• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հեռակապով Հանդիպում Ունեցաւ Եւրոպայի Հայոց Առաջնորդների Հետ

25.06.2020   10:27

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցաւ Եւրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատուիրակների եւ առաջնորդական տեղապահների հետ։

Տեսակապի ձեւաչափով հանդիպմանը մասնակցում էին Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի հայրապետական պատուիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսեանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը, Շուեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանեանը եւ Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորէն վարդապետ Առաքելեանը։

Իր հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով Եւրոպայի հայկական եկեղեցական կառոյցները ներկայացնող հոգեւորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբութիւնը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարաւորութիւնը՝ վստահութիւն յայտնելով, որ այն մեծապէս պիտի նպաստի հոգեւոր առաքելութեան առաւել արդիւնաւէտ իրագործմանը, Եկեղեցին յուզող հարցերի շուրջ քննարկումների ծաւալմանը եւ փորձառութեան փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու աւանդոյթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգեւոր սպասաւորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտօնէութիւնը։

Հանդիպմանը քննարկուեցին Եւրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կեանքին եւ առկայ իրադրութեան մէջ եկեղեցականների հովուական առաքելութեանն առնչուող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեցին ներկայ իրավիճակի, համավարակի կանխարգելման եւ հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ թեմերի եւ հայրապետական պատուիրակութիւնների կողմից ձեռնարկուող քայլերի մասին։ Ուրախութեամբ ծանուցուեց, որ առաջիկայ ամիս հայկական եկեղեցիները Եւրոպայում կը սկսեն լիարժէքօրէն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցութեամբ մասնաւոր քննութեան առարկայ դարձաւ Սուրբ Հաղորդութեան բաշխման ձեւի հարցը։ Վերահաստատուեց, որ մինչեւ նոր տնօրինութիւն պէտք է պահպանուի բաշխման աւանդական եղանակը՝ ապահովելով առողջապահական բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկութիւններ փոխանցեց համավարակի պայմաններում Հայրենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացուող սոցիալական, կրթական եւ առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց այն թեմերին, որոնք իրենց նուիրատուութիւններով զօրակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցութեան ծրագրերին, ինչպէս նաեւ իրենց երկրներում կազմակերպել օժանդակութիւն կարիքի մէջ յայտնուած հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակութեամբ տեղեկացնելով յունիսի 14-ին տաճարի կենտրոնական գմբէթի խաչի օծման եւ տեղադրման մասին։ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնութեան եւ շնորհի նշան է, յոյս առկայ դժուարութիւնների յաղթահարման եւ կեանքի բնականոն ընթացքի վերականգնման։ 

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգեւոր դասին զօրացնել ազգային-եկեղեցական կեանքը թեմերում եւ պատուիրակութիւններում՝ նպաստելով նաեւ ազգային ինքնութեան անխաթար պահպանմանը եւ հայ համայնքների պայծառութեանը։ Հայոց Հովուապետը կարեւոր նկատեց, որ եկեղեցականների հովուական աշխոյժ աշխատանքի շնորհիւ իւրաքանչիւր հայորդի ներգրաւուի համայնքային եւ եկեղեցական կեանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաեւ Եկեղեցու, ազգի եւ հայրենիքի հետ։

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր