• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Բազմազաւակ Քահանաների Ընտանիքների Հետ

30.11.2019   01:03

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում հանդիպում ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերում ծառայող բազմազաւակ քահանաների ընտանիքների հետ:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը` շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանն անցնող 2019 թուականն Ընտանիքի տարի հռչակելու եւ այդ առիթով ընտանեկան աւանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղուած բազմաթիւ ծրագրերի եւ միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախութիւնը յայտնեց հանդիպման առիթով` առաւել կարեւորելով այն փաստը, որ հանդիպումը չորս եւ աւելի զաւակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարուայ շրջանակներում: Նորին Սրբութիւնը հաստատեց, որ տարուայ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից նախաձեռնուած քայլերը եւ միջոցառումները  պէտք է շարունակական բնոյթ կրեն` առաւել չափով ժողովրդի ուշադրութիւնը սեւեռելու ընտանեկան արժէքների վրայ:

Ընդգծելով, որ բազմազաւակութիւնը երկնային օրհնութիւն է` Նորին Սրբութիւնը մասնաւորաբար նշեց, որ ընտանիքը փոքր եկեղեցի է: Հայոց Հովուապետն շեշտեց, որ ընտանիքի գոյութեան առաջնային հիմքը տղամարդու եւ կնոջ սէրն է՝ հաստատուած Տիրոջ ներկայութեամբ եւ օրհնութեամբ, շաղախուած փոխադարձ յարգանքով ու ներողամտութեամբ, զիջելու պատրաստակամութեամբ եւ խոնարհութեամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւով արձանագրեց, որ արդի աշխարհում ընտանիքի աւանդական ընկալումը ենթարկւում է ձեւախեղումների, աղաւաղւում է ոչ միայն «ընտանիք» հասկացութիւնը, այլեւ փորձ է արւում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապուած մի շարք կենսական իրողութիւններ՝ սիրոյ զգացումը, սրբութեան ընկալումը, ընտանեկան յարաբերութիւնների մէջ պատասխանատուութիւնը, զոհողութեան ոգին: Նորին Սրբութիւնն ասաց, որ հարկաւոր է զերծ պահել ազգը ներմուծուող այն արատաւոր երեւոյթներից, որոնք այսօր ներկայացւում են իբրեւ մարդու իրաւունք կամ ազատութեան դրսեւորում:

Այդ փորձութիւնների յաղթահարման եւ քրիստոնէական ընտանիքների զօրացման գործում Վեհափառ Հայրապետը կարեւորեց Հայ Եկեղեցու եւ մասնաւորապէս հոգեւոր հովիւների առաքելութիւնը` նշելով, որ քահանաները կոչուած են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլեւ հայրաբար խնամելու հաւատացեալներին:

Հայրապետն ընդգծեց, որ հոգեւոր հովիւների առանցքային ծառայութիւնը պէտք է լինի հայ ընտանիքի զօրացումը հոգեւոր եւ բարոյական արժէքներով, որոնց է միայն հնարաւոր երաշխաւորել հայրենիքի անսասանութիւնը, շէն ու պայծառ ազգային կեանքը: «Որքան փարուած լինենք ազգային ու հոգեւոր արժէքներին, այնքան զօրեղ կը լինենք եւ առաջընթաց կ’արձանագրենք մեր կեանքում», – ասաց Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին յանձնարարելով առաւել մեծ ուշադրութիւն դարձնել երիտասարդութեան հետ տարուող աշխատանքներին, նրանց մէջ աւանդական, քրիստոնէական ընտանիքի վերաբերեալ ընկալումների ձեւաւորմանը եւ հոգեւոր արժէքների սերմանմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քահանան իր բազմազաւակ ընտանիքով պէտք է լաւագոյն օրինակը լինի համայնքի համար:

Վերջում, իր գնահատանքը յայտնելով ներկաներին,  Նորին Սրբութիւնը հայցեց, որ Տէրն Իր մշտական օրհնութեան ներքոյ երջանկութեան, սիրոյ եւ խաղաղութեան մէջ պահի բոլոր հայ ընտանիքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաների զաւակներին նուէրներ ընծայեց, որից յետոյ նրանք այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր