• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կեանքին եւ Սփիւռքին վերաբերող հարցեր

13.09.2018   20:52

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանին` ուղեկցութեամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգէն Յակուբեանի:

Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձաւ ՀԲԸՄ բազմաբնոյթ ծրագրերին Հայաստանում եւ Սփիւռքի համայնքներում, ինչպէս նաեւ Մայր Աթոռի հետ արդիւնաշատ գործակցութեանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանութեանը եւ հայկական մշակոյթի զարգացմանն ուղղուած ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց համահայկական մի շարք խնդիրների, ներառեալ Հայաստանում եւ Սփիւռքում Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Մասնաւորապէս խօսուեց Սփիւռքի համայնքների կեանքում հայոց լեզուի գործածութեան հետ կապուած մարտահրաւէրների եւ հայ ինքնութեան պահպանման վրայ դրանց ազդեցութեան մասին։ Կարեւորուեց Եկեղեցու դերակատարութիւնը յատկապէս երիտասարդ սերնդի՝ համայնքային կեանքում գործուն ներգրաւման հարցում: Այս կապակցութեամբ յատկապէս ընդգծուեց ժամանակակից տեխնոլոգիաների արդիւնաւէտ գործածութիւնը Հայաստանում եւ Սփիւռքի թեմերում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութեան իրականացման գործում:

Տիար Պերճ Սեդրակեանը Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեց Նիւ Եօրքի «Մետրօպոլիտեն» թանգարանում մօտ օրերս բացուելիք «Հայաստան» ցուցահանդէսի մասին, որտեղ ցուցադրուելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանուած` 4-ից 18-րդ դարերի հոգեւոր-մշակութային գանձեր եւ սրբութիւններ:

Գարեգին Բ Վեհափառն անդրադարձաւ ցուցահանդէսի բացառիկութեանը` ընդգծելով, որ այն հպարտութեամբ կլցնի հայորդիների սրտերը եւ աշխարհին հերթական անգամ կը վկայի համաշխարհային հոգեւոր-մշակութային ժառանգութեան մէջ հայ ժողովրդի իւրայատուկ ներդրման մասին:

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը բերեց Պերճ Սեդրակեանին ու Վազգէն Յակուբեանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցութեան համար։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Share Button

Մեկնաբանել

Լրատուութեան գործընկեր