• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հրանուշ Յակոբեանի Ամփոփիչ Հարցազրոյցը՝ Սփիւռքի Նախարարի Պաշտօնին Վրայ 10-Ամեայ Գործունէութեան Վերաբերեա – 10 Տարի՝ Յստակ Առաքելութեամբ Ու Արդիւնաւէտ Աշխատանքով

11.05.2018   16:17

10 տարի առաջ ստեղծուեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւնը: Համայն հայութեան համար  այս կառոյցի հիմնումը դարձաւ Սփիւռքի բացառիկ նորովի վերարժեւորման եւ վերաիմաստաւորման հնարաւորութիւն: Այլեւս որոշուեց ու արձանագրուեց՝ հայ ժողովրդի նուաճումներն ու յաղթանակները պիտի կերտենք ու պիտի տօնենք միասին, պիտի հիւսենք մեր սրտերն ու հոգիներն իրար, եւ երկնային խորհրդի ուժով նոր գաղափարներով ստեղծենք մե՛ր երրորդութիւնը՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք: Գնալ երազած Հայաստանի ճանապարհով՝ չներգրաւելով այնտեղ Սփիւռքի մեր հայրենակիցների ջանքերն ու աւանդը, ասել է՝ թէ երկարաձգել յաղթական տապանին հասնելու ժամանակն ու տարածութիւնը: Ահա այս գիտակցութեամբ ու առաքելութեամբ ստեղծուեց Սփիւռքի նախարարութիւնը, ու այսօր ամփոփելով տասնամեայ պատմութիւնը՝ կարող ենք ասել՝ արդարացուած գոյութիւն, տքնաջան աշխատանք Հայաստանում եւ Սփիւռքում, ամուր գործակցութիւն եւ հզօր կապեր: Հայրենիքում իւրաքանչիւր սփիւռքահայի տունը դարձած այս կառոյցը, որ շունչ ու կեանք է ստանում իր բանիմաց աշխատակիցներով, ամէն օր գալիս է ասելու. այո՛,  Հայաստանը բոլորովի այլ է առանց Սփիւռքի եւ միանգամայն այլ, աւելի պայծառ, ուժեղ, երիտասարդ ու խելացի՝ իր Սփիւռքով:

Ամէն օր իւրաքանչիւր սփիւռքահային դիմաւորելիս՝ այստեղ կարելի է լսել հետեւեալ խօսքերը. «Բարո՛վ էք եկել Ձեր տուն»: Իսկ տասը տարի շարունակ տուն-նախարարութիւնում այս բառերը, անկասկած, ամէնից յաճախ ասել է կառոյցի հիմնադիրներից ու նուիրեալներից մէկն ու առաջինը՝ Հրանուշ Յակոբեանը:

  • Տիկի՛ն Յակոբեան, ասում են՝ Սփիւռքը Հայաստանի շունչն է ամբողջ աշխարհում, իսկ Հայրենիքն էլ Սփիւռքի զգայուն, մեծ, առողջ սիրտն է: Սփիւռքի նախարարութեան շնորհիւ սիրտն ու ոգին նորովի կապուեցին իրար: Մի պահ հետ նայելով՝ ի՞նչ կարող էք արձանագրել հիմա՝ նախարարութեան ստեղծումից մէկ տասնամեակ յետոյ: Ինչպէ՞ս դրուեցին նախարարութեան առաջին «քարերն», ու ի՞նչ սկզբունք որդեգրուեց հետագայ աշխատանքի համար:

– Այո՛, 2008 թուականից մինչ այսօր Հայաստան-Սփիւռք գործակցութեան նոր փուլ արձանագրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումով, Հանրապետութեան երրորդ նախագահի որոշմամբ: Սփիւռքի նախարարութիւնը մշակեց Հայկական սփիւռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականութիւնը, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգ եւ ռազմավարական ծրագիր, որոնք յաջողութեամբ իրագործուում են Սփիւռքի համապատասխան կառոյցների եւ կազմակերպութիւնների աջակցութեան, մասնակցութեան եւ համախմբման արդիւնքում: Առանց Սփիւռքի կառոյցների համաձայնութեան եւ գործակցութեան անհնար կը լինէր նախարարութեան գործունէութիւնն ու նոր ծրագրերի իրականացումը: Ինչպէս ընդունուած է ասել՝ ծափ տալու համար երկու ձեռք է պէտք: Այսօր բոլորովին նոր որակ, նոր ձեւեր եւ մօտեցումներ է որդեգրել Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը:

Նախարարութիւնն ի սկզբանէ իր առջեւ դրեց երեք ռազմավարական խնդիր: Առաջին՝ նպաստել հայապահպանութեանը Սփիւռքում, մշակել յատուկ ծրագրեր հայ ինքնութեան պահպանման, Սփիւռքի ուծացման դէմ պայքարին օժանդակելու համար, երկրորդ՝ բացայայտել եւ համախմբել Սփիւռքի ներուժը եւ օգտագործել Հայաստանի տնտեսութեան զարգացման համար եւ երրորդ՝ մշակել ծրագրեր, որոնք կարող են խթանել հայրենադարձութիւնը: Հայաստան-Սփիւռք գործակցութեան քաղաքականութիւնը գլխաւորապէս հիմնուած է գործընկերային յարաբերութիւնների կառուցման եւ զարգացման, փոխադարձ վստահութեան եւ փոխըմբռնման վրայ, ինչն իրականացուում է երկխօսութեան, փոխադարձ յարգանքի, փոխզիջումների եւ փոխհամաձայնութեան ճանապարհով՝ զարգացման նոր հեռանկարների ուղենշմամբ:

Մեր խնդիրը դարձաւ Սփիւռքի հետ աշխատանքները կազմակերպել §Ճանաչել, վստահել եւ գործակցել» սկզբունքով: Սփիւռքեան շատ կառոյցներ տարիների փորձից գիտեն,  որ եթէ ցանկութիւն ունի որեւէ նախաձեռնութիւն իրականութիւն դարձնել, ապա կարող է դիմել մեր նախարարութիւն եւ ստանալ համապատասխան աջակցութիւն:

Միւս ակնյայտ ձեռքբերումն արտացոլուում է  լրատուութեան մէջ, որում մշտապէս առկայ է Սփիւռքի թեման: Եթէ նախկինում շաբաթը մէկ անգամ էր Սփիւռքը  յիշատակուում հայաստանեան լրատուութեան մէջ, ապա այժմ չկայ այդպիսի օր, որ  չխօսուի Սփիւռքի մասին: Դրան նպաստող ամենակարեւոր հանգամանքը հայաստանեան ծրագրերում սփիւռքեան  բաղադրիչի առկայութիւնն է, այսինքն՝ դրանք համահայկական են դարձել, ինչը նշանակում է Սփիւռքի յաւերժ ներկայութիւնը Հայաստանում: Սփիւռքը եւ Հայաստանն այսօր ուժ են ստանում իրարից: Այդ ուժն  ակներեւ դարձաւ Ապրիլեան քառօրեայի ընթացքում, եւ բոլորն իմացան, որ Արցախը նաեւ Սփիւռքի Հայրենիքն է, եւ Սփիւռքը պատրաստակամ է պայքարելու  Արցախի պաշտպանութեան համար:

Մեր նախարարութեան նպատակը հայապահպանութիւնն է, մայրենիի պահպանութիւնը, Հայրենիքի ճանաչողութիւնն ու Սփիւռքի ներուժի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հզօրացման ու համահայկական օրակարգային խնդիրների լուծման: Տարիների ընթացքում Սփիւռքում քննութիւն են բռնել տասնեակ ծրագրեր՝ §Արի տուն¦, §Սփիւռք¦ ամառային դպրոց, §Իմ Հայաստան¦ համահայկական փառատօն, §Մեր մեծերը¦, համահայկական մասնագիտական ու Հայրենիք-Սփիւռք  համաժողովները, մրցոյթները, մրցանակաբաշխութիւնները եւ այլն:

 

Տիկի՛ն Յակոբեան, ամէն ամառ «Արի տուն» ծրագրի հարիւրաւոր մասնակիցներին յաճախ կարելի է տեսնել Երեւանում քայլելիս: Նրանք հպարտօրէն կրում են «Արի տուն» գրութեամբ շապիկներն ու վայելում Հայրենիքի արեւը: Դուք նրանց տուն էք բերում, սովորեցնում մայրենին, կապում իրար, հնարաւորութիւն տալիս ճանաչել Հայաստանն ու գիտակցել, որ անգամ մեր արեւն է ուրիշ, ու մեր սէրը, միասնութիւնը, հաւատը կարող են փոխել անգամ երկրագնդի ուղեծիրը: Ինչպէ՞ս յաջողուեց Ձեզ նախաձեռնել, չեմ տարակուսի ասել, հայրենաճանաչութեան ամենալաւ երիտասարդական ծրագիրը:

«Արի տուն» ծրագիրը այս տարի տօնում է իր տասնամեակը: Կարծում եմ՝ սա խօսուն փաստ է: Ի հարկէ, չեմ կարող չնշել, որ ծրագիրն իր տեսակի մէջ իւրայատուկ է: Նախեւառաջ Հայաստան այցելած պատանիները 9 օր շարունակ ապրում են հայկական ընտանիքներում, սովորում հայկական նիստուկացը, բարեկամանում ու այսպիսով նաեւ կապուում Հայրենիքին: Իսկ ահա ճամբարային 5 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցներն աւելի լաւ են ճանաչում միմեանց, ընկերանում, ստեղծում մեծ համահայկական երիտասարդական ցանց: 2014 թուականից սկսած` ծրագրի մասնակիցների համար, մինչ հայաստանեան պատմամշակութային վայրեր այցելելը, կազմակերպուում են հայոց լեզուի ուսուցման դասընթացներ: Կարեւոր ու պարտաւորեցնող է, երբ երեխաներն իրենց առաւօտները սկսում են մայրենիի դասով, որ միաժամանակ դառնում է նաեւ հայրենասիրութեան ու հայկականութեան դաս:

Իւրաքանչիւր տարի մեծանում է այս ծրագրի շրջանակներում Հայաստան այցելել ցանկացողների թիւը: 2009-2017 թուականների ընթացքում ծրագրին մասնակցել է շուրջ 8000 պատանի եւ աղջիկ: Ասել է թէ՝ 16000 ընտանիք բարեկամացել է, ընկերացել, եւ այդ կապերը գնալով խորանում են:

«Արի տուն» ծրագիրը կարծես խորհրդանշում է Հայրենիք-Սփիւռք գործակցութեան ողջ գաղափարախօսութիւնը` նպաստել աշխարհասփիւռ հայերի ազգային ինքնութեան պահպանմանը, ամրապնդել Հայրենիքի հետ կապն ու հող նախապատրաստել հայրենադարձութեան համար: Տպաւորիչ եւ անմոռաց են երեխաների համար շփումները երկրի ղեկավարութեան եւ արուեստի գործիչների հետ: Նրանք գնում են հայրենիքից՝ անպայման վերադառնալու պայմանով, Հայաստանի նկատմամբ սէրն իրենց սրտում տանելով: Մենք ցանել ենք սերմեր, որոնք ապագայում կը ծլարձակեն եւ խոր արմատներ կը գցեն:

 

-Տիկի՛ն Յակոբեան, 2012 թուականից ամէն ամառ Երեւանի պետական համալսարանի շունչը դառնում է «Սփիւռք» ամառային դպրոցը: Մտնում ես համալսարան ու զարմանում՝ մի կողմում հայկական ազգային երգն ու պարն է, միւս կողմում սփիւռքահայ երիտասարդ առաջնորդներ են նոր ծրագրեր մշակում, մէկ այլ կողմում Սփիւռքը հայ պահող խոհեմ ուսուցիչն է վերապատրաստուում, եւ ի վերջոյ ամենամեծ հրաշքը՝ մէկ ամսում արագացուած դասընթացի շնորհիւ հայ պատանին սովորում է աստուածային մայրենին: Ո՞րն է ծրագրի յաջողութեան բանաձեւը:

Բացի Լիբանանում յաջողութեամբ գործող Հայկազեան համալսարանից՝ Սփիւռքում չկար որեւէ կրթական հաստատութիւն՝ ուսուցիչ պատրաստելու կամ վերապատրաստելու համար: Ուստի հրամայական էր նման կառոյցի ստեղծումը, որն էլ դարձաւ «Սփիւռք» ամառային դպրոցը: Ամառային դպրոց-ծրագրի շրջանակներում իրականացուում է Սփիւռքի մասնագէտների պատրաստում եւ վերապատրաստում 5 ուղղութիւններով` հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացներ, Սփիւռքի հայկական կրթօճախների ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, լրագրողների ամառային դպրոց, երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստման ամառային դպրոց, ազգային երգի, խմբավարների եւ պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ինչպէս նկատեցիք, ամառային դպրոցն ընդգրկուն ու յագեցած է, եւ ես շատ ուրախ եմ, որ նախարարութեան հայրենաճանաչութեան, մշակութային ծրագրերի կողքին իրենց տարածուածութեամբ եւ մասնակիցների թիւով չեն զիջում նաեւ գիտակրթական ծրագրերը:

«Սփիւռք» ամառային դպրոցի առաքելութիւնը շատ պարզ է՝  Հայրենիք-Սփիւռք յուսալի եւ արդիւնաւէտ կամուրջների ստեղծումն ու ամրապնդումը, հայոց լեզուի իմացութեան ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային ծրագրերի եւ հայագիտական օճախների գործունէութեանը օժանդակումը, համայնքներում առկայ ներուժի հաշուառումն ու համախմբումը, համահայկական ծրագրերում նրանց ներգրաւմանն աջակցութիւնը:

2012 թուականից իրականացուող ծրագրին արդէն մասնակցել է 1200-ից աւելի սփիւռքահայ՝ աշխարհի աւելի քան 40 երկրից: Նրանցից իւրաքանչիւրն իր հետ տարել է ոչ միայն նոր գիտելքիներ, գաղափարներ, այլեւ ուժ է առել Հայրենիքից, տեսել այն փոփոխութիւնները, որոնք առկայ են, եւ գնացել է՝ մի օր նորից վերադառնալու երազանքով:

 

Չեմ կարող չնշել, որ նախարարութեան բոլոր ծրագրերը հետաքրքիր անուանումներ ունեն. ե՛ւ համահունչ են իրենց բովանդակութեանը, ե՛ւ գեղեցիկ են: Հայապահպանութեանը, Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանը, ՀայաստանՍփիւռք կապի ամրապնդմանը միտուած մեծ  ծրագրեր են նաեւ  «Իմ Հայաստան»  եւ «Երգում ենք Կոմիտաս» փառատօնները, «Մեր մեծերը» ամէնամեայ շարքը: Արդեօ՞ք նոյնչափ տարածում ու ընդգրկուն մասնակցութիւն են ունենում այս ծրագրերը Սփիւռքում:

Սփիւռքում հայ մշակոյթի տարածումն ու պահպանումը ժամանակի մարտահրաւէրներն են դարձել: Այսօր յաճախ են խօսում համաշխարհայնացման ու ցանցաւորման մասին, այս ամէնը դիտարկում լաւ ու վատ կողմերից: Ինչ խօսք, ժամանակն առաջ է գնում, ու մենք պարտաւոր ենք հաշուի նստել դարի մարտահրաւէրների հետ: Ահա այդ գիտակցմամբ էլ նախարարութիւնը դարձաւ Սփիւռքում հայապահպանութեան հիմնական առաջամարտիկներից մէկը:

Հայ մշակոյթի պահպանմանը նպաստող կարեւոր ծրագրերից է յատկապէս «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատօնը, որն անցկացուում է 2 տարին մէկ: Փառատօնի նպատակն է Հայաստան-Սփիւռք-Արցախ մշակութային գործակցութեան խթանումը եւ զարգացումը, մշակոյթի միջոցով ազգային ինքնութեան պահպանումը, զբօսաշրջութեան խթանումը, Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք մշակութային կապերի եւ համագործակցութեան ընդլայնումը, նոր գեղարուեստական համոյթների եւ տաղանդաւոր անհատ կատարողների յայտնաբերումը: Փառատօնն իրօք վերածուում է համահայկական տօնախմբութեան ու տեւում է գրեթէ երկու ամսից աւելի: Պարարուեստի օրեր,  ասմունքի համահայկական փառատօն, երգչախմբային արուեստի օրեր, տուտուկի եւ հայկական նուագարանների փառատօն, հայ երգի օր. ահա այսպէս հայաստանցի, արցախցի ու սփիւռքահայ պատանիները, արուեստագէտներն ու երաժիշտներն արուեստի լեզուով մէկ անգամ եւս մասնակիցն ու վկան են դառնում ազգային համախմբուածութեան եւ միասնականութեան:

2012 թուականից սկսած փառատօնին մասնակցել են շուրջ 4000 հոգի (մօտ 110 պարախումբ, 30 երգչախումբ,  50-ից  աւելի երաժիշտ, 70 անհատ կատարող եւ այլն): 2018 թ. իրականացուող փառատօնին ակնկալուում է աւելի քան 2000 մասնակից:

Այս մշակութային հրավառութիւնը նախեւառաջ հայապահպանութեան, Հայրենիքը ճանաչելու, հայկական մշակոյթն ըմբոշխնելու մեծագոյն հարթակ է:

Մշակութային նորոյթ էր «Երգում ենք Կոմիտաս» փառատօնի կազմակերպումը, որի բուն նպատակն է Մեծն Կոմիտասի երգն ու երաժշտութիւնը, անգնահատելի ժառանգութիւնը Սփիւռքի սեփականութիւնը դարձնելը: Այն նպաստում է նաեւ օտարների շրջանում կոմիտասեան արուեստի հանրահռչակմանը, բազմաշնորհ հանճարի անցած ուղու նորովի արժեւորմանը, նոր լոյ­սի ներքոյ եղեռնը վերապրած արուեստագէտի կեր­պա­րի ճանաչմանը, Սփիւռքում հայ մշակոյթի եւ մշակութային ինքնութեան պահպանմանը, Հայրենիքի հետ կապերի ամրացմանն ու զարգացմանը, մշակութային կապերի խորացմանը:

2013 թուականից  ամէն տարի կազմակերպուող «Կոմիտաս վարդապետ» եւ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատօններին մասնակցել է շուրջ 1000 սփիւռքահայ: Նրանք երգել ու ապրել են Կոմիտասով՝ հաւատալով, որ նրա մաքրամաքուր հնչիւնները կը մաքրեն նաեւ ունկնդիրների հոգիները, կը տարածուեն աշխարհով մէկ ու կը դառնան համաշխարհային ժառանգութիւն: Ողջունելի է յատկապէս այն փաստը, որ փառատօնների շրջանակներում կազմակերպուում են համերգաշարեր ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի Հանրապետութեան մարզերում, Արցախում:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր տաղանդաւոր զաւակների շնորհիւ լուրջ ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման գործում: Անուրանալի է գիտութեան, աւիաշինութեան, միջուկային ֆիզիքայի, մաթեմատիկայի, բժշկութեան, արուեստի, գրականութեան, երաժշտութեան եւ սփորթի բնագաւառներում հայ անուանիների ներդրումը: Նրանցից շատերը դարձել են համամարդկային արժէք եւ իրենց մնայուն տեղը գրաւել համաշխարհային մեծերի անդաստանում: Ահա թէ ինչու մեր տաղանդաւոր հայորդիներին սփիւռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնելու նպատակով 2009 թուականից սկիզբ դրուեց «Մեր մեծերը» ծրագրին, որը լուսաբանում է մեծանուն հայերի կեանքն ու գործունէութիւնը: Իւրաքանչիւր տարի գիտութեան, արուեստի, գրականութեան, հոգեւոր, քաղաքական, տնտեսական ոլորտներից  4-5 յայտնի անուններ  ներկայացնելով՝ նպաստում ենք յատկապէս երիտասարդութեան շրջանում նրանց ճանաչմանը եւ օգնում, որ նրանք արժանապատիւ ու հպարտ հայ մեծանան:

Ծրագրի շրջանակներում Սփիւռքի կրթամշակութային օճախներում, ինչպէս նաեւ հայաստանեան բուհերում եւ դպրոցներում կազմակերպուում են մեծարման միջոցառումներ, շարադրութիւնների մրցոյթներ, հրատարակուում են գրքոյկներ, պատրաստուում խտասալիկներ եւ այլն: Եթէ ամփոփենք, ապա 2009-2018 թթ. ընթացքում ՀՀ բուհերում եւ դպրոցներում, ինչպէս նաեւ Արցախի, Սփիւռքի կրթամշակութային օճախներում իրականացուել են եւ շարունակում են իրականացուել 60 մեծի՝  բարերարների, հոգեւորականների, գրողների, նկարիչների, հերոսների, երաժիշտների, հայկական կառոյցների նուիրուած 273 միջոցառում՝ համաժողովներ, պոեզիայի տօներ, շարադրութիւնների մրցոյթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակուել եւ թողարկուել են 17 գրքոյկ ու  խտասալիկ:

Հպարտութեամբ պիտի նշեմ, որ 2018 թուականին ծրագրի շրջանակներում կ’իրականացուեն միջոցառումներ՝ նուիրուած մեծագոյն բարերար Միքայէլ Արամեանցին, յայտնի երգիծաբան Յակոբ Պարոնեանին, աշխարհի ամենահամարձակ հայուհի Զապել Եսայեանին, հայ բեմի վարպետ Վահրամ Փափազեանին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիրներին եւ հերոսներին:

 

Այս տարի «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութեան 2017 թուականի արդիւնքների ամփոփմանն իրենց տիբլոմները ստանալու էին եկել մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից: Սա ինքնին ծրագրի գնահատականներից մէկն է: Ի՞նչ առաքելութիւն է դրուել ի սկզբանէ այս ծրագրի հիմքում:

Ամէնամեայ այս մրցանակաբաշխութեան հիմքում մենք դրեցինք մի քանի նպատակ՝ խրախուսել Սփիւռքում հայապահպանութեան, հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման գործում հայկական կառոյցների, կրթամշակութային հաստատութիւնների, երիտասարդական կազմակերպութիւնների, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել եւ արժեւորել այս ուղղութեամբ հայկական համայնքների գործունէութիւնը: Այս նպատակների իրագործմանը մենք ականատես ենք լինում ամէն տարի, երբ տեսնում ենք մասնակիցների յուզմունքը, ոգեւորութիւնը, սպասումը: Մրցանակաբաշխութեան անուանակարգերը մշտապէս փոփոխուում են՝ «Մայրենիի պաշտպան», «Լաւագոյն հայկական կրթօճախ»,   «Լաւագոյն լրատուամիջոց», «Լաւագոյն երիտասարդական կազմակերպութիւն », «Լաւագոյն հայկական համայնք», «Լաւագոյն գեղարուեստական խումբ»,  «Աւանդական հայկական ընտանիք», «Լաւագոյն երիտասարդական, ուսանողական հետազօտութիւն», մանկապատանեկան    ստեղծագործութիւնների թեմատիկ մրցոյթներ:

 2010-2017 թթ.-ին «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութիւնն ունեցել է 1262 մասնակից 55 երկրներից: Այդ մասնակիցների հետ կապն այսօր էլ պահպանուում է, նրանք դարձել են մեր լաւ ընկերներն ու բարեկամները, մեր դեսպանները Սփիւռքում: Այս տարի մրցանակաբաշխութեանը մասնակցել են 285 անհատ եւ կազմակերպութիւն աշխարհի 24 երկրներից: Ապրիլի 21-ին, երբ 2017 թուականի մրցանակաբաշխութեան տիբլոմների յանձնման արարողութիւնն էր, մենք ականատեսը եղանք, թէ ինչպէս են իրենց մրցանակները ստանալու եկել բազում հեռաւոր երկրների մեր հայրենակիցները, ինչպիսի հպարտութեամբ եւ ոգեւորութեամբ էին նրանք ստանում տիբլոմները: Նրանք այդ կերպ Հայրենիքի նկատմամբ սէրն են արտայայտում,  Հայաստանն են ընկալում, կարծես թէ մէկ անգամ եւս հաստատում են իրենց հայ լինելը: Նրանք փորձում են հայ մնալ, հայ ապրել, իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդներին, պահպանել հայ արմատը, լեզուն եւ ինքնութիւնը: Անչափ հպարտանում եմ, երբ տարբեր երկրների հայ համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում համայնքային կառոյցներում, դպրոցներում տեսնում եմ պատին փակցուած՝ մրցանակաբաշխութեան յաղթողների տիբլոմները, ինչը նրանք մեծ ոգեւորութեամբ են պահում:

 

Տիկի՛ն Յակոբեան, Սփիւռքում մենք ունենք 1000-ից աւելի կրթօճախներ: Սակայն էլ ի՞նչ դպրոց առանց հայալեզու գրականութեան, նոր հրատարակուած գրքերի ու ձեռնարկների: Այս նպատակով նախարարութիւնն իրականացնում է համայնքային դպրոցները դասագրքերով ապահովման ծրագիրը: Քանի՞ գիրք է առաքուել համայնքներին, ինչպիսի՞ն էր վիճակը մինչ նախարարութեան ստեղծումը: Խնդրում եմ՝ անդրադարձէք նաեւ նախարարութեան հետազօտութիւնների ծրագրին:

 – Ինձ համար աւելի ուրախալի լուր, քան նոր դպրոցի հիմնումն է, չկայ: Առաւել ոգեւորիչ է, երբ կրթօճախ է բացուում Սփիւռքում, որտեղ մեր հայրենակիցներն ամէն օր պայքարում են իրենց ինքնութեան պահպանման համար: Հայկական սփիւռքում դպրոցը դառնում է ե՛ւ Հայրենիքի մի մասը, ե՛ւ հայապահպանութեան կեդրոն: Ահա այս ամէնի գիտակցմամբ Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ իրականացնում ենք Սփիւռքի կրթօճախներին ուսումնական, մեթոտական գրականութեան, ուսումնաօժանդակ նիւթերի տրամադրման, սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայոց լեզուի համահայկա­կան օլիմփիադաների, հայագիտական գիտելիքների մրցոյթների կազմակերպման պետական ծրագրերը: Նպատակն է Սփիւռքում գործող ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցներին, կրթամշակութային այլ հաստատութիւններին անհրաժեշտ եւ օգտակար ուսումնական, մեթոտական գրականութամբ, ուսումնաօժանդակ, այդ թուում՝ ելեկտրոնային նիւթերով ապահովումը: Այս տարիներին 500 հազարից աւելի գիրք է առաքուել Սփիւռք, իսկ վերջին երեք տարիներին՝ 150,000, այն  դէպքում, երբ մինչեւ նախարարութեան ստեղծումը առաքուած գրականութիւնը 10 հազար կտորից աւելի չի եղել: Ի հարկէ, սա ակնառու փաստ է, սակայն պիտի շարունակենք այս գործը, եւ Սփիւռքի մեր դպրոցները պիտի չունենան հայալեզու ուսումնական, գեղարուեստական գրականութեան պակաս:

Այդ նատակով նաեւ պատրաստուեցին արեւմտահայերէնի Այբբենարան եւ Ընթերցարան դասագրքերը, սփիւռքեան մասնագէտների մասնակցութեամբ ստեղծուեցին «Արեւմտահայերէնի քերականութեան» առաջին եւ երկրորդ ձեռնարկները:

Մեր գործունէութեան առաջին իսկ օրից մենք սկսեցինք հետազօտել հայկական սփիւռքը, համայնքները, նրանց արդի վիճակն ու մարտահրաւէրները: Սփիւռքի բազմաթիւ եւ բազմաբնոյթ հիմնախնդիրները գիտականօրէն վեր հանելու, վերլուծելու, դժուարութիւնների մէջ յայտնուած համայնքային կեանքը լուսաբանելու, համայնքների պատմութիւնը գրի առնելու նպատակով Սփիւռքի նախարարութեան կողմից պարբերաբար տրուում են թեմատիկ հետազօտութիւնների պատուերներ Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան, արեւելագիտութեան, գրականութեան, լեզուի, ինֆորմաթիքայի եւ աւտոմատացման բրոպլեմների, ազգագրութեան եւ հնագիտութեան ինստիտուտներին, Երեւանի պետական համալսարանին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազօտական կեդրոնին, Պէյրութի Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնին եւ գիտական այլ հաստատութիւններին: 2009-2017 թուականներին կատարուել է 104 նմանատիպ հետազօտութիւն: Ի դէպ, մեր առաջարկով է, որ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի 6 ինստիտուտներում բացուել են սփիւռքի բաժիններ:

-Համազգային իւրայատուկ հաւաքներ են Հայաստան-Սփիւռք համաժողովները: Թոյլ տուէք ասել, որ դրանցից իւրաքանչիւրը քննարկումների մեծ հարթակ, համահայկական հարցերի խոսափող, նոր գաղափարների շտեմարան լինելուց զատ դառնում են նաեւ հետաքրքիր, իւրօրինակ համահայակական տօներ: Այո՛, տոն է, երբ հանդիպում, իրար ճանաչում ու կապ են հաստատում հայերը Աւսթրալիայից ու Արժանթինայից, Չինաստանից ու Լիբանանից, Եւրոպայից եւ Լատինական Ամերիկայից: Տիկի՛ն Յակոբեան, նախարարութեան ստեղծումից յետոյ համահայկական 3 համաժողովներն ամփոփելով՝ ի՞նչ արդիւքներ կարող ենք արձանագրել:

– Նախարարութեան հիմնադրումից յետոյ մենք անցկացրել ենք Հայաստան-Սփիւռք 3 խոշոր համահայկական համաժողովներ 2011, 2014 եւ 2017 թուականներին: 2017 թուականի Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կայացաւ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովը, որն իր աշխարհագրութեամբ, մասնակիցների թուոով եւ բարձրացրած հարցերի արդիականութեամբ իրօք աննախադէպ իրադարձութիւն էր: Ի տարբերութիւն միւս համաժողովների՝ 6-րդ համաժողովը ունէր մի շարք առանձնայատկութիւններ: Առաջին անգամ համաժողովի 4 գլխաւոր ուղղութիւնների անցկացման եւ կազմակերպման համար ընտրուել էին պատասխանատու գերատեսչութիւններ՝  Սփիւռքի, Պաշտպանութեան, Արտաքին գործերի եւ Միջազգային տնտեսական ինթեկրման եւ բարեփոխումների նախարարութիւնները: Համաժողովի մէկ այլ առանձնայատկութիւնը կլոր սեղան-քննարկումների անցնկացումն էր: Այդ օրերին ներկայացուեցին նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի, ինչպէս նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամեակի տօնակատարութիւնների նախնական ծրագրերը:

Չեմ կարող դարձեալ չնշել, որ համաժողովն առանձնացաւ նաեւ մասնակիցների թուով՝ 1827 հոգի, եւ աշխարհագրութեամբ՝ 71 երկիր: Միւս կողմից, առաջին անգամ համաժողովի ընթացքում յայտարարուեց յաջորդ համաժողովի օրակարգը, որը նուիրուելու է հայադարձութեան թեմային: Պէտք է փաստել, որ համահայկական հերթական այս հաւաքն ամենամեծ հարթակն էր՝ ի մի բերելու եւ ամփոփելու Հայաստան-Սփիւռք գործակցութեան ձեռքբերումները, նախանշելու հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ ապագային միտուած անելիքները: Համաժողովը միակն է իր տեսակի մէջ՝ որպէս Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան իրական համախմբման եւ հայութեան ուժի ցուցադրման աննախադէպ հարթակ:

 

-Տիկի՛ն Յակոբեան, բազմիցս եմ ականատես եղել, թէ ինչպիսի իւրայատուկ ջերմութեամբ էք գովաբանում, գնահատում, փայփայում մեր սիրիահայ հայրենակիցներին: Յաճախ էք ասում, որ մենք՝ հայաստանցիներս, նրանցից պիտի շատ ու շատ հարցերում օրինակ վերցնենք: Սփիւռքի նախարարութիւնը մեծ պատասխանատուութեամբ զբաղուում է սիրիահայերի խնդիրներով, օգնում, դառնում նրանց աջակիցն ու հաւատարիմ ընկերը Հայաստանում:

– Ի հարկէ, այսօր էլ Հայաստանի Հանրապետութեան պետական քաղաքականութեան հիմնական նպատակն է սիրիական հակամարտութեան արդիւնքում Հայաստանում հաստատուած սիրիահայերին սահուն կերպով  ինթեկրել հայաստանեան կեանքին: Գլխաւորը՝ նրանք  դառնան ՀՀ քաղաքացիներ եւ Հայրենիքում չունենան փախստականի կարգավիճակ: Այդ նպատակով սիրիահայերին պարզեցուած կարգով շնորհուում է քաղաքացիութիւն, ինչի արդիւնքում  Հայաստանում ապաստան գտած շուրջ 22 հազար սիրահայերից այսօր արդէն 19 հազար 800-ը  դարձել է ՀՀ քաղաքացի, 1500-ը ստացել  կացութեան կարգավիճակ եւ միայն 700-ին է տրուել փախստականի կարգավիճակ: Մեզ յաջողուել է նրանց  ինթեկրել ՀՀ կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական եւ այլ ոլորտներում:

 Ուրախալի է, որ սիրիահայերն այսօր Հայաստանում իրենց լաւ են զգում: Նրանք ստեղծող, արարող մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային մշակոյթն են ներդրել մեզանում, ընդգրկուել են տարբեր ոլորտներում, ստեղծել իրենց պիզնես ծրագրերը եւ յաջողութեամբ զարգացնում են դրանք:

Հայաստանը նաեւ Հալէպում է սիրիահայերին եւ սիրիացիներին աջակցութիւն ցուցաբերել՝ իրականացնելով մի շարք ծրագրեր. մի քանի օդանաւով մեծ քանակութեամբ օգնութիւն է հասցուել Սիրիա:

Դեռեւս շարունակուում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ամէն օր մեզ  այցելում է 20-30 սիրիահայ: Մեր նախարարութիւնում գործում է աշխատանքային խումբ, միջգերատեսչական յանձնաժողով՝ իմ գլխաւորութեամբ, որի մասնակիցն  են ՀՀ բոլոր նախարարութիւնները ներկայացնող փոխնախարարները: Յանձնաժողովում քննարկուում եւ լուծումներ են տրուում սիրիահայերի հիմնախնդիրներին:

 

-Տիկի՛ն Յակոբեան, Սփիւռքի նախարարութեան առաքելութիւններից մէկն էլ ազգային ներուժի համախմբումն է: Քանի՞ համահայկական մասնագիտական ընկերակցութիւն կայ այսօր, եւ ինչպէ՞ս է նախարարութիւնն աշխատում նրանց հետ:

Սփիւռքը կայ, գործում է, նրա տրոփիւն սիրտն են մեր աւանդական կառոյցները եւ նրանց կից քոյր կառոյցները, ՀԲԸՄ-ը, մարզական, կանանց, երիտասարդական բազում կառոյցներ: Առանձնապէս պէտք է ընդգծել հայ եկեղեցու դերակատարութիւնը ազգային խնդիրների լուծման, հայ ինքնութեան հզօրացման գործում: Մենք հաստատուն կապեր ենք ստեղծել նրանց հետ: Շատերի հետ կնքել ենք գործընկերութեան համաձայնագրեր, յուշագրեր, կազմակերպել բազմաբովանդակ ձեռնարկներ: Ես երախտապարտ եմ մեր սփիւռքեան կառոյցներին, որոնց օգնութեամբ էլ ոչ միայն կայացաւ, այլեւ ընդունելի դարձաւ նախարարութիւնը, հաստատուեցին գործընկերային յարաբերութիւններ: Սակայն մենք  սփիւռքի օգնութեամբ նորը, առաջադէմը Հայաստան բերելու համատեղ ծրագրեր կազմելու համար նպատակայարմար գտանք նաեւ մասնագէտներին համախմբել, մասնագիտական ցանցեր ստեղծել:

Այսօր նաեւ մեր աջակցութեամբ գործում են ճարտարապետների եւ ճարտարագէտների համահայկական ասոցիացիան, Լրատուամիջոցների, Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցութիւնները, Իրաւաբանների համահայկական խորհրդաժողովը, «Հայկական առեւտրային ցանց» (ՀԱՑ) կազմակերպութիւնը, «Ակցիա առողջութիւն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպութիւնը, աշխարհի հայ նկարիչների, հայ գրողների միութիւնները, Հայ բժիշկների միջազգային, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէները, Հայ ոսկերիչների ասոցիացիան, համահայկական կրթական խորհրդաժողովը եւ այլն: Մինչ այժմ անցկացուել են համահայկական մասնագիտական մօտ 100 համաժողով, որոնց ընթացքում ստեղծուել են նոր ցանցեր, կեանքի են կոչուել յաւակնոտ գաղափարներ, խորացել է յատկապէս Սփիւռք-Սփիւռք կապը:

Իսկ ամենակարեւորը՝ նախարարութիւնում ստեղծուել է մասնագէտների, փորձ ունեցող մարդկանց մի քոլեքթիւ, որը ճանաչում է բազմաշերտ, հետաքրքիր, պահանջկոտ Հայկական Սփիւռքին եւ կարողանում է արդիւնաւէտ աշխատել նրա հետ: Ես երջանիկ եմ, որ հնարաւորութիւն եւ բախտ եմ ունեցել աշխատել իմ ազգի տարբեր հատուածների հետ, սովորել նրանցից, գործակցել նրանց հետ եւ փորձել միշտ բարձր պահել Հայի, Հայութեան եւ Հայաստանի պատիւը:

 

-Տիկի՛ն Յակոբեան, այսօր Սփիւռքում հազարաւոր հայորդիներ սպասում են նախարարութեան ամառային ծրագրերի մեկնարկին, արդէն լրացրել են մասնակցութեան յայտերը, եւ նրանցից շատերը Հայրենիքը ճանաչելու, ընկալելու ու մտապահելու են հենց Սփիւռքի նախարարութեան տարբեր ծրագրերի միջոցով: Ի՞նչ է խոստանում 2018-ի ամառը: Խօսենք մի փոքր անելիքների մասին:

-Ինչպէս ամէն տարի, այս տարի նոյնպէս նախարարութեան բոլոր ծրագրերը կեանքի կը կոչուեն: Ընդհանրապէս՝ մենք մեր գործունէութեան հիմքում  դրել ենք արդիւնաւէտութեան եւ տրամաբանուած շարունակականութեան գաղափարը: Այս ծրագրերի իրականացումն ինքնանպատակ չէ, սա Սփիւռքի պահանջն ու հրամայականն է: Ահա այսպէս են ստեղծուել ու կազմակերպուել «Արի տուն», «Սփիւռք» ամառային դպրոց ծրագրերը, մեր փառատօններն ու խորհրդաժողովները, մրցանակաբաշխութունները, հրատարակութիւնները, եւ ի վերջոյ՝ Հայաստան-Սփիւռք համաժողովները: Ուրախ եմ, որ այս տարի եւս նախարարութեան ամառը յագեցած եւ ծանրաբեռնուած է լինելու: Միայն մէկ փաստ նշեմ. «Իմ Հայաստան» փառատօնն ունենալու է 1000-ից աւելի մասնակից: Այսօր Կառավարութիւնում են արդէն Սիրիական հակամարտութեան հետեւանքով հարկադիր տեղահանուած եւ Հայաստանի Հանրապետութիւնում պաշտպանութիւն հայցող անձանց ինթեկրման 2018-2022 թուականների եւ Արեւմտահայերէնի պահպանման, զարգացման եւ կանոնարկման  ռազմավարութիւնները, մշակուում է հայրենադարձութեան գործընթացի խթանման եւ կազմակերպման  ռազմավարութիւնը:

Այսինքն՝ նախարարութիւնը հաւատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, աշխատում է յանուն Հայաստանի, Սփիւռքի ու Արցախի բարօրութեան: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետեւ այս չափանիշները մենք մեր առաջ դրեցինք նախարարութեան հիմնադրման առաջին իսկ օրուանից: Ես լիայոյս եմ, որ այդպէս է լինելու նաեւ հետագայում:

 

-Տիկի՛ն Յակոբեան, իշխանափոխութեան ներկայ պայմաններում, երբ Կառավարութեան նոր կազմ է ձեւաւորուում, խօսակցութիւններ են գնում ՀՀ սփիւռքի նախարարութեան անհրաժեշտութեան մասին։  Խնդրում եմ Ձեր կարծիքը հարցի վերաբերեալ։

Նախ, ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ստեղծուել է Սփիւռքի պահանջով։ Այդ մասին հնչել է Հայաստան-Սփիւռք մի քանի համաժողովների ընթացքում։ Նախարարութեան ստեղծումը համընկաւ Հայաստանի եւ Սփիւռքի համար իրաւական, քաղաքական բարդ ժամանակահատուածի հետ, երբ տեղի էին ունեցել 2008 թուականի Մարտի 1-ի իրադարձութիւնները, ինչպէս նաեւ ստորագրուել էին Հայ-թուրքական արձանագրութիւնները, ինչի հետեւանքով Սփիւռքի ստուար հատուածը երես էր դարձրել Հայաստանից, չկար վստահութիւն, եւ դժուար էր գտնել համագործակցութեան եզրեր։ Ահա այս ծանր պայմաններում մի կողմից՝ մեր թիմով 0-ից պետական կառավարման նոր ինստիտուտ էինք ստեղծում, իսկ միւս կողմից՝ մասնագէտներ էինք պատրաստում եւ փորձում երկխօսել ու գործակցել Սփիւռքի հետ։

Յետահայեաց գնահատելով՝ կարող եմ ասել, որ մեզ յաջողուեց 827 համայնքների եւ հարիւրաւոր կազմակերպութիւնների ու կառոյցների հետ աշխատել, ծրագրեր իրականացնել։ Բոլոր ձեռնարկները նպատակաուղղուել են հայրենաճանաչութեանը, հայապահպանութեանը, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդմանը։ Իսկ կոնկրետ գործերն ու ծրագրերը ես արդէն թուարկեցի։

  Ձեր հարցին ի պատասխան՝ նկատեմ, որ Սփիւռքը դարձել է սահմանադրական հասկացութիւն,  հիմնական օրէնքով ամրագրուել են պետութեան անելիքները՝ հայկական սփիւռքի հետ կապուած, կարեւորուել են հայապահպանութիւնն ու հայրենադարձութիւնը, այլ պետութիւններում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանումը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացումը,  ազգային միասնութեան ամրապնդումը, համապետական ու համազգային շահերը (ՀՀ Սահմանադրութեան 19-րդ, 123-րդ, 127-րդ եւ այլ յօդուածներ)։

Ուստի, Սփիւռքի հետ աշխատանքներն առաւել քան կարեւոր են։ Այսօր նախարարութիւնում աշխատում են քաղաքացիական ծառայողներ, իսկ քաղաքացիական ծառայութեան անցնելու պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի լինելը։ Հայրենիք-Սփիւռք կապերի սուբյեկտները ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլեւ տարբեր պետութիւններում ձեւաւորուած հայկական համայնքների անդամները, հետեւաբար կարելի է այնպիսի լուծում գտնել, որ սփիւռքահայերը նոյնպէս աշխատելու հնարաւորութիւն ստանան։

 

-Ինչպէ՞ս էք պատկերացնում Ձեր հետագայ գործունէութիւնը։

-Ակնյայտ է, որ ձեւաւորուելու է նոր թիմ՝ նոր մօտեցումներով եւ ծրագրերով։ Ես լիայոյս եմ, որ այդ թիմը յաջողութիւններ կ’արձանագրի, որ Հայաստանում եւ Սփիւռքում մեր հայրենակիցների սպասումներն իրականութիւն կը դառնան, եւ, ի հարկէ, սփիւռքեան ոգեւորութեան արդիւնքում նաեւ հայրենադարձութեան ծաւալները կ’ընդլայնուեն։

 Իսկ ես այսուհետ եւս կը շարունակեմ ծառայել երիտասարդների կրթութեան գործին, մեր պետութեան ու ազգի շահերին։

 

-Ի՞նչ կ’աւելացնէիք հարցազրոյցի աւարտին։

 – Դիմում եմ իմ սիրելի հայրենակիցներին, սփիւռքահայերին, աշխարհի տարբեր անկիւններում ապրող իմ քոյրերին ու եղբայրներին եւ հպարտօրէն ասում, որ ինձ վիճակուեց իմ համախոհների հետ, ձեր անմիջական աջակցութեան շնորհիւ  ստեղծել եւ կայացնել ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Հայաստանի անկախացումից յետոյ սփիւռքահայերի ոգեւորութիւնը, Հայրենիքին ծառայելու եւ Հայրենիքի հետ գործակցելու ցանկութիւնները շատ դէպքերում մնում էին չհամակարգուած, եւ այդ պատճառով դուք յաճախ հիասթափուում էիք եւ չէիք կողմնորոշուում, թէ որտեղ գտնէք ձեր հարցերի պատասխանները:

Սփիւռքի նախարարութիւնը դարձաւ այն դուռը, այն կեդրոնը, որտեղ լսեցին ձեզ, գործակցեցին ձեզ հետ, քննարկցեցին բազում-բազում հարցեր Հայաստան-Սփիւռք գործակցութեան վերաբերեալ, մշակուեցին եւ իրականացուեցին բազմաթիւ հայանպաստ ծրագրեր՝ քայլ առ քայլ կոտրելով նախկինից եկող կարծրատիպերը եւ ամրապնդելով համազգային համերաշխութեան եւ գործակցութեան համար անհրաժեշտ հիմքերը:

Մենք մեր թիմով արեցինք այն, ինչ հնարաւոր էր եւ ինչ կարող էինք:

Ես եղայ շատ համայնքներում, տեսայ ձեր ազգային կերպարը, հայրենասէր ոգին եւ երիտասարդութեանը հայ պահելու հերոսական քայլերը: Ձեզանից ես շատ բան սովորեցի, դուք եղաք իմ խորհրդատուն եւ աջակիցը, քննադատը, բարեկամն ու ընկերը: Խորապէս շնորհակալ եմ եւ երախտապարտ, որ հնարաւորութիւն եմ ունեցել ձեզ հետ աշխատելու:

Վստահ եմ՝ մեր ցանած սերմերը փարթամօրէն կը ծլարձակեն, մեր բացած ակօսները առաւել կը խորանան եւ նոր հանգրուանների կը հասնեն:

Համոզուած եմ, որ ներկայ իրադրութեան պայմաններում նոր կառավարութիւնը կը շարունակի մեր ազգաշահ գործերը եւ մեծ թափ կը հաղորդի հայրենադարձութեանը:

Ցանկանում եմ խորին շնորհակալութիւն յայտնել հայ եկեղեցու հոգեւոր պետերին, աւանդական կուսակցութիւնների ղեկավարութեանը, նրանց ուղեկից քոյր կառոյցներին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան ղեկավարներին եւ նրան կից բոլոր կազմակերպութիւնների ղեկավարներին ու անդամներին, հայկական հարիւրաւոր համայնքների առաջնորդներին, մշակութային, կրթական, գիտական, երիտասարդական, կանանց, մարզական եւ այլ կառոյցներին, բոլոր անհատներին, որոնք անցած տարիների ընթացքում գործակցեցին մեզ հետ, մասնակցեցին մեր ծրագրերին եւ օգնեցին մեզ՝ առաւել  կամրջելու Սփիւռքը Հայրենիքին։

Խորին երախտագիտութիւն եմ յայտնում  սփիւռքեան համայնքներում ազգանուէր գործունէութիւն ծաւալող բոլոր հայորդիներին՝ երիտասարդների շրջանում հայի վսեմ նկարագիրն ու հայրենասէր ոգին  վառ պահելու, Հայրենիքին մշտապէս զօրավիգ լինելու համար։

Պատիւ եմ համարում աշխատանքը սփիւռքի համար եւ սփիւռքահայերի հետ։

Շնորհակալ եմ  արդիւնաւէտ համագործակցութեան համար։

Մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք։

Share Button

Մեկնաբանել

Լրատուութեան գործընկեր