• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ» ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

24.05.2019   16:38

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. Ամերիկայի Միացեալ Նահանգներում hայապահպանութեան ու ազգային ինքնութեան կարևոր դերակատարներից են հայկական դպրոցները, որոնք նաև կարևոր օղակն են աշխարհասփիւռ հայութեան և հայրենիքի միջև։ Այս կարևոր առաքելութեան հիմնասիւնը մշտապէս եղել և մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր թեմերով և եկեղեցական կառոյցներով։

Շուրջ ինը տասնամեակ այս սրբազան ծառայութեան ջահակիրներից է Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմը, որի կրթական, հոգևոր ու ազգային կեանքն էլ աւելի աշխուժացաւ թեմի բարեխնամ առաջնորդ, Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի անբասիր ու հայրենաշէն ջանքներով։ Այն հոգածութիւնը, ուշադրութիւնն ու հետևողականութիւնը, որ ցուցաբերում է Սրբազան Հայրը հայ մանուկների կրթութեան, հոգևոր ու հայեցի դաստիարակութեանը՝ անհերքելի իրողութիւն է։ Եւ նման հոգևոր Հօր հայրական հովանու ներքոյ ծառայելն ու սովորելը պատիւ է և բախտաւորութիւն։

Առաջնորդ Սբազան Հօր օրհնութեամբ Արևմտեան թեմում գործում են բազմաթիւ շաբաթօրեայ և կիրակնօրեայ վարժարաններ, որոնցից ամենամեծն առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցն է, որտեղ սովորում են տարբեր տարիքի շուրջ երեք հարիւր աշակերտ։ Այն աշխարհի միօրեայ ամենամեծ հայկական կրթական հաստատութիւնն է։ Դպրոցը որդեգրել է Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցների դասագրքերը և ծրագրերը պատշաճեցուել են Քալիֆորնիայի կողմից սահմանուած լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչներին։ Կրթօջախն ունի վեց դասարան, որտեղ սովորող երեխաները բաշխուած են ըստ լեզուի իմացութեան։ Ուսումնական տարուայ տևողութիւնը տասը ամիս է։ Դպրոցը 2015 թ.-ին Համաշխարհային հայկական քոնկրէսի և Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից ճանաչուել է որպէս մայրենի լեզուի պահպանման լաւագոյն հաստատութիւն և արժանացել գլխաւոր մրցանակի և դիպլոմի։ Վարժարանի աւարտական վկայականը ամերիկեան հաստատութիւնների կողմից ճանաչւում է որպէս երկրորդ օտար լեզուի վկայագիր։

Վերջին տարիներին ուսումնական մակարդակի միօրինականացման ու զարգացման նպատակով Առաջնորդարանի գիտակրթական յանձնախումբը՝ գլխաւորութեամբ Դոկտ. Էլլի Անդրէասեանի, համակարգում է թեմապատկան դպրոցների գիտական ծրագրերը, կազմակերպում և իրականացնում ուսուցիչների ամենամեայ վերապատրաստման դասընթացներ։ Վերջիններս նպատակ ունեն մանկավարժներին մատուցելու վերջին գիտական ու կրթական նորութիւնները և դրանք աշակերտներին փոխանցելու վարպետութիւնը։

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը եկեղեցու ապահով ու լուսասփիւռ յարկի ներքոյ իրականացնում է հետևողական, լուրջ ծրագիր, որը միտում ունի պատշաճ կազմակերպելու և կեանքի կոչելու ազգային արժէքների և ոսկեղենիկ մայրենիի պահպանման ու տարածման պատասխանատու առաքելութիւնը։ Այս չափազանց կարևոր աշխատանքին իրենց մեծ նուիրումն են բերում նաև դպրոցի բազմափորձ և արհեստավարժ ուսուցիչներն ու ողջ աշխատակազմը՝ գլխաւորութեամբ դպրոցի տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրուեանի, որի անմիջական հսկողութեամբ, անձնուէր ու անսպառ նուիրուածութեամբ դպրոցի առօրեան դառնում է հետաքրքիր ու բովանդակալից։

Օրն սկսւում է Ս․ Ղևոնդեանց Մայր տաճարի հովիւ, արժանապատիւ տէր Խաժակ քահանայ Շահբազեանի հետաքրքիր ու խրատական հոգևոր զրոյցով ու աղօթքով։ Դասերի ընթացքում աշակերտները մասնակից են լինում խօսքի կառուցման, մայրենիի բառապաշարի հարուստ հնչեղութեանը, որը իւրօրինակ փորձ է հնչեցնելու և տարածելու մեր սուրբ մայրենին։ Հարկ է նշել նաև, որ հաստատութիւնն իր առջև նպատակ է դրել ոչ միայն հայոց լեզուի իմացութեան, այլև հայոց պատմութեան, մշակոյթի և ազգային երաժշտութեան նիւթերի ուսուցմանն ու զարգացմանը։ Դրա վառ վկայութիւնն են գրական, կրթական և համայնքային միջոցառումների, ինչպէս նաև հանդէսների պատշաճ մակարդակով անցկացումն ու իրականացումը։

Ողջ ուսումնական տարուայ ընթացքում աշակերտները պատրաստւում և ներկայացնում են տարբեր թեմաներով անհատական և խմբակային աշխատանքներ՝ նուիրուած Հայաստանին, հայ մշակոյթին, հայոց պատմութեանը։ Դրանք մանուկների ձեռքով պատրաստուած ու ձևաւորուած պաստառներ, համակարգչային յղումներ են, որոնք մեծ հետաքրքրութիւն ու աշխուժութիւն են մտցնում դպրոցական առօրեայում։

Անցնող ուսումնական տարում տեղի ունեցան մի շարք ներդասարանային և համայնքային միջոցառումներ ՝ նուիրուած Երևանի 2800-ամեակին, աշնանն ու գարնանը, նրանց գոյներին, Զատիկին, Յովհաննես Թումանեանի և Կոմիտասի ծննդեան 150-ամեակներին, Երևանի մատենադարանին, եղան նաև անհատական արուեստի աշխատանքներ ու ազգային աւանդական տարազների վերաբերեալ ցուցադրումներ։

2018 թ.-ի Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և Ամանորի հանդէսը, որին մասնակցում էին բոլոր դասարանների աշակերտները։

Աշակերտները տարին մի քանի անգամ մասնակցում են նաև կիրակնօրեայ պատարագներին, որոնցից յիշատակելի է Ծաղկազարդի թափօրը և մանուկների օրհնութեան կարգին մասնակցելը։

Աւանդութեան համաձայն, Ապրիլի 24-ի մերձակայ շաբաթ օրն աշակերտները հաւաքւում են Տաճարին կից Սրբոց Նահատակաց խաչքար յուշարձանի շուրջ, ուր ծաղիկներ են խոնարհում և յարգանքի տուրք մատուցում անմեղ ու սուրբ նահատակներին։

***

Աշակերտների գիտելիքներն ամփոփւում են տարեկան աւարտական քննութիւններով, որոնք աշակերտները յանձնում են փայլուն առաջադիմութեամբ, որին հետևում է ամավերջի հանդէսը։ Այս տարի այն տեղի ունեցաւ Մայիսի 18-ին և բաղկացած էր երկու մասից։ Բացման խօսքով հանդէս եկաւ տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրուեանը, ով իր շնորհակալական խօսքն ուղղեց Առաջնորդ սրբազանին, եկեղեցու հովուին, ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին։

Առաջին դասարանցիներն իրենց մանկական շուրթերից հնչեցրին քաղցրիկ մայրենին և խոստացան հաւատարիմ մնալ Մաշտոցի պատգամներին։ Ապա եկեղեցում տարածուեց նրանց երգն ու երաժշտութիւնը՝ ներկաներին պարգևելով մեծ յուզականութիւն և ոգևորութիւն։ Հանդիսութեան աւարտին փոքրիկներին յանձնուեց «Տառաճանաչութեան վկայականներ։ 2-5-րդ դասարանի աշակերտներն իրենց անհատական և խմբակային հայրենասիրական երգերով գունաւորեցին միջոցառման երկրորդ մասը, իսկ 6-րդ դասարանի աշակերտները ոգեկոչեցին հայութեան եօթը հրաշալիքները՝ սիրով ու ջերմութեամբ խօսելով մայրութեան, հայոց լեզուի, հայրենասէր հերոսների ու հայրենիքի մասին։ Յայտագիրը յագեցած էր ճոխ գեղարուեստական կատարումներով։ Ապա, արժանաշնորհ տէր Խաժակ քահանայ Շահբազեանը ներկաներին ընթերցեց առաջնորդ Տ․ Յովնան սրբազանի գնահատանքի և օրհնութեան գիրը և փոխանցեց նաև իր ջերմ բարեմաղթանքները։

Աւարտին, 6-րդ դասարանի աշակերտներն ստացան աւարտական վկայականներ, որից յետոյ բոլորը մասնակցեցին տօնական հիւրասիրութեան։

Օրուայ խորհուրդն ամփոփուեց «Թրբանջեան» հրապարակում, որտեղ շրջանաւարտները գունաւոր փուչիկներ արձակեցին և իրենց գլխարկները օդում պտըտելով ազդարարեցին իրենց շրջանաւարտ լինելը։

Յետևում մնացին հանդիսութեան յուզականութիւնն ու հանդիսաւորութիւնը, բայց բոլորի աչքերում կար թաքուն ու խորհրդաւոր լռութիւն, որը հրաժեշտ էր հարազատ դարձած դպրոցին ու ուսուցիչներին՝ միևնոյն ժամանակ յոյսով ու հաւատքով, որ նոր ուսումնական տարին, որ մեկնարկելու է Օգոստոսի 17-ին, լինելու է նոյնքան յաջողակ և արգասաբեր։

ՌԻՄԱ ԵՍԱՅԵԱՆ

Ուսուցչուհի

Լոս Անճելըս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր