• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Դասական Երաժշտութեան Մատուցումը Չպէտք Է Շօուի Վերածել Հարցազրոյց Մայեսթրօ Էդուարդ Թօփչեանի Հետ

02.09.2015   17:36

Հարցազրոյցը վարեց՝
ՄԻՄԻ Յ. ԵՕԶԿԱԹԵԱՆԸ

 

Նախորդ շաբաթուայ համարում գեղեցիկ մի յօդուածով անդրադարձել էինք՝ Օգոստոսի 8-ին Լիբանանի Պէյթետտինի պալատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախմբի տուած շքեղ համերգին՝ լիբանանահայ երաժշտագէտ Միմի Յ. Եօզկաթեանի գրչով: Յօդուածագիրը համերգից մէկ օր առաջ հարցազրոյց է ունեցել նուագախմբի գեղղեկ եւ գլխաւոր խմբավար (տիրիժոր) Էդուարդ Թօփչեանի, ինչպէս նաեւ յիշեալ համերգում փայլուն ելոյթ ունեցած ջութակահար Սերկէյ Խաչատրեանի հետ: Ստորեւ գլխաւոր խմբավարի, իսկ յաջորդիւ Ս. Խաչատրեանի հետ հարցազրոյցները:

– Մայեսթրօ, ո՞րն է Ձեր հաւատամքը, կրեդոն, գլխաւոր դաւանանքը:

– Դուք նկատի ունէք հէնց այս համերգի հետ կապուա՞ծ:

– Ոչ, Ձեր անձի, կեանքի Ձեր կրեդոն:

– Գլխաւորապէս ազնիւ արուեստագէտ լինելը, մնալը եւ անընդհատ ձգտելը հնարաւորինս լաւ ձեւով երաժշտութիւն կատարել:

– Պէյթետտինի միջազգային փառատօնը ի՞նչ նշանակութիւն ունի Ձեզի եւ Ձեր նուագախումբին համար:

– Ընդհանրապէս իւրաքանչիւր ելոյթ շատ-շատ կարեւոր է: Ես իւրաքանչիւր համերգի, բնականաբար նաեւ իմ համերգին լուրջ եմ մօտենում, եւ հիմա շատ ուրախ եմ, որ մենք Պէյթետտինի փառատօնին պէտք է ելոյթ ունենանք: Ես գիտեմ, որ դա Միջին Արեւելքի ամենակարեւոր երաժշտական միջոցառումն է, շատ պատիւ է այնտեղ ելոյթ ունենալը, միշտ մեծ երաժիշտներ են այնտեղ ելոյթ ունենում, եւ շատ ուրախ եմ, որ մենք հրաւիրուած ենք եւ շատ ուրախ եմ, որ հէնց Սերկէյ Խաչատրեանի հետ միասին ենք:

– Դուք 2000 թ.-էն ի վեր շառաւիղն էք մեծ երաժիշտներու եւ նուագավարներու: 15-ամեայ ոչ շատ հեշտ ճանապարհ մը, որուն ընթացքին անդուլ կերպով շարունակեցիք վերակազմաւորել եւ վերարժեւորել նուագախումբը: Ո՞վ էր էդուարդ Թօփչեանը 15 տարի առաջ եւ ո՞վ է ան այսօր:

– Բոլոր ժամանակներում էլ Էդ. Թօփչեանը մարդ է, որը շատ է սիրում երաժշտութիւնն ու իր գործը եւ ձգտում էր ու հիմա էլ ձգտում է կատարելութեան: Այսինքն շատ լուրջ եմ մօտենում ամէն ինչին, ինչ որ ես կ’անեմ, եւ անընդհատ ձգտում եմ, փորձում եմ, որ զարգանամ եւ կարողանամ զարգացնել այն, ինչը իմ շուրջն է:

– Դուք մասնագիտութեամբ ջութակահար էք: Ո՞ր գործօնները Ձեզ մղեցին խմբավարութեան. գիտակցելո՞վ, որ անհրաժեշտօրէն պէտք է արհեստավարժ նուագախումբ եւ միջավայր այդ փորձառութիւնը ձեռք ձգելու համար:

– Ես ջութակահար եղած ժամանակս էլ ընդհանրապէս սիրում էի երաժշտութիւնը, եւ երաժշտական առումով մտահորիզոնս մեծ էր, որովհետեւ հետաքրքրւում էի բոլոր ժանրերով: Շատ լաւ գիտեմ եւ՛ դաշնամուրային երաժշտութիւն, եւ՛ ամէն ինչ երաժշտութեան մէջ, ամէն ինչ չասենք՝ ինչ-որ հնարաւոր է, շատ էի սիրում օփերաներ եւ շատ էի սիրում սիմֆոնիկ երաժշտութիւն, անընդհատ լսում էի, անընդհատ սովորում էի, փարթիթուրներ էի սովորում, թէեւ բոլորովին նպատակ չունէի խնբավար լինելու: Եւ եկաւ մի օր, որ ստեղծուեց իմ քամերային նուագախումբը՝ «Սերենատ»ը, եւ քանի որ դրանից առաջ ես միշտ իմ ընկերների հետ տարբեր քամերային ձեռնարկներ էի անում եւ այնտեղ նուագում էի իրենց հետ ու մի քիչ իրենց խորհուրդներ էի տալիս, թէ ինչպէս նուագեն, եւ կարծես մի քիչ էլ ղեկավարում էի, էդ քամերային նուագախումբը, որ ստեղծուեց, իմ ընկերները որոշեցին, որ ես ղեկավարեմ: Եւ կամաց-կամաց դարձայ խնբավար, կամաց-կամաց աւելի լուրջ սկսեցի մօտենալ դրան, կամաց-կամաց սկսեցի սովորել ամէն ինչ, ինչ որ անհրաժեշտ էր խմբավար դառնալու համար, եւ դարձայ, որովհետեւ յամենայնդէպս շատ կապուած էի երաժշտութեան հետ՝ սիմֆոնիկ երաժշտութեան եւ օփերային:

– Այսօր կարո՞ղ ենք ըսել, թէ մայեսթրօ Թօփչեանը մշակած է եւ ունի իր ուրոյն conducting style-ը, le geste du chef-ը, նուագավարելու կերպը կամ ոճը: Կարելի՞ է ուսուցանել զայն եւ արդեօք կա՞յ նուագախումբ ղեկավարելու փիլիսոփայութիւն:

– Այո, կարելի է ուսուցանել եւ պէտք է ուսուցանել: Դէ գիտէք, ամենակարեւորը ժեստը, լուրջ բան է, բայց միշտ աւելի կարեւոր է հասկանալը, թէ ընդհանրապէս ինչու ես դու խմբավար, ընդհանրապէս ինչ ես ուզում դու անել, ինչին ես ուզում հասնել, եւ դրանից յետոյ՝ քո երաժշտական մօտեցումները: Երբ մարդ շատ յստակ գիտի փարթիթուրում ամէն գրուած նոթան եւ գիտի ամէն նոթայի հետ ինչպէս վարուելը, ինչպէս ներկայացնելը, այլ խօսքով՝ ընդհանուր կոնցեպտը ունի եւ պարզ է, մի քիչ էլ փորձառութիւն, լաւ սովորել է, եւ լաւ գիտի, ապա ինչպէս շատ մեծ խմբավարներ են միշտ ասում՝ ձեռքերը այդ ամէնը ցոյց կը տան: Դրա համար նայում ես ու տեսնում, որ ամէն խմբավար մի ձեւով է չափ տալիս, ժեստերը ինչ-որ մի տեսակ են: Մեծ խմբավարներին եթէ համեմատենք իրար հետ, բոլորը շատ տարբեր են, բայց բոլորը հասնում են բացառիկ (մեծերի մասին է խօսքը) արդիւնքի, եւ զարմանում ես՝ ասենք, մի դխմբավարը գալիս է, կանգնում նոյն նուագախմբի առաջ, եւ դեռ ոչինչ չի արել, բայց մի շարժումից նուագախումբը լրիւ մի ուրիշ տեսակ է հնչում:

– Ինչպէ՞ս կարելի է ձեռք բերել ուրոյն շարժուձեւ՝ առանց sensational (զգայացունց) կամ spectaculaire (հանդիսանքային, ցուցադրական) ըլլալու:

– Գիտէք, ընդհանրապէս այդ ուղղութիւնը, որը հիմա դասական երաժշտութեան մէջ կայ, որ համերգները վերածուեն շոուի, ես դրան շատ դէմ եմ, եւ իմ սիրելի խմբավարներից որեւէ մէկը, նոյնիսկ Հերբերտ ֆօն-Քարայեանը, որը շատ էսթետիկ տեսք ունէր բեմի վրայ եւ ասես ամէն ինչը մշակուած էր, երբեք նրա համերգները շոուի չվերածուեցին: Նա արտակարգ լուրջ էր մօտենում ամէն ինչին: Ասում են՝ երբ Պեթհովենի 5-րդ սիմֆոնիան 500-րդ անգամ նոյն նուագախմբով նուագում էր, նորից եօթ փորձ էր անում: Դրա համար էլ շատ կարեւոր է երաժշտութեան էութիւնը, եւ ընդհակառակը՝ այն մարդիկ, ովքեր փորձում են համերգը վերածել շօուի, ինձ վրայ շատ անլուրջ տպաւորութիւն են թողնում: Նրանք երբեք պատմութեան մէջ չեն մնալու: Կարող է տուեալ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի քաղաքում, ինչ-որ մարդիկ դրանով հետաքրքրուեն, բայց դա հեռուն գնացող բան չի:

– Կ’ուզեմ այստեղ մէջբերել մայեսթրօ Օհան Տուրեանի մէկ բնութագրումը, երբ կ’ըսէ՝ խմբավարը պէտք է լինի ուրիշ աշխարհից, խմբավարի արուեստը շօու չէ, ան հոն է տալու միայն երաժշտահանի միտքն ու զգացումները եւ արարելու իր ստեղծագործութիւնը: Մայեսթրօ, Դուք որպէս այդպիսի՞ն ճանչցաք զինք:

– Ես Օհան Տուրեանի հետ շատ մտերիմ եմ եղել: Նա չափազանց սկզբունքային մարդ եւ երաժիշտ էր, եւ իսկապէս իր համար միշտ կարեւորը մնաց երաժշտութիւնը, նոթաները. ո՛ր նոթան ու՛ր պիտի գնայ: Շատ բծախնդիր ու շատ սկզբունքային էր բոլոր հարցերում, ինչպէս մարդկային յարաբերութիւններում: Գիտէք, գուցէ տարօրինակ հնչի, եթէ ասեմ, որ նա մինչեւ ուղնուծուծը նուիրուած էր երաժշտութեանը: Բայց իսկապէս ինքն այդպիսին էր: Օրինակ կան մարդիկ՝ գիտէ՞ք, որոնք տարբեր նպատակներով են երաժիշտ դառնում: Սակայն Օհան Տուրեանը երաժիշտ էր, որովհետեւ ինքը առաջին հերթին շատ էր սիրում երաժշտութիւնը:

– Ղեկավարել նուազագոյն շարժուձեւով. օրինակ՝ Քարայեանի, Տուրեանի, Կուրտ Մազուրի նման մատներու ծայրով, դիմագիծի արտայայտութիւններով: Ըստ Ձեզի, նուագախումբ մը ինչպէ՞ս կը յարմարի եւ կ’ընկալէ այդ կերպերը:

– Ես մի ուսուցիչ ունէի, որը շատ յայտնի խմբավար էր՝ Մելօ Սանտին, օպերային խմբավար էր. ինքը ինձ միշտ ասում էր մի բան. քիչ, փոքր շարժումներ արա, երբ դու անընդհատ աքթիւ կը շարժուես, երաժիշտները կը դադարեն քո շարժումները ընկալել, կը յոգնեն քեզնից: Այնպէս պէտք է լինի, որ երբ դու յատուկ մի զարկերակ ունես նուագախմբին փոխանցելու, մարդիկ քո այդ զարկերակը պէտք է ստանան: Իսկ երբ դու անընդհատ աքթիւ եւ մեծ շարժումներ անես, այդ մեծ շարժումները, որոնք երաժիշտները աչքի մի անկիւնով են տեսնում, նրանք չեն կարող քեզ հետեւել, եւ ասեմ Ձեզ, որ դա գեղեցիկ էլ չէ: Շատերին կը թուայ, որ էդ թռնելը, էդ յիմար շարժումները… բայց իրականութեան մէջ, ի հարկէ, այն խմբավարները եւ բոլոր նրանք, ովքեր լուրջ բան ունեն ասելու կամ փորձում են ասել, նրանք երբեք շարժումները շոուի չեն վերածում, եւ այդ դէպքում է, որ շարժումները կարող են չափազանց գեղեցիկ եւ գեղագիտական լինել: Ու միայն հէնց ա՛յդ դէպքում կարող են գեղեցիկ եւ գեղագիտական լինել:

– Յաճախ հիւր խմբավարներու ղեկավարութեամբ նուագախումբին հնչողութիւնը՝ sonorite-ը եւ ուժականութիւնը տարբեր կը հնչէ, երաժիշտները ինչպէ՞ս կ’ընկալեն զայն եւ ան արդեօ՞ք զգալի կը դառնայ ունկնդիր հանրութեան…։

– Իւրաքանչիւր նուագախմբում իւրաքանչիւր խմբավար, որ գալիս է, անմիջապէս հնչողութիւնը փոխւում է: Սա անբացատրելի մի բան է: Օրինակ հոգու խորքում ես շատ կապուած եմ մի խմբավարի հետ, որն արդէն չկայ՝ Քառլայ Մարիայ Ջուերինին, որը շատ մեծ խմբավար էր, ունի մի հանրայայտ ձայնագրութիւնը, որը ձայնագրել է 90 տարեկանում Շթութկարտի ռատիոյի նուագախմբի հետ: Դա Պրուկների 9-րդ սիմֆոնիան է (իսկ Պրուկներն ինձ համար ամենասիրելի երաժշտահաններից մէկն է, եւ ես ունեմ նրա տարբեր թուականների ձայնագրութիւնները): Եւ յիշեալ ձայնագրութեան մէջ, երբ ինքը դողդոջուն քայլերով մօտենում է նուագախմբին, դեռ ոչինչ չփորձած, հէնց առաջին շարժումն անում է, եւ նուագախմբից գալիս է Պրուկների 9-րդ սիմֆոնիայի ձայնը: Այս բաներն անբացատրելի են: Դրա համար էլ հէնց օրինակ ես, ասենք նայում եմ Գեորգիեւին, որ շատ մեծ խմբավար է, յաճախ մտածում եմ՝ ո՞րն է նրա այդ յատուկ ուժը, տեսնում ես, որ իր միջից մի այնպիսի պիօդաշտ եւ ուժանիւթ է ճառագում, որ ամէն ինչ հաւաքում է իր շուրջը: Եւ դրա համար, նորից պէտք է կրկնեմ, աւել-պակաս շարժումներ անելու կարիք չկայ:

– Մայեսթրօ, Օհան Տուրեանից բացի ո՞ր խմբավարներն են աւելի շատ տպաւորած Ձեզ, եւ այսօր Դուք Ձեզ ի՞նչ աստիճանի համեմատութեան մէջ կը տեսնէք անոնց հետ:

– Շատ խմբավարներ կան, որ սիրում եմ, ինձ համար խմբավարութեան, այսպէս ասած, «աստուածը» Հերբերտ ֆօն-Քարայեանն է, եղել եւ մնում է: Շատ եմ սիրում նաեւ Քլաուտիօ Ապատտոյին եւ Քառլոս Սքայբերին եւ էլի տարբեր խմբավարների՝ Ճեյմս Լիւան, Ռիքարտօ Մուտի: Հիմա կայ մի խմբավար, որին նոյնպէս շատ-շատ եմ հաւանում, շատ հետաքրքրական է ինձ համար՝ Ռիքարտօ Շաին, իսկ ռուսական ռեփերթուարի մէջ շատ եմ սիրում մայեսթրօ Գեորգիեւին: Բոլորի անունները չեմ կարող թուարկել այստեղ:

Ես շատ եմ հետաքրքրւում բոլոր խմբավարներով միշտ, եւ նրանց մէջ կան իրօք հիանալիներ: Ասեմ նաեւ, որ կան խմբավարներ, ովքեր յաճախ ամենահետաքրքրականը չեն թւում, սակայն մէկ էլ մի ստեղծագործութիւնն այնքան լաւ են կատարում, որ տեսնում ես՝ այդ ստեղծագործութեան մէջ ինքը իրօք հիանալի է, եւ հէնց դրանում է ամբողջ հրաշքը: Համոզւում ես, որ պատահական բան երբեք չի լինում: Բոլոր մեծ խմբավարներից ոչ մէկը պատահական չի հասել այդ աստիճանին:

– Ձեր նուագացանկը բազմակողմանի՞ է, թէ՞ որոշ փակուածութիւն մը գոյութիւն ունի, տրուած ըլլալով, որ Ձեր նուագախումբը հաւանաբար նոր երաժշտական գործիքներու կարիք ունի եւ առհասարակ ֆինանսական բարդ խնդիրներու առկայութիւն կայ, այս ամէնը կ’ազդե՞ն, որ Դուք չընդլայնէք շատ մոտեռն երաժշտութիւն…։

– Մենք նուագում ենք ամէն ինչ: Մոտեռն էլ ենք նուագում, նոյնիսկ շատ յաճախ փառատօններ են լինում Հայաստանում, որ գալիս են այսօրուայ մեծ երաժշտահանները՝ Պենտերեցկի, Շչեդրին, Գուպայտուլին եւ այլք, եւ մենք նրանց հետ փառատօններ ենք անում, նուագում ենք նրանց երաժշտութիւնը: Այսինքն մենք նուագում ենք իսկապէս ամէն ինչ: Ֆինանսական դժուարութիւններն այսօրուայ կեանքում, կարծում եմ, աշխարհում իւրաքանչիւր նուագախումբ ունի, եւ նրանք միշտ կախուած են հովանաւորներից: Բայց ես պէտք է ասեմ, որ մեր պետութիւնը՝ ի դէմս մեր նախագահի, մեզ շատ է աջակցում, եւ մեր նախագահի շնորհիւ նուագախումբը հիմա գոյութիւն ունի ու զարգանում է: Մենք միշտ նրան շնորհակալ ենք: Միեւնոյն ժամանակ մենք ունենք մեր գլխաւոր հովանաւորը, որը Վիւասել-մթս-ն է: Իսկ Բարեգործականի եւ տիկին Լուիզ Սիմոն Մանուկեանի ազդեցութիւնը ընդհանրապէս նուագախմբի վրայ եղաւ այն, որ 90-ականներին նուագախումբը կարող էր քանդուել եւ այսպիսի նուագախումբ չլիներ, ոնց որ հիմա կայ, եւ շնորհիւ Լուիզ Սիմոնի նուագախումբը պահպանուեց ու առաջ գնաց: Եւ հիմա մեր պետութեան, մեր նախագահի աջակցութեան կողքին մենք միշտ ակնկալում ենք, որ նոր հովանաւորներ լինեն, որովհետեւ ի հարկէ կարիքները շատ մեծ են:

– Մայեսթրօ, Ձեր սեփական ստեղծագործութեան ներաշխարհ մուտք գործա՞ծ էք:

– Ես չեմ փորձել ստեղծագործել, միայն երեխայ ժամանակ մի քանի փոքրիկ բաներ եմ փորձել, ջութակով փորձել-նուագել եմ, բայց շատ շուտ հասկացել, որ դա իմ ճանապարհը չէ, եւ խմբավարութեամբ եմ զբաղուել:

– Մեծ ղեկավար Մայքլ Թիլսոն Թոմասը…։

– Հիանալի խմբավար է…։

– Կ’ըսէ 21-րդ դարը երաժշտականօրէն հետզհետէ խառնուրդ մը պիտի ըլլայ, սիմֆոնիքի գոյատեւումը պայմանաւորուած է լայնամտութեամբ եւ անհրաժեշտօրէն հարկ պիտի ըլլայ զանազանք ներմուծել ռեփերթուարներու մէջ, որովհետեւ կ’ըսէ այլեւս մէկ տեսակի հասարակութիւն չկայ, այլ՝ բազմաթիւ:

– Տեսակի՝ դասակա՞ն երաժշտութեան, թէ՞ նուագախմբերի…։

– Մոտեռն երաժշտութիւն ալ կ’ըլլայ, ճազ ալ կ’ըլլայ, ինչ-որ հիմա…։

– Հիմա արւում է ամէն ինչ, բայց ինքը՝ նոյն Մայքլ Թիլսոն Թոմասը շատ լուրջ խմբավար է:

– Իր մտահոգութիւնն է:

– Այդ մտահոգութիւնը շատերն ունեն: Բայց ես չեմ կարծում, որ լուրջ խմբավարները, այդ թւում նաեւ Մայքլ Թիլսոն Թոմասը, որը Վալերի համանուագները արտակարգ է կատարում, շատ լաւն են իր նոր ձայնագրութիւնները՝ Սան Ֆրանսիսքօ սիմֆոնիքի հետ: Բացառիկ խելացի երաժիշտ է եւ մեծ վարպետ: Ես օրինակ չեմ կարծում, որ հէնց մէկը՝ ինքը, գնայ այդ շոուի ճանապարհով, երբե՛ք: Բայց դէպքից-դէպք, ասենք մի լաւ ռոք երգիչ կամ մի ճազ խումբ միացնել սիմֆոնիքին կարելի է:

– Որպէսզի ժողովուրդի մէջ աւելի մեծ հետաքրքրութիւն առաջացնէ՞:

– Դա միշտ էլ արուել է, արել են բոլորը, բայց ես կարծում եմ, որ ի հարկէ լուրջ սիմֆոնիք երաժշտութիւնը պէտք է միշտ մնայ այնպէս, ինչպէս կայ, նոյնպէս օփերայինը:

– Իսկ ի՞նչ կարծիք ունիք կին խմբավարներու մասին. զարմա՞նք, վերապահութիւ՞ն, հիացմու՞նք, թէ՞…։

– Ընդհանրապէս չեմ սիրում, որ ասում են կինը էս բանը կամ էն բանը պիտի չանի: Ես գտնում եմ, որ մարդիկ հաւասար են եւ ամէն ինչ պիտի անեն, պիտի փորձեն: Ուղղակի ես միշտ մտածում եմ. ինչու՞ մեծ երաժշտահանների մէջ ոչ մի կին կամ գրեթէ ոչ մի կին չկայ:

– Մալերի կինը կար:

– Մալերի կինը հօ չե՞նք համեմատի Մալերի հետ: Ես մտածում եմ, որ կան որոշ կին խմբավարներ, բայց շատ բացառիկ մէկին դեռ չեմ տեսել, սակայն հաւատում եմ…։

– Բացառիկ է թերեւս Մերին Ասուոլտը…։

– Ինքը ամենալաւն է կանանց մէջ:

– Յայտնի է, որ կին խմբավարներու ներկայութիւնը մեծապէս կը նպաստէ տոմսերու սպառումին…։

– Կարող է: Ի դէպ, ինքը իմ տեսածների մէջ ամենալաւն է: Գիտէք, հիմա այս մոտան որ կայ՝ կանայք զբաղւում են խմբավարութեամբ, վստահ եմ, որ յետագայում կը լինեն նաեւ կին մեծ խմբավարներ:

– Կը պատահին համերգներ, ուր աստիճանաբար եւ՛ բեմը, եւ՛ հանդիսատեսը, եւ՛ ղեկավարը կը դառնան մէկ շունչ ու մարմին. երբ գայ այդ paroxysm-ը, բարձրակէտը, ի՞նչ կը զգաք, ինչպէ՞ս կ՛ապրիք այդ րոպէները, այդ համաձուլումը, այդ խելագար պահերը:

– Դա ամենամեծ պահն է երաժշտի, արուեստագէտի կեանքում, երբ զգում է, որ իրեն յաջողւում է բոլորին մոբիլիզացնել եւ ստեղծել մի ընդհանուր շունչ-մթնոլորտ դահլիճում, որ բոլորը սկսում են ամէն նոթայով կամ վայրկեանով ապրել. լինում են այդ պահերը, դա ամենամեծ բերկրանքի պահերն են:

– Վաղը, կը կարծեմ, այդ բանը տեղի պիտի ունենայ անպայման:

– Փորձենք:

– Վերջին հարցումս. ո՞րն է Ձեզի համար երաժշտական աբսոլիւտ, գերագոյն ստեղծագործութիւնը:

– Ես միշտ դժուարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ որն է իմ ամենասիրելի երաժշտահանը: Ես գիտեմ ովքեր են իմ ամենասիրելի երաժշտահանները, բայց մէկին դժուարանում եմ առանձնացնել, սակայն ինձ թւում է, որ եթէ մի ստեղծագործութիւն ընտրելու լինեմ՝ դա Պրուկների 9-րդ համանուագն է:

– Սիրելի մայեսթրօ, Ձեր ասպարէզային գնացքը ինչպէ՞ս կարելի է բնորոշել երաժշտական լեզուով՝ allegro-moderato, moderato-combrio, allegro-vivace, andante-maestozo, allegro-conmoltobrio…։

– Կը դժուարանամ ասել:

– Չէ, ըսէք, ըսէք…։

– Չեմ կարող ասել…։

– Չէ, չէ, պէտք է ըսէք…։

Մեզի համար allegro-conmoltobrio-ն է:

– Չգիտեմ, ես մտածելով եմ առաջ գնում: Գուցէ allegro-moderato…։

– Իսկ եթէ Էդուարդ Թօփչեանին հնարաւորութիւն ընծայուէր հանդիպելու պատմութեան մեծագոյն վարպետ-երաժշտահաններու հետ, որու՞ն պիտի ուզէր հանդիպիլ:

– Շատ դժուար է…։

– Պախի՞ն…։

– Դժուար է…։

– Չէ, մէկ հոգի…։

(Հոգոց…) Պեթհովենին կամ Պրուկներին…։

– Շնորհակալութիւն, յուսամ վաղը երեկոյ մենք պիտի ապրինք paroxysm-ը:

– Ես եմ շնորհակալ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր