• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԶԱՆԳԵԶՈՒՐ

11.01.2019   00:36

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ամրանը, Զանգեզուրի անտառները բնութեան պարգեւած բարիքներով էին առլցուն՝ խնձոր, սալոր, զկեր, հոն, մոշ, մարգագետնի խոտերի մէջ թաքնուած անուշահամ ու բուրաւէտ մորի, այո, նրա նմանը չիք աշխարհում, մանաւանդ տանձ, համեղ վայրի տանձ: Հարուստ էր Զանգեզուրի կենդանական աշխարհը՝ արջ, այծեամ, մուֆլոն (հայկական ոչխար), քարայծ, եղնիկ, նապաստակ: Արջերը գիշերներին մեր բանջարանոց «այցելում»: Հայրս, մի իրիկուն մեր բանջարանոց գնացել, յանկարծ հրացանի կրակոցներ, շտապել էի այնտեղ… հայրս էր կրակել բանջարանոց եկած արջի վրայ, բարեբախտաբար վիրաւոր արջը փախել էր, չէր յանդգնել յարձակուել կրակողի վրայ: Արարայի լերան բարձունքի թուրքի խրամատները փլած հայկական կամաւորական լեգէոնի կապորալ Արմենակը պատրաստ էր նաեւ մենամարտելու վիրաւոր գազանի հետ: Բանուորական աւանի որսորդների հետ գիշերով,  ցերեկով արջի ու նապաստակի որսի գնացել: Նապաստակ որսացել եմ: Սակայն, անփորձ, ջահէլ որսորդս բախտաւոր եղել արջի չհանդիպել: Ձմեռ էր, ձիւնը ծածկել էր Զանգեզուրի դաշտերն ու լեռները, նրա սպիտակ քօղի տակ նորաբոյս ցորեանի ծիլերն էին քուն մտել: Բանաւանի որսորդ Արտաշ առաջարկել էր գիշերը իրենց հետ Մազրայի դաշտում նապաստակի որսի գնալ: Պարզկայ ցուրտ գիշեր էր, լուսինը իր կաթնաթիւր երեսի լոյսն էր շաղում դաշտի վրայ, կարծես ցերեկ լինէր: Իրարից հեռու կանգնած՝ հսկում առանձին տեղանքներ, երկար հսկեցի, նապաստակ չերեւաց: Հեռու էի միւսներից, վտանգաւոր էր մենակ լինելը, երկու կրակոց արձակեցի, մօտեցան, ասացի հեռու նապաստակ երեւաց, կրակեցի, վրիպել էի: Առաջարկեցի վերադառնալ:  Զարմանահրաշ պատմութիւններ էին պատմում: Խմբային որսորդութեան ատեն ընկերները նկատել էին, իրենց որսընկերոջ դիմաց արջ կանգնած, մի քանի քայլ ետ գնացել, նորէն մօտեցել, թքել նրա երեսին, այդպէս էլ երեք անգամներ, որսընկերները կրակել էին հեռացող  արջի ուղղութեամբ՝ չէին կարողացել խոցել: Մօտեցել էին որսորդին… վախից պապանձուած եղել,  նրան տարել էին հայրենի Բարձրաւան գիւղ, խնճոյք կազմակերպել, թմբուկ զարկել, որսորդը հազիւ էր սկսել կցկտուր խօսել:

Պիթլիսցի Ղարաօղլանեան  ծնողների զաւակ իմաստուն հայ հսկայ Սարոյեանը մի հաւաքի առիթով գոռացել էր՝ «Ուր որ ըլլաս, Հայաստան պոռայ»: Շատ հեռու էի նետուել իմ ծննդավայր Մուսա լերան շէնից: Հոգուս արթնած խօսքով՝ գրում եմ Զանգեզուր աշխարհում իմ կեցութեան ընթացքում կեանքիս երջանիկ մի հատուածի մասին, բազմանդամ ծնողներիս հետ Զանգեզուրի այդ լեռնաշխարհում ապրած մի քանի տարիների յուշերից պատառիկներ, մասամբ հաղորդակից դարձնել նաեւ այդ լեռնաստանի վեհութեանը, նրա լեռնական մարդկանց վեհանձնութեանը:

Գորիս քաղաքում դեռեւս պահպանուել էր այն տունը, որտեղ իջեւանել էր քաջերի-քաջ, առասպելական դիւցազուն Անդրանիկ փաշան: Վանաձորի մատոյցներից՝ երեսուն հազար գաղթական հայերին, իր զօրախմբի պաշտպանութեամբ բերել Զանգեզուր:  Այդ տան պատշգամբից, բոցաշունչ զօրավարը հայրենաշունչ խօսքով ալեկոծել զանգեզուրցիների սրտերը, զօրակոչի խօսք ուղղել զանգեզուրցիներին, նրանց ու իր զօրամասի հետ արշաւելու դէպի Արցախ, այդ երկրամասը ազատագրելու ազերի-թուրք հրոսակներից: Գորիս, քրոջս այցելութեան ատեն բարձրացել այդ պատշգամբ, երեւակայութեանս պաստառին տեսել սպիտակ ձիուն հեծած գրոհի գնացող Փաշային, ունկնդրել քաջի խօսքը:

Անդրանիկ, իր զօրամասի ու Զանգեզուրի զինեալների հետ արշաւել Արցախ, ազատագրել Շուշի ամրոցը, իր յաղթանակի երթին ընդառաջ ելել Բաքուն զաւթած անգլիացի զօրավար Թոմսոնի պատուիրակները: Անդրանիկին  տեղեկացրել էին, որ պատերազմը արդէն վերջացել, ինչու էր կռուի ելել դաշնակիցների դէմ: Անդրանիկ թուրքին երբեք չէր հաւատացել, սակայն հաւատաց դաշնակից զինուորի խօսքին, դադարեցրեց զինուորական արշաւը, վերադարձաւ Գորիս: Ափսո՜ս, նորէն խաբում էին Արմին-հայերին:

Գորիսում, անգլիացիների հետ ժողովի նստել բանակցութիւնների սեղանին Ռուսաստանի դրօշակն էր: Նրանց այն հարցումին, թէ ինք որ կողմին էր ներկայացնում, յանդուգն խօսքով պատասխանել՝ «Ռուսաստանին, Կովկասի լեռներից հարաւը Ռուսաստանն է նուաճել, երկար տարիներ տիրել նրան, նա ամպայման կը վերադառնար»: Զանգեզուրի արի մարդիկ քաջին վայել տօնախմբութիւններով ճանապարհել Անդրանիկին ու իր զօրախումբին, անկախ հռչակուած Հայաստան գնում, վեց հարիւր տարիների դադարից յետոյ լուսահեղեղ կանթեղ էր վառւում Արայի Լեռ  Արագածի քառագագաթին:

Սեւ հոգիները կարմրած թաթարները, կարմիր զինուորների հետ ծրագրել էին տիրել Զանգեզուրին: Դարձեալ կռիւ, Զանգեզուրի զաւակ, հայրենաշունչ քաջազուն Գարեգին Նժդեհ, Բարգուշատի ու Խուստուփի բարձունքներից հրաշունչ մրրիկով հողմահան արել նրանց, Գորիս մայրաքաղաքով «Լեռնահայաստան» անունով պետութիւն ստեղծել: Մինչեւ որ խորհրդայնացած Հայաստանի պետութիւնը չյայտարարել իր գերիշխանութիւնը Զանգեզուրի վրայ եւ այն իր տարածքի ամբողջականութեան մաս չհամարէին, չէին դադարեցնելու իրենց ազատատենչ պայքարը, չէին լուծարի «Լեռնահայաստան» պետութիւնը: Իրենց հիմա թուրք համարած կովկասեան թաթարները յայտարարում են,  խորհրդային իշխանութիւնն էր պատճառ հանդիսացել Զանգեզուր գաւառը օտարելուն: Ափսոս որ Սիւնիք  աշխարհին մի մասնիկ Գողթան գաւառն էլ միացրած չէին եղել «Լեռնահայաստանին»: Խորհրդային բեմադրիչներ՝ «Զանգեզուր» շարժանկարն էին բեմականացրել, ծաղրել զանգեզուրցիների պայքարը, ուրախ բացագանչութիւններով դիմաւորել կռւում կարմիր թաթարի զարկից հայ մարտիկի ու սպայի հրացանազարկուելը:

Դժբախտութիւն եմ ունեցել 1949 թուականի Յունիս ամսուայ վերջին ականատեսը լինելու Զանգեզուրի հայերի ցուրտ երկիր աքսորին: Աշխատանքի բերումով Ղափան էի գնում, ճանապարհին աքսորականների բեռնատարերի շարասիւններ, նրանց թափքերին վարսերը գզգզուած կանայք, խելակորոյս դէմքերով տղամարդիկ, իրենց մայրերին կծկուած սարսափահար եղած մանուկներ, «Տուն եմ ուզում» աղիաղորմ կանչով մանուկներ: Ղափանի երկաթուղու կայարան, վշտահար ամբոխ, որի տեսարանին ականատես լինելու համար առիւծի սիրտ պիտի ունենայիր:  Նախկին դատաւոր մի կին, որը շատ «Արդար դատելու» համար հասուն տարիքին, մեղայ քեզ… տեսողութիւնից զրկուել էր,  պատմում էր, որ աքսորից կարճ ժամանակ անց հանրապետութեան դատախազը ընդհանուր ժողովի ատեն յայտարարել, որ այդ աքսորը ինքը համարել էր ոչ արդարացուած ու ոչ էլ օրինական: Սակայն, ինքն այն կատարել էր ի պաշտօնէ, այդ ապօրէն արարքի համար ինքնակամ պաշտօնանկութիւն էր յայտարարել, մեկնել Հայաստանից: Այդ տղամարդը դատախազ Յովհաննիսեանն է եղել, ահա քեզ այդ ժամանակների հազուագիւտ առիւծասիրտ հայկազուն այր, ըստ նախկին դատաւոր կնոջ պատմածի, նորէն պաշտօնի էին կոչել նրան:                                                           

Սիւնեաց աշխարհը  եղել էր կապոյտ ակներով Գեղամայ-Սեւանայ ծովից մինչեւ Արաքսի ու Կուր գետի ափեր՝ Ուտիք, Արցախ աշխարհ, Զանգեզուր գաւառ, տիեզերական աստուածների հետ հաղորդակցած բանաստեղծ-երգիչների Գողթան գաւառ, որտեղ օտարազգի մի պարթեւ ոչ միայն լռեցրեց բնութեան փառաբանման նրանց երգերը, այլ նաեւ մարեց նրանց արմենական հանճարներից յորդած մագաղաթների լոյսը: Արմին-հայ արի մարդկանց աշխարհի թագաւորութեան անկումից յետոյ՝ նոր թագաւորութիւններ էին հիմնադրուել Սիւնեաց աշխարհում: Կուր ու Արաքս գետերի միջեւ տարածքին թագաւորել էին Սիւնեաց աշխարհի Սիսական նահապետի ժառանգներից՝ Առանշահիկները, որտեղ, ըստ յոյն պատմաբան Ստրաբոնի, նոր թուարկութեան սկզբին արդէն ամբողջութեամբ բնակեցուած եղել հայախօս Արմին-Հայ բնակչութեամբ: Նման մի «խօսուն» եզրակացութիւն յայտնել նաեւ Ռուսաստանի պատմութեան կաճառի ակադեմիկոս՝ Զախարով, ուղղուած նախագահ Կորպաչովին, ի պատասխան Արմին-Հայ պատմաբան՝ Մարտիրոս Գաւուքճեանի հարցումին:

Հրճուանքով ու զուարթ հոգով վերապրում եմ Զանգեզուր աշխարհում կեցութեան յուշերս: Շուռնուխի աւանից բացի եղել եմ նրա շէներում, որտեղից հասել են ինձ Դաւիթ Բէկի, Մխիթար Սպարապետի, Տէր Աւետիքի, Արցախի մելիքների խոյեանքների արձագանգները: Առասպելական Շաքի, նրա ջրերում լողացող մերկ աղջիկը, ի տես մի անցորդի, ամօթխածութիւնից սահել էր բարձունքից, իր երկար վարսերից ջուրը հոսել, վերածուել փրփրակէզ արեւափայլ ջրվէժի: Օսմանցի թուրքեր հասել Զանգեզուր, որոնց դէմ մարտի ելած լեռնականներ ու Դաւիթ Բէկի քաջազուն մարտիկներ վռնտել նրանց: Արցախ աշխարհի Գիւլստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդի, Դիզակի մելիքներ նաեւ յաղթական կռիւներ մղել իրենց աշխարհ հասած թուրք աւազակների դէմ: Պարսից Շահը նրանց յորջորջել՝ «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»: Կանգնել եմ այդ աշխարհի աւերակ բերդերի փլած որմերի առաջ, կարծես ես էլ մարտի նետուած լինէի թշնամու դէմ, զէնքի շաչիւններով, պատեանից հանած սուրով հալածել թշնամուն: Եթէ լինէիք աւերուած Բաղաբերդի հրապարակում, պիտի տեսնէիք երկնի կապոյտին գնացող կրակի ու ծուխի գալարներ, գիր ու թուղթ չտեսած թուրքը այրում էր արմին-հայերի մտքի ու հոգու տաճարներից ճառագած տասը հազար մագաղաթներին գրուած մատեանների լոյսը: Խորհուրդների կարմիր երկրին մայրամուտ տանող խիզախ մարդիկ նորէն մարտի ելան, վռնտեցին թաթարներին, խորտակեցին Խորհրդային երկրի  գծած սահմանները, Զանգեզուրը հասաւ իր ջրապատնէշ քայլամոլոր անցնող Մայր Արաքսին, իրենց զէնքերը պաղեցրին նրա ջրերում…  քրտնած մարմինները հովացրին:

Շար. 3 եւ վերջ

Կլենտէյլ, Հոկտեմբեր 2018                                      

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր