջերս Ֆրանսիայի Կրթութեան նախարարութեան կողմից ստացել է «Ակադեմիական դափնիներ» պատուաւոր տիտղոսը և շքանշանը:

Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը Ռոպէր Տէր Մերկերեանի հետ:

 

– Օրերս լրացաւ 80-ամեակս: Երկար տարիների պատմութիւն, որի ընթացքում ունեցել եմ թէ´ ուրախութեան, թէ´ տխրութեան պահեր, զանազան հանդիպումներ, որոնցից շատերն անցել-գնացել են, որոշներն էլ դարձել են մնայուն:

Իմ կեանքում եղել է նաև մի արտակարգ հանդիպում, որն ուղի հարթեց ինձ համար: Երբ Երևանի Պետական համալսարանն աւարտելուց յետոյ ուսանում էի Ֆրանսիայի Պրովանս համալսարանում, արձանագրուած որպէս ռուսաց լեզուի ուսանող, հանդիպեցի անուանի լեզուաբան Փօլ Գարդին: Հէնց նա էլ ճանապարհ ուղենշեց ինձ համար դէպի համալսարանական միջավայր (ղեկավարեց իմ դոկտորական աշխատանքը, 5 տարի անց յանձնաժողովի անդամ էր, երբ երկրորդ գիտական աշխատանքս էի պաշտպանում): Նրա խորհրդով սկսեցի մի քանի ժամ հայերէն դասեր տալ համալսարանում: Քանի որ ուսանողները հետաքրքրուած էին առարկայով, դասընթացներն աւելի ընդգրկուն դարձան, ժամերը շատացան:

Ֆրանսիական համալսարանում, իրականում, նոր առարկայ դասաւանդելը շատ դժուար է, որովհետև պէտք է ցոյց տալ, թէ ինչ արժէք ունի այդ լեզուն, քաղաքակրթութիւնը, պատմութիւնը, որքանով այն կը հետաքրքրի ուսանողներին:

Ես կարողացայ իմ առարկան ո´չ միայն ընդունելի դարձնել, այլև տարիներ անց ինձ յաջողուեց Պրովանս համալսարանում հայոց լեզուի ամբիոն բացել, առաջին ամբիոնն ամբողջ Ֆրանսիայում, համալսարանական միջավայրում:

Տարիների ընթացքում ստացայ փրոֆեսորի կոչում, ղեկավարեցի գիտահետազօտական աշխատանքներ: Այդպէս, մօտ 40 տարի դասաւանդեցի արևելահայերէն ֆրանսիական համալսարանում:

Մինչ Պրովանս համալսարանում դասաւանդելը, հայերէնը Ֆրանսիայում ո´չ մի կարգավիճակ չունէր, անգամ որպէս փոքրամասնութեան լեզու ընդունուած չէր: Երբ սկսեցի համալսարանում աշխատել, Ֆրանսիայի Կրթութեան նախարարութիւնն ընդունեց, որ հայերէնը կարելի է նաև համարել որպէս բաքալորիայի (վերջինս Ֆրանսիայի աւարտական՝ երկրորդական դպրոցն է) քննութեան առարկայ: Յիշում եմ, 1971-72 թուականներին անգամ ֆրանսահայ մամուլը գրեց, որ առաջին անգամ թեկնածուներ կան, որոնք ներկայացնում են հայերէնը որպէս բաքալորիայի կենդանի լեզու: Առաջին տարում նրանց թիւն ընդամէնը երկուսն էր, որը տարիների ընթացքում դարձաւ 12, 22, 52 և այսպէս շարունակ: Առ այսօր այն աշակերտները, որոնք աւարտում են միջնակարգ դպրոցը՝ կարող են հայերէնը ներկայացնել որպէս առաջին օտար լեզու: Սա մեծ յաջողութիւն էր հայոց լեզուն տարածելու և ընդունելու որպէս կենդանի լեզու՝ Ֆրանսիայում գործածուող լեզուների մէջ:

Հայերէնի դասընթացը տևում է 3 տարի, շաբաթական 3 դասաժամ: Աշխատանքս հետաքրքիր էր, մեծ եռանդով էի աշխատում և փորձում էի առաւելագոյնս ներկայացնել հայերէնի արժէքները, նրա պատմութիւնը, քաղաքակրթութիւնը:

Դասաւանդման 40 տարիների ընթացքում ուսանողներ եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներից: 1988 թուականի Սպիտակի երկրաշարժից յետոյ, երբ ամէնուր խօսւում էր Հայաստանի մասին, աւելի մեծ հետաքրքրութիւն առաջացաւ հայերէնի նկատմամբ:

Ուսանողների մեծամասնութիւնը ծագումով հայեր էին, թէև այս բառն ինձ մի քիչ խրտնեցնում է: Ի՞նչ է նշանակում ծագումով հայ: Այն, որ քո հայրերը, պապերը հայ են եղել և դու ժառանգել ես նրանց ազգանունը: Ազգանունը նշում է քո պատկանելիութիւնը, բայց դա բաւական չէ ազգային պատկանելիութեան զգացում ունենալու համար: Վերջինիս համար պէտք է արժէքները իմանալ՝ լեզուական, պատմական, մշակութային: Եթէ ո´չ, ապա այն ազգային պատկանելիութիւն չի կարելի համարել: Ապրել ազգային կեանքով, մասնակցել սփիւռքում տեղի ունեցող ազգային իրադարձութիւններին. ծագումով հայերը չունեն այդ ամէնը:

Արդէն 10 տարի է՝ թոշակի եմ անցել: Համալսարանում իմ աշխատանքը շարունակում է հայ միջնադարեան ճարտարապետութեան յայտնի մասնագէտ Պատրիկ Տօնապետեանը, որը բազմաթիւ գրքերի հեղինակ է, որոնք վերաբերում են մեր միջնադարեան կոթողներին: Նա եղել է նաև իմ առաջին ուսանողներից մէկը, ե´ս եմ նրան հայոց այբուբենը սովորեցրել հեռաւոր՝ 1972 թուականին:

 

– Պարո´ն Մերկերեան, մանկավարժական գործունէութեանը զուգահեռ Դուք զբաղուել էք նաև արդի գրական հայերէնի երկու տարբերակների բառակազմական խնդիրների, բառակերտման գործընթացի ուսումնասիրութեամբ:

– Քանի որ տիրապետում եմ ե՛ւ արևելահայերէնին, ե՛ւ արևմտահայերէնին, ինձ համար հեշտ էր համեմատել արդի հայերէնի զարգացման միտումները՝ երկու լեզուաճիւղերի միջև: Այդ առիթով գրել եմ մօտ 30 յօդուած, որտեղ ուսումնասիրել եմ արևելահայերէնի օգտագործումը արևմտահայ միջավայրում և հակառակը:

Տարիների ուսումնասիրութեան ընթացքում այն մտքին եմ յանգել, որ արևելահայերէնն ուժեղ ազդեցութիւն ունի արևմտահայերէնի վրայ, անգա´մ սփիւռքում: Նկատել եմ, որ արևմտահայերէնին տիրապետող մարդիկ երբ գալիս են Հայաստան, զարմանալիօրէն շատ արագ սկսում են արևելահայերէն խօսել: Երբ, օրինակ, արևելահայ լեզուի կրողն է գալիս Ֆրանսիա, շարունակում է խօսել արևելահայերէն, այլ ո´չ թէ արևմտահայերէն:

Մի քանի տարի առաջ Երևանում կազմակերպուած Ջահուկեանական ընթերցումների ընթացքում հանդէս եկայ մի զեկոյցով, որտեղ փաստերով ներկայացրի, թէ ինչպէս է արևելահայերէնը մտնում արեւմտահայերէնի օգտագործման ոլորտ: Երբ ասում եմ արևմտահայերէնի օգտագործման ոլորտ, հասկացէ´ք, որ դրանք շատ սահմանափակ ոլորտներ են, որովհետև բոլոր մշակութային միութիւնների, կազմակերպութիւնների ժողովները կատարւում են ֆրանսերէն: Արևմտահայ փոքրամասնութեան ղեկավարներից շատերն այսօր, դժբախտաբար, չեն տիրապետում արևմտահայերէնին, ինչը դժուարեցնում է հայերէն ժողովներ անցկացնելը: Վերջերս, օրինակ, Մարսէլի Մայր տաճարում եկեղեցու տարեկան ժողովն էր: Բոլորը խօսեցին ֆրանսերէն, բացի Տէր Արամից, որը եկեղեցու հոգևոր հովիւն է:

1991-92 թուականներին հիմնադրեցի արևմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհուրդը, որն իր գործունէութիւնը շարունակեց մօտ 10 տարի: Վերջինս հիմնականում զբաղւում էր ուղեցոյցներ հրատարակելով: Հրատարակեցինք 4 ուղեցոյց, որոնցից իւրաքանչիւրը պարունակում էր տարբեր ոլորտներին պատկանող բառապաշար: Ուղեցոյցները բաւականին յաջողութիւն ունեցան:

 

– Հայերէնին նուիրուած ուսումնասիրութիւններին զուգահեռ Դուք նաև ինքնութեանը վերաբերող աշխատութիւն էք հրատարակել:

– Երկու տարի առաջ հրատարակեցի «Հայոց ինքնութեան 12 սիւները» ֆրանսերէն աշխատութիւնը: Երկար մտածելուց, որոնումներից յետոյ եկայ այն եզրայանգման, որ մեր պատմութեան ընթացքում տեղի ունեցած միայն 12 կարևոր իրադարձութիւններ, մարդիկ են, որոնք կազմում են հայոց ինքնութեան յենասիւները:

Գիրքը մեծ յաջողութիւն ունեցաւ: Իրականում, երբ հայ գրականութեանը, պատմութեանը վերաբերող գրքեր են հրատարակւում, շատ քիչ են վաճառւում: Նախ հայ համայնքն այնքան էլ ընթերցող չի, միւս կողմից ֆրանսիացիներին այնքան էլ չեն հետաքրքրում այդ հարցերը: 1000-ից աւելի գիրք վաճառուեց, հրատարակիչն անգամ կատակով ասաց, թէ՝ քո գրքի շնորհիւ միայն սկսեցի դրամ շահել:

Կարծում եմ, որ աշխատութիւնում ներառուած իւրաքանչիւր սիւն համապատասխանում է համայն հայութեան արժէքներին, որտեղ էլ նա գտնուի: Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ, Աւարայրի ճակատամարտ, լեզու՝ որպէս հայ ինքնութեան խորհրդանիշ, կրօնք, Հայոց Ցեղասպանութիւն, Սայեաթ-Նովա, Կոմիտաս, Սարդարապատի ճակատամարտ և Առաջին Հանրապետութեան հիմնադրում և այլ կարևոր դէպքեր ու դէմքեր:

Շատ օգտակար գիրք է յատկապէ´ս ֆրանսահայ երիտասարդի համար, որպէսզի իմանայ՝ ինչի վրայ է հիմնուած հայոց ինքնութեան սիւնը, ինչ է նշանակում հայ լինել: Յատկապէս, որ այդ հարցը յաճախ են տալիս Ֆրանսիայում՝ ի՞նչ է նշանակում հայ լինելը, ո՞վ է հայ, ո՞վ՝ ոչ, հայերէն չիմացողը կարո՞ղ է իրեն հայ համարել և այլն:

 

– Լեզուն՝ որպէս հայ ինքնութեան խորհրդանիշ (ինչպէս ինքներդ նշեցիք), որքանո՞վ է կարևոր ինքնութեան պահպանման համար:

– Մայրենիի իմացութիւնն անհրաժեշտութիւն է: Այն մարդիկ, որոնք համայնքում զբաղւում են ակտիւ գործունէութեամբ, բայց հայերէն չգիտեն՝ կաղ են (գուցէ խօսքերս մի քիչ խիստ են հնչում), չունեն մուտք դէպի հայոց քաղաքակրթութիւն: Երբ Սայեաթ-Նովա են լսում, ոչինչ չեն հասկանում, չեն զգացւում: Իմ կարծիքով հայերէն իմացութիւնը կարևորագոյն պայմաններից մէկն է իրեն հայ զգալու համար:

Չեմ կարող ասել, որ հայերէն չիմացողը հայ չի, բայց ինձ թւում է, որ հայերէնի իմացութիւնն ամենամեծ, ամենաանհրաժեշտ պայմանն է հայ լինելու:

 

– Պարո´ն Մերկերեան, կրթութեան ասպարէզում մեծ ծառայութիւններ մատուցելու համար աշնանը պարգևատրուել էք Ֆրանսիայի պետութեան կողմից: Նախ շնորհաւորում ենք պատուաւոր տիտղոսի առիթով և ցանկանում՝ մի փոքր մանրամասնութիւններ ներկայացնել:

– Շնորհակալութի´ւն: Պարգևը, որը ստացել եմ, կոչւում է «Ակադեմիական դափնիներ»: Ֆրանսիայի կրթութեան և գիտութեան նախարարութեան կողմից տրւում է այն մարդկանց, որոնք մեծ ծառայութիւններ են մատուցել կրթութեան ասպարէզում:

Ինքս այդ կոչմանն եմ արժանացել մանկավարժական գործունէութեան, հայոց լեզուն ֆրանսիական, համալսարանական միջավայրում զարգացնելու համար:

Հետաքրքիր է, որ արարողութեան ընթացքում կրծքանշանը քեզ յանձնում է այն մարդը, որն արդէն ունի այդ պարգևը: Յուրախութիւն ինձ, պարգևն ինձ յանձնեց Պրովանս համալսարանի նախկին ռեկտորներից մէկը, ծագումով հայ Փօլ Կաֆթանջեանը, որի հետ ճանապարհորդել ենք Հայաստան դեռ 1994 թուականին, երբ Պրովանս համալսարանի և ԵՊՀ-ի միջև ստորագրուեց փոխհամագործակցութեան յուշագիր, ինչի շնորհիւ առ այսօր պահպանւում են կապերը երկու երկրների համալսարանների միջև:

 

– Ասացիք, որ մանկավարժական գործունէութեան ընթացքում փորձել էք Ձեր ուսանողներին փոխանցել հայերէնի արժէքները: Ձեր կարծիքով ո՞րն է հայոց լեզուի ամենամեծ արժէքը:

– Ես 5 լեզու գիտեմ, ինչն էլ օգնում է, որպէսզի արժևորեմ իմ մայրենին՝ հայերէնը, ինչպէս այն արժևորել են շատ յայտնի լեզուաբաններ, օրինակ՝ Անտուան Մէյէն:

Հայերէնը նուրբ լեզու է, հայախօս մարդիկ շատ հեշտութեամբ են արտասանում այլ լեզուների հնչիւնները, որովհետև հայերէնը շատ հարուստ հնչիւնական համակարգ ունի: Երբ որևէ հայ խօսում է անգլերէն, արաբերէն կամ ռուսերէն, նրա օտար լինելն աւելի քիչ է զգացւում, որովհետև նա վարժուած է այդ լեզուներին բնորոշ բոլոր հնչիւններին: Բառապաշարի հարստութիւնը ևս իր տեղն ունի:

Ինքս ինձ յաճախ եմ հարց տալիս՝ ինչպէ՞ս բացատրել, որ հայ ազգը գոյատևել է 2000-2500 տարի: Մեր տարածաշրջանում ապրող քանի-քանի ազգեր այսօր միայն պատմութեան դասագրքերի մէջ են մնացել, իսկ մենք՝ կորցրել ենք պետականութիւն, փոթորիկների միջով ենք անցել, սակայն շարունակում ենք ապրել:

Ո՞րն է պատճառը, որ շատ ազգեր ու պետութիւններ փորձել են նուաճել, ենթարկել իրենց, բայց մենք մնացել ենք: Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է. հայ ազգի իւրայատուկ յատկութիւններից է փոխանցումը, ազգային աւանդութիւնները, լեգենդները, յիշողութիւնը մի սերնդից միւսը փոխանցելը, ինչը և փրկել է մեր ժողովրդին ձուլուելուց: Իմ ուսանողներին յաճախ էի «Սասուցի Դաւիթ» էպոսի օրինակը բերում. մօտ 1000 տարի բանաւոր փոխանցուելուց յետոյ Սրուանձտեանցը գրի է առել այն միայն 1873 թուականին:

Երկրորդ արժէքը կրօնն է, եթէ չընդունէինք քրիստոնէութիւն, դժուար է ասել՝ հիմա ուր կը լինէինք: Կղզու նման է ապրել մեր ազգը՝ շարունակելով պայքարել, պահպանել իր ինքնութիւնը:

Այսօր էլ է այդպէս, պայքարում ենք Հայաստանի Հանրապետութեան պահպանման, զարգացման համար: Հայ ժողովրդի ճակատագիրն անընդհատ, սերնդէ սերունդ պայքարելն է. պայքարել իր ինքնութեան համար, պաշտպանել իր արժէքները՝ լեզուական, պատմական, մշակութային, որպէսզի կարողանանք ապրել և յաջորդ սերունդներին փոխանցել մեր արժէքները:

 

– Պարո´ն Մերկերեան, այժմ ի՞նչ աշխատանքով էք զբաղուած:

– Նախաձեռնել եմ մի աշխատութիւն, որի թեման, մտահոգութիւնը հայկական սփիւռքի կեանքն ու նրա յարատևութեան պայմանները ուսումնասիրելն է: Այն սփիւռքների, որոնք ժամանակին բաւականին զարգացած են եղել, սակայն տարիների ընթացքում մարել են, կորչել: Իմ ապագայ գրքում ցանկանում եմ ներկայացնել այդ համայնքների (Եթովպիա, Հնդկաստան, Ղրիմ, Լեհաստան, Նոր Ջուղա) պատմութիւնը՝ կազմաւորումը դարեր առաջ, զարգացման փուլերը և դանդաղ կազմալուծումը: Տարբեր գաղութների քայքայման, գրեթէ անհետացման պատճառները տարբեր են, տեղում մնում են միայն ժամանակին կառուցուած եկեղեցիները, մատուռներն ու որոշ յուշարձաններ:

Օրինակ՝ լաւ կազմակերպուած համայնքներ ենք ունեցել Եթովպիայում, Հնդկաստանում, Ղրիմում, Լեհաստանում, Նոր Ջուղայում, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում մարել են կամ թուլացել: Եթովպիայում, օրինակ, 2,500 հայ է ապրել, այսօր մնացել է միայն 40-ը: Լեհաստանում բոլորովին վերջերս տօնում էին հայերի ներկայութեան 650-ամեակը, իսկ այսօր այդ երկրում գրեթէ հայ չի մնացել:

Անգամ այսօրուայ ամենահզօր սփիւռքները, գուցէ, յետագայում մարեն: Իսկ պատճառները շատ են՝ խառն ամուսնութիւններ, լեզուի նահանջ և այլն: Ի վերջոյ, սփիւռքի կեանքը կախում ունի նաև տեղական, ընդունող երկրի վերաբերմունքից:

Ինչքան էլ դժուար է, բայց պիտի խոստովանենք, որ սփիւռքը կամ սփիւռքները յաւիտենական չեն և որքան շատ մերուեն տեղական հասարակութեան մէջ, այնքան կորցնելու շանսերը մեծ են: Ասել է թէ՝ սփիւռքը յարատև չի, նրա ապագան վտանգի տակ է:

Իմ գրքում փորձում եմ հայկական սփիւռքի 5 օրինակ ցոյց տալ, երբ երբեմնի ծաղկուն համայնքներից այսօր մնացել են միայն եկեղեցիները:

 

Զրոյցը վարեց՝
ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր