• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասնակցեց Կոմիտասի 150-Ամեակին Նուիրուած Միջոցառումների Շարքի Բացմանը (լուսանկարներ)

27.09.2019   09:43

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդեան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկնարկեց Վարդապետի 150-ամեակին նուիրուած միջոցառումների շարքը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Կոմիտասի թանգարան, որտեղ հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով յոբելենական միջոցառումների մեկնարկը:

Արարողութեանը ներկայ էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը, ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը, ազգային բարերար Գաբրիէլ Չեմպերջեան, մշակոյթի գործիչներ եւ այլ մտաւորականներ:

Թանգարանի ցուցասրահներով շրջելուց յետոյ դահլիճում ներկաներին ողջունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանդեանը, ապա պաշտօնապէս ներկայացուեց Կենտրոնական բանկի կողմից Վարդապետի 150-ամեակի առիթով թողարկուած արծաթէ յուշադրամը:

Հիւրերը հնարաւորութիւն ունեցան նաեւ ունկնդրելու ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սուետլանա Նաւասարդեանի կոմիտասեան կատարումները:

Արարողութեան ընթացքում կոմիտասեան երգերով հանդէս եկաւ «Գեղարդ» երգչախումբը, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկէան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականների եւ հրաւիրեալների ուղեկցութեամբ այցելեց Կոմիտաս վարդապետի շիրիմին, որտեղ կատարուեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղութեան համար կատարուած աղօթքից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց ներկաներին Վարդապետի ծննդեան 150-ամեակի առիթով:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խօսքը

Կոմիտաս Վարդապետի Շիրմին

 

«Պատրաստ է սիրտ իմ Աստուած,

օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք»

(Սաղմ. ԾԶ 8)

Սիրելինե՛ր,

Գոհութիւն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Նրա բարերար կամքով այսօր, Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեայ յոբելեանի շրջանակներում,  առիթն ունենք ոգեկոչելու հայ երգարուեստի մեծագոյն նուիրեալի յիշատակը։ Նրա ամբողջ ներաշխարհը, հոգեւոր ու մտաւոր նրա ողջ էութիւնը, նրա կեանքն ու գործը կատարելապէս արտայայտւում է սաղմոսերգուի փառաբանական խօսքերի մէջ՝ «Իմ սիրտը պատրաստ է, Աստուա՛ծ իմ, օրհներգելու եւ սաղմոս ասելու քեզ իմ ողջ էութեամբ»։

Կոմիտաս վարդապետն արդէն շուրջ մէկ դար իր հայրենաբոյր եւ սրբազան երգով հատել է ժամանակի եւ տարածութեան սահմանները՝ հայկական ինքնութեան արմատներից սնուող ու արդիւնաւորուող ստեղծագործութեամբ դառնալով զրուցակիցը հայ եւ այլազգի երաժշտասէր իւրաքանչիւր  անձի հոգու ապրումներին։ Քրիստոսասէր մեր ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մէջ էր նա տեսնում մեր դարաւոր ինքնութիւնը, այդտեղ, նրա իսկ խօսքերով՝ «որպէս զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազգին»։

Կոմիտասը, Աստծոյ, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդէպ իր անսասան հաւատով մաքրեց ու հայեացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգեւոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլեւս յաւիտենապէս ճանաչում է իր հոգեւոր «ես»-ը, առերեսւում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նուիրական աղօթքին, հայրենաշունչ եւ խրոխտ նախնեաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին: Կոմիտաս վարդապետը յաւիտենութեան մէջ դրեց մեր երգը՝ ցեղասպանութեան սարսափի մէջ անգամ դառնալով հայ ժողովրդի անկորնչելի դարաւոր յոյսը եւ հոգու զրոյցն Աստծոյ հետ։

Մեծ վարդապետի ծննդեան յոբելենական այս տարում նա յառնում է ամէնքիս առաջ՝ իբրեւ Աստծուն ուղղուած ողջ հայութեան հառաչանքի ու յոյսի, անկեղծ աղօթքի ու նորոգութեան խորհրդանիշ։ Այս է գաղտնիքը նրա ստեղծագործութիւնների համամարդկային ու համահայկական հաղորդականութեան, որոնք իրենց բովանդակութեամբ պարզ են, բայց եւ հանճարեղ եւ որոնք մեր ժողովրդին բերում են պատգամը ապրելու հոգեւոր-մշակութային արժէքներին հաւատարիմ կեանքով։  Կոմիտասը մեզ տալիս է լուսոյ մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրաւէրների այս դարաշրջանում լուսաւորելու մեր ուղին, հնագոյն մեր արժէքների շուրջ համախմբելու ամէնքիս՝ իբրեւ ազգ, իբրեւ նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ։

Կոմիտասի սիրտն ամէն վայրկեան բաբախում էր՝ Աստծուն եւ իր հայրենիքին ծառայելու եւ փառաբանելու մղումով։ Նրա շիրիմի առաջ խոնարհուած՝ ուսանենք աստուածսիրութեան ու հայրենասիրութեան այս մեծ օրինակը, որն անվախճան է ու անանց՝ հոգեւոր-ազգային իր լայն ընդգրկումով եւ նուիրականութեամբ։

Այս մաղթանքով Մեր հայցն ենք բարձրացնում առ Աստուած, որ երկնային օթեւաններում յաւէտ երանութիւն եւ խաղաղութիւն պարգեւի երանաշնորհ Կոմիտաս վարդապետի լոյս հոգուն:

Մշտահունչ աղօթք եւ օրհնութիւն Կոմիտաս վարդապետի անմահ ու մշտավառ յիշատակին:

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր