• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մենք Կրնանք Ըլլալ Նոր Աշխարհի Ու Նոր Մետաքսի Ճանապարհի Կարեւոր Մասը. Արմէն Սարգսեան

11.10.2018   01:12

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան երէկ մասնակցած է Ֆրանքոֆոնիայի տնտեսական ժողովի բացումին: Ինչպէս կը փոխանցէ «Արմէնփրես»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու վարչունենէն կը տեղեկացնեն, որ ժողովը տեղի կ’ունենայ «Թումօ» ստեղծարար արհետագիտութեանց կեդրոնին մէջ՝ Հանրապետութեան նախագահի բարձր հովանիին ներքոյ:

Հանդէս գալով բացման խօսքով՝ Արմէն Սարգսեան մասնաւորապէս նշած է.

«Ինձ համար մեծ պատիւ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դէմք եւ նոր ապագայ ունեցող նոր Հայաստանում։

Իսկապէս, այս իրադարձութիւնը հսկայական նշանակութիւն ունի:

Նախ եւ առաջ, կը ցանկանայի իմ անկեղծ շնորհակալութիւնը յայտնել Ֆրանքոֆոնիայի գլխաւոր քարտուղար Միքայէլ Ժանին եւ նրա գրասենեակին, ամբողջ կազմակերպութեանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու եւ այն մեզ հետ կիսելու, Ֆրանքոֆօն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլեւ այս միջոցառումն իրականութիւն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:

 

Ինչո՞ւ է Ֆրանքոֆօն երկրների տնտեսական ֆորումը կարեւոր։ Նախ եւ առաջ Ֆրանկոֆօն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանքոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձութիւն է։ Երկրորդը՝ յուսով եմ, որ ես բացում եմ ֆրանքոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Յուսով եմ, որ այստեղ՝ Երեւանում, ապագայում եւս կը կազմակերպուեն ֆրանքոֆոնիայի աւելի ու աւելի մեծ տնտեսական եւ այլ համաժողովներ:

Ֆրանքոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ ֆրանքոֆօն երկրների էութիւնը միայն լեզուն եւ մշակոյթը չեն: Ֆրանքոֆոնիան հսկայական՝ հարիւր միլիարդաւոր եւրօներ արժեցող տնտեսութիւնների շուկայ է, որը կապում է Եւրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հիւսիսը հարաւին կապող միակ եւ ամենակարեւոր ուղին է՝ օգնելով հարաւին աւելի մեծ շուկայ մտնել, օգնելով հիւսիսին բացայայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։

Միւս կողմից, Հայաստանը իւրայատուկ վայր է։ Մենք, որպէս պետութիւն, թէ՛ արեւելքի, թէ՛ արեւմուտքի մաս ենք եղել, մշտապէս եղել ենք արեւելքարեւմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարաւոր տարիների պատմութիւն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնուում էք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթութիւնն արդէն 2800 տարուայ պատմութիւն ունի։ Սակայն խօսքը միայն պատմութեան մասին չէ։ Երէկ ես խօսում էի Նիւ Եորքի Մեթրոփոլիթէն թանգարանում վերջերս բացուած հրաշալի ցուցադրութեան մասին, որը կոչուում է «Հայաստան»: Ցուցադրութիւնը մեր պատմութիւնը ներկայացնում է ոչ թէ հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթէ ձեզնից որեւէ մէկն առաջիկայ ամիսներին կը լինի Նիւ Եորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմութիւնը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առեւտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարեւոր եւ ինչոր առումով նաեւ՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչեւ Կալքաթա, Սամարղանդից եւ Բուխարայից մինչեւ Թուլուզ եւ Մանչեսթըր։

Մենք ոչ միայն պատմութիւն, մշակոյթ ունեցող, այլեւ առեւտրով զբաղուող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրայ։ Եւ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանքոֆօն հիանալի հասարակութեան եւ ընտանիքի մասը, այլեւ այն երկիրը, որը կօգնի Եւրոպայի եւ Աֆրիկայի ֆրանքոֆօն երկրներին, Գանատային առեւտրով ու գործարարութեամբ զբաղուել եւրասիական հսկայական տարածքում։ Եկէք, չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտուում է որոշակի հարկային ու մաքսային արտօնութիւններից, միւս կողմից՝ Հայաստանը կարեւոր համաձայնագիր է ստորագրել Եւրամիութեան հետ։ Հայաստանն իսկապէս արեւելքի ու արեւմուտքի երկիր է։ Մենք իսկապէս ցանկանում ենք կրկնել այն յաջողութիւնը, որն ունեցել ենք միջին դարերում։

Իհարկէ, խօսելով պիզնեսների մասին, յիշում ենք խոշոր ընկերութիւններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերութիւններ են եւ իրենց գործունէութիւնը ծաւալում են ողջ աշխարհով։ Միւս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանքոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։

Հայաստանն ունի արդիւնաբերութեան առաջատար ուղղութիւններ, որոնցից մէկը տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնեակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդէն աշխատում են մեծ միջազգային ընկերութիւնների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կը ցանկանայի տեղեկատուական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆօն ընկերութիւններին տեսնել այստեղ:

Միւսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջաւոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել եւ աշխատում են այստեղ առաջին իսկ օրուանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանեան, յունական, լիբանանեան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպէս դարպաս ծառայել:

Դուք կարող էք գալ եւ գրանցել ձեր ընկերութիւնն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է աւելի ու աւելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաեւ իրաւական տեսանկիւնից: Մի երկիր, որտեղ օրէնքն աւելի ու աւելի գործող է դառնում: Դուք կարող էք ձեր ընկերութիւնը գրանցել այստեղ եւ պիզնես իրականացնել Ղազախստանում, Պելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզպեքստանում եւ տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպէս հանգոյց:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպէս նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ եւ կառավարութիւն։ Այստեղ ամէն ինչ երիտասարդ է, ամէն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրայ։ Ինչպէս գիտէք՝ Հայաստանում ապրիլին յեղափոխութիւն տեղի ունեցաւ։ Ոմանք այն կոչում են «թաւշեայ յեղափոխութիւն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանուանեմ «Երիտասարդ Հայաստան»: Դա մեծ նուաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլեւ արտասահմանում բնակուող հայերի կողմից։

Փոփոխութիւնը շարունակուում է, դա արագավազք չէ, 100 մեթրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պէտք է ուրուագծենք մեր ապագան առաջիկայ տարիների համար, բայց պէտք է սկսենք վազել մարաթոնեան վազքի արագութեամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագութիւն, բայց գիտակցելով, որ մարաթոնեան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է եւ կայ մէկ այլ յեղափոխութիւն, որը ցաւօք համաշխարհային հասարակութեան կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական յեղափոխութիւնն է, որը տեղի է ունեցել մեր երկրում եւ շարունակուում է այսօր, որի կարեւորութիւնն ամբողջովին գիտակցուած չէ: Եւ դուք այսօր այդ յեղափոխութեան կենտրոնում էք, այդ յեղափոխութիւնը կոչուում է ԹՈՒՄՕ:

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագայ ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը եւ ԹՈՒՄՕն՝ այն իւրայատուկ կազմակերպութիւնը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրութեան, այլեւ պիզնես հանրութեան մաս է, եւ ԹՈՒՄՕն այս ամէնն անում է յեղափոխական ձեւով: Այն Հայաստանից արտահանուելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկուա, Տոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլեւ արդէն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի յեղափոխութիւնը համապատասխանի ֆրանքոֆօն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակութիւն ստեղծի հիւսիսհարաւի եւ արեւելքարեւմուտքի միջեւ: Ես յուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցոյց կը տան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլեւ կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարեւոր մասը»:  

Share Button

Մեկնաբանել

Լրատուութեան գործընկեր