• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Դուք Մեր Ժամանակի Հերոսներն Էք». Ամենայն Հայոց Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում Հիւրընկալեց ՀՀ Նախագահին Եւ Վիրաւորում Ստացած Զինուորներին

20.12.2019   08:59

Դեկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի առաջնորդութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած` Արցախեան ազատամարտում եւ սահմանին մարտական հերթապահութիւն իրականացնելիս վիրաւորում ստացած 15 հայորդիների:

Նորին Սրբութիւնն իր ուրախութիւնը յայտնեց հայրենեաց պաշտպանների Մայր Աթոռ այցելելու առիթով` գոհունակութեամբ արձանագրելով, որ նման խիզախ հայորդիների անձնուէր ծառայութեան շնորհիւ է խաղաղ ու ապահով հայրենիքը:

Վեհափառ Հայրապետը ողջունեց եւ մեծապէս կարեւորեց նման նախաձեռնութիւնները, որոնք նպատակ են հետապնդում արժանին մատուցել Հայոց բանակի քաջարի զինուորներին, նաեւ հասարակութեան ուշադրութիւնը սեւեռել նրանց խնդիրներին, վիրաւորում եւ հաշմանդամութիւն ստանալուց յետոյ բնականոն կեանքին վերադառնալու դժուարութիւններին:

«Մենք սիրում ենք ձեզ եւ բարձրօրէն գնահատում: Դուք մեր ժամանակի հերոսներն էք: Դուք ձեր կեանքով, ձեր ընթացքով ու արիութեամբ վաւերացրել եւ հաստատել էք նաեւ մեր հայրերի կողմից բանաձեւուած խօսքը, թէ քաջերի որդիները քաջերն են: Դուք մեր նախնեաց քաջ զաւակներն էք», – ասաց Նորին Սրբութիւնը` վկայակոչելով սուրբգրային խօսքը` «Ոչ ոք չունի աւելի մեծ սէր, քան այն, որ մէկն իր կեանքը դնի իր բարեկամների համար» (Յովհ. 15.13):

Հաստատելով, որ իրենց դրսեւորած հայրենասիրութեամբ ու քաջութեամբ նրանք լաւագոյն եւ ուսանելի օրինակն են նորահաս սերնդի համար` Հայոց Հովուապետն ընդգծեց, որ ազգը սիրում է իր հերոսներին ու պաշտպաններին եւ մշտապէս պատրաստակամ է ըստ ամենայնի զօրակից եւ աջակից լինելու Հայոց բանակին:

Նորին Սրբութիւնը գնահատանքով փաստեց, որ ազատամարտի եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում ստացած վիրաւորումները չեն ընկճել հայորդիների խիզախ ոգին եւ վերջիններս լաւատեսութեամբ, հաւատքով շարունակում են իրենց կեանքի ընթացքը՝ տարբեր ասպարէզներում օգտակար ծառայութիւն բերելով հայ ժողովրդին ու հայրենիքին, իսկ նրանց ընտանիքները հպարտութեան զգացումով, հայրենանուիրումի բարձր գիտակցութեամբ բաժնեկից են նրանց առջեւ ծառացող դժուարութիւններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Աստծոյ պահպանութիւնն ու զօրակցութիւնը քաջարի մարտիկներին ` մաղթելով խաղաղ եւ երջանիկ կեանք:

Այնուհետեւ ներկաներին իր խօսքն ուղղեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը:

«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կեանքի, իրենց ոգով, այն հերոսական յաղթանակով, որ պարգեւել են մեզ: Դուք բոլորդ յաղթած բանակի զինուորներ էք: Ձեզնից իւրաքանչիւրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապէս ունենք մեր տարածաշրջանի ամենահզօր բանակներից մէկը: Բանակը հզօր է նաեւ իր ոգով: Երբ բանակը կառուցւում էր, ձեր հայրերը եւ պապերը կանգնեցին ի պաշտպանութիւն հայրենիքի եւ Արցախի ու յաղթեցին: Այդ յաղթանակի ոգին ուղղակիօրէն փոխանցւում է յաջորդ սերնդին, այն ուղղակիօրէն է փոխանցուել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել էք ձեր ծնողներից, այն ոգով եւ այն ուժեղ կամքով, որ ժառանգել էք ձեր հայրերից, պապերից, մայրերից եւ տատերից: Դուք հայրենիքին տուել էք ձեր կեանքն ու առողջութիւնը, դուք պայքարել էք կեանքի համար եւ յաղթել էք, անցել էք դժուարութիւնների միջով եւ ձեր ներսում պահել էք կեանքի հանդէպ հաւատը. ձեր կեանքը իմաստաւորուած է», – ասաց ՀՀ նախագահը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահը զրուցեցին հանդիպման մասնակիցների հետ:

Հանդիպումից յետոյ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Յովհաննէս Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայութեամբ ՀՀ նախագահի ու վիրաւորում ստացած զինուորների, կատարուեց Հանրապետական մաղթանք:

Արարողութեանն աղօթք բարձրացուեց առ Աստուած հայրենիքի խաղաղութեան ու անսասանութեան եւ Հայոց բանակի յաղթական ընթացքի համար:

Տեղի ունեցաւ նաեւ ընդունելութիւն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ նախագահը իրենց բարեմաղթանքները փոխանցեցին քաջարի զինուորներին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր