• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հարցազրույց Քըրք Քըրքորյանի հետ

08.10.2014   19:18

*ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ*

Պատմաբան

Պատմաբան

Դուք շատ քիչ էք հարցազրույցներ տալիս, պրն. Քրքորյա՛ն:

 Դուք այդ քչերից մեկն էք:

 Շոյված եմ:

 Ես էլ կշոյվեի:

 Ինչպե՞ս եք:

 Ավելի լավ, քան երեկ:

 Ինչու՞, երեկ լավ չէի՞ք:

 Լավ էի, բայց այսօր ավելի լավ եմ: Վաղը կփորձեմ ավելի լավ լինել, քան այսօր և այսպես շարունակ:

 Դուք շատ լավատես էք:

 Այո:

 Բիզնեսում ավելի կարևոր է լինել լավատե՞ս, թե՞ իրատես:

 Իրատեսությունը բիզնեսում արդեն իսկ լավատեսություն է:

 Բայց լավատեսությունը կյանքում դեռևս իրատեսություն չէ:

 Կյանքում միշտ չէ, որ պետք է լինել իրատես: Եթե բոլոր մարդիկ միշտ իրատես լինեին, մենք առաջ չէինք գնա:

 Օրինակ, երբ Դուք որոշեցիք դառնալ օդաչու, դա իրատեսակա՞ն քայլ էր:

 Առաջին հայացքից ոչ, հաշվի առնելով, որ ես նույնիսկ մեկ ցենտ չունեի սովորելու համար: Բայց ինձ ընդունեցին:

 Սկզբից բռնցքամարտիկ, հետո օդաչու, իսկ հետո բիզնեսմեն: Հետաքրքիր զարգացում է:

 Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:

 Քչերը գիտեն, որ Դուք մասնակցել եք 2-րդ Համաշխարհային պատերազմին: Այն էլ` իբրև օդաչու:

 2.5 տարում ես չվերթներ կատարեցի 4 աշխարհամասերում` հազարավոր ժամեր մնալով օդում:

 Դուք վարձատրվում էի՞ք:

 1000 դոլար յուրաքանչյուր թռիչքի համար:

 Դուք իսկապես հաջողակ եք:

 Ինչու՞:

Քչերը կարող էին երազել` վարձատրվել պատերազմի տարիներին, այն էլ` 2-րդ Համաշխարհային պատերազմի:

Այո, բայց հաշվի առնելով վտանգը, կարող էիր չհասցնել վարձատրվել:

Եվ որքա՞ն գումար աշխատեցիք այդ ընթացքում:

Ես չեմ սիրում խոսել իմ եկամուտների մասին:

Ինչպես բոլոր մեծահարուստները:

Բայց նրանցից շատերի կենսակերպը խոսում է իրենց եկամուտների մասին:

Ես կասեի ճչում է, ոչ թե խոսում: Օրինակ Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր:

Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:

Օրինակինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերները:

Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:

Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ:

Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և հարուստների, և պետության, և հասարակության համար:

Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում:

Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:

Շատ փող ունեցող աղքատներ: Հրաշալի ձևակերպում է, հատկապես Հայաստանի համար:

Այո, դու կարող ես ամբողջ կյանքում աղքատ մնալ` նույնիսկ եթե մարմինդ մտնի ամենաթանկարժեք հագուստների մեջ, տեղաշարժվի ամենաշքեղ մեքենաներով: Հարստությունը միայն նյութական բարեկեցությունը չէ:

Իսկ փողով կարելի՞ է երջանկություն գնել:

Եթե հնարավոր լիներ երջանկությունը գնել, գուցե և կարելի լիներ: Բայց երջանկությունը չես գնի:

Ամեն դեպքումփողը բավարա՞ր պայման էերջանիկ լինելու համար:

Ո՛չ:

Փաստորենկարելի է լինել դժբախտ հարուստ:

Այո, բայց ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում:

Պրն. Քրքորյան, հոգեբանորեն ի՞նչ է նշանակում լինել միլիարդատեր:

Որևէ գերբնական բան չի նշանակում:

Երբ դուրս ես գալիս փողոց և հասկանում, որ աշխարհում ամեն բան կարող էս գնել. դա ինչ-որ բան փոխու՞մ է մարդու աշխարհայացքում:

Նախ, ամեն բան չէ, որ կարող ես գնել, օրինակ` հարգանքը կամ իմաստությունը: Բայց ամենազորության այն պատրանքը, որ տալիս է փողը, կարող է մարդուն հավասարապես կատարելագործել կամ դեգրադացնել: Եթե քեզ համար ամեն ինչի չափման միավորը փողն է, ապա դու ավելի շուտ կդեգրադացվես:

Բայց շատերը կնախընտրեն լինել դեգրադացված հարուստ, քան իմաստուն աղքատ:

Եթե ընտրությունը լիներ այդ երկուսի միջև` գուցե: Բայց կյանքն անսահմանափակ ընտրությունների հնարավորություն է:

Ես Ձեզ հետ համաձայն չեմ: Օրինակ, եթե մարդը ծնվել է աղքատ` նա դա չի ընտրել: Կան բաներ, որոնք մեզ տրվում են առանց ընտրության:

Խնդիրը մոտեցման մեջ է. մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ: Բայց ինչպես նա կապրի իր կյանքը` դա իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում:

Իսկ ինչպե՞ս ընտրել բոլոր տարբերակներից ամենաճիշտը:

Չկա ամենաճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու:

Իսկ կանանց հարցում է՞լ է այդպես` ամեն պահի կարո՞ղ է հայտնվել ավելի լավ ընտրություն: Դուք ամուսնացել եք երեք անգամ:

Ես չասացի ավելի լավը, ասացի ավելի հարազատ: Բայց կանայք մասնագիտության պես չեն` իրենք կարող են քեզ ընտրել: Այստեղ ընտրությունը երկկողմանի է (ժպտում է):

Կանանցից միանգամից անցնենք Հայաստանին, պրն. Քրքորյան:

Հրաշալի անցում է:

Ըստ Forbs-ի 2014 թ. տվյալների, Դուք աշխարհի ամենահարուստ հայն եք:

Իսկապե՞ս:

Այո: Հայերը Ձեզանով շատ են հպարտանում:

Ինչու՞: Որովհետև ես հարու՞ստ եմ:

Գուցե նաև:

Բայց դրանով պետք չէ հպարտանալ: Եթե այդպես լիներ, արաբներն ամենից հպարտ ժողովուրդը կլինեին:

Բայց հայերը ոչ բոլոր հարուստներով են հպարտանում:

Իսկ Հայաստանի մեծահարուստներով հպարտանու՞մ են:

Ո՛չ: Նրանցից շատերի համար ամաչում են:

Ինչու՞:

Հիշու՞մ էք` ասացիք, որ հարստությունը մարդուն կարող է հավասարապես կատարելագործել կամ դեգրադացնել…

Ահա թե ինչ:

Պրն. Քրքորյան, վերջում ի՞նչ խորհուրդ կտայիք հայաստանյան մեծահարուստներին:

Թող լինեն այնպիսին, որ մարդիկ իրենցով ոչ թե ամաչեն, այլ հպարտանան:

www.lragir.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր