• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

100 զոհ, 6 պատանդ, ավերված 1700 Բնակարան ու Ազգային Կառույց. Սիրիայի Հայկական Համայնքի Հարատեւումը

26.09.2014   12:38

Պատերազմական Սիրիայում ապրող հայկական համայնքը, ի հեճուկս պատերազմի բերած բազմաթիվ սոցիալ-տնտեսական դժվարությունների, ապրում ու գործում է:

Սեպտեմբերին սկսվել է նոր ուսումնական տարին ու դպրոց բերել համայնքի երեխաներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ հարցազրույցըՍիրիայում բնակվող հայերի խնդիրների, համայնքային կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ:

-Կխնդրեի ներկայացնել պատերազմական Սիրիայի հայ համայնքի խնդիրները, ի՞նչ դժվարություններ են կրել նրանք այս ամբողջ
ընթացքում:

-Հայ համայնքն այս երեք տարիների ընթացքում որպես Սիրիայի ժողովրդի մեկ մասնիկը, բնականաբար, կրեց տագնապի
ազդեցությունները: Լինելով փոքր փոքրամասնություն` մենք շատ ավելի մեծ վնասներ կրեցինք` նյութական, ազգային կառույցների փլուզման տեսքով, հոգեկան իմաստներով, մեծ թվով մարդիկ դուրս եկան Սիրիայից, ունեցանք մարդկային կորուստներ: Այս բոլորի հետ սիրիահայությունը փորձեց գոյությունը պահպանել: Մեր հիմնախնդիրը ներկայում այս պատերազմից նվազագույն վնասներով դուրս գալն է, որովհետև մենք որևէ քաղաքական ուժի կողմնակից չենք, ոչ մի առնչություն չունենք պատերազմի հետ: Հայ համայնքի ուղղությունը սկզից ի վեր եղել է երկիրը դեպի ժողովրդավարություն, ավելի արդար հասարակարգ ուղղելու բոլոր ճիգերը պաշտպանելը: Գործակցել ենք Սիրիայի շահերը պաշտպանող բոլոր կողմերի հետ, որոնք երկիրը դեպի բարեկեցություն ու ժողովրդավարություն պիտի տանեին: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սիրիահայությունն առաջին իսկ օրից դեմ էր բռնարարքներին ու արտաքին այնպիսի միջամտություններին, որոնք երկրի տարածքային ամողջկանությունը կխաթարեին, երկրի ժողովրդի անդորրը կխախտեին, դեմ էինք արտաքին այնպիսի միջամտություններին, որոնք հրահրում են պատերազմը, ոչ թե լուծումներ են փնտրում: Այնպես որ սիրիահայությունն առաջին իսկ օրից հավատում է, որ սիրիական պատերազմի լուծումը հնարավոր է սիրիացի ժողովրդի բոլոր հատվածների մասնակցության երկխոսության ճանապարհով: Համայնքի գերխնդիրը եղել ու շարունակում է մնալ այն, որ համայնքը ֆիզիկական գոյությունը պահպանի, քանի որ ունեցանք շատ կորուստներ, մարդկային զոհեր` լինեն բանակում մեր զինծառայողները, թե հրթիռակոծությունների ժամանակ զոհվածները:

-Կա՞ն պաշտոնական տվյալներ, թե քանի մարդ է զոհվել պատերազմի սկզբից ի վեր, նյութական ի՞նչ կորուստներ ենք կրել:

-Պաշտոնական թվեր կան` մինչ օրս ունեցել ենք 100 զոհ, 106 առևանգյալ, որոնց մեծամասնությանն առևանգել են նյութական
ակնկալություններով:Մեծ գումարներ են պահանջել, եթե գումարները տային, ազատ կարձակվեին, այլապես կսպանվեին: Այս պահին 106-ից 6-ի ճակատագիրը հայտնի չէ` տեղյալ չենք նրանք ողջ են, թե սպանված: Ունեցել ենք 1700 բնակարան ու ազգային կառույց, որոնք վնասվել են, կիսաքանդ կամ մասամբ վնասված վիճակում են: Ավելի քան 1000 գործատեղիներ կամ մեծ գործարաններ քանդված, թալանված ու կողոպտված են:

Համայնքի թիվը հիսուն տոկոսով պակասել է, մի մասը ներգաղթել են Հայաստան` շուրջ 12 հազար մարդ, մի մասը` Լիբանան, մյուս մասն էլ Հայաստանի կամ Լիբանանի ճանապարհով մեկնել են Արևմտյան Եվրոպայի երկրներ: Մեր ցանկություն է, որ, որքանով հնարավոր է, սիրիահայերը հաստատվեն հայրենիքում, քանի որ այնտեղ առնվազն կարող են իրենց հայ ինքնությունը պահպանել:

-Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին Սիրիայում 30 հազար հայ բնակչություն կա:

-Մի քիչ վերապահումով` այո, քանի որ ստույգ թվեր չկան: Բացի արտաքին միգրացիան, տեղի է ունեցել նաև ներքին տեղաշարժ:
Մեծամասնությունը Հալեպից են գաղթել, քանի որ այն ամենավտանգավոր վայրն է ու կենցաղային ծանր պայմաններում է ապրում:

-Նշեցիք, որ հայ բնակչությունը որեւէ քաղաքական ուժի չի հարում, այլ Սիրիայի շահերի պաշտպանությամբ ու ժողովրդավարացմամբ է շահագրգիռ: Գիտենք, որ որոշ լրատվական հոսքեր նպաստում են նրան, որ ընդդիմադիրների կողմից բացասական վերաբերմունք է ձևավորվում հայ համայնքի նկատմամբ, ի՞նչ կասեք այս մասին:

-Սիրիայի հայ համայնքը ոչ թե չեզոք դիրքերից է հանդես եկել, այլ կառուցողական` համարելով, որ միայն խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով կարելի է գնալ փոփոխությունների: Մամուլում զանազան կողմեր փորձեցին սիրիահայությանը ներքաշել իրենց կողմը`կեղծ տեսանյութեր զետեղելով Youtube-ում, որոտեղ ներկայացված են ջոկատներ, որոնց դեմքը ամբողջովին ծածկված է, պարզապես ձեռքներին խաչ կա, ու նշվում է, որ քրիտոնյա ջոկատներ են, եկել են կռվելու այս կամ այն ուժերի կողքին: Սրանք իրականությունից հեռու տեղեկություններ էին: Կամ էլ Քեսաբի, Նոր Գյուղի զարգացումների ընթացքում մենք այլ լուր տեսանք, թե իբր հայկական ջոկատներ եկել են Սիրիա` Քեսաբն ազատելու: Դրանք ուղղակի ջոկատների նկարներ էին` գծված դեմքերով մարդկանցով: Բնականաբար, մենք ուզում ենք Սիրիայի շահերը պաշտպանել, մանավանդ, մեր հայկական տարածքները պաշտպանված տեսնել, բայց ոչ թե երկրի մակարդակով բախումների կողմ դառնալ: Դրանք ապատեղեկատվություն են, որ մեր դեմ են լարում մյուս կողմին, դարձնում թիրախ, ատելություն են հրահրում, մեր ճիշտ ուղեգծի պահպանմանն են խոչընդոտում: Հայկական լրատվամիջոցները պետք է վավերական աղբյուրներից իրենց տեղեկատվությունը վերցնեն, որպեսզի սիրիահայերի ճիշտ կեցվածքը փոխանցեն:

-Ի՞նչ դիրքորոշում ունեք հայաստանյան և Սիրիայում գործող հայկական լրատվամիջոցների կապի կապակցությամբ, դրա կարևորության մասին:

-«Գանձասար» շաբաթաթերթը համագործակցում է հայաստանյան շատ լրատվականների հետ` «Արմենպրես», «Երկիր Մեդիա», «Ազատություն», «Արմնյուզ» և այլն: Նրանք բոլորն էլ շատ վավերական, մասնագիտական տեսանկյունից են մոտենում հարցերին ու իմ կողմից տրամադրած տեղեկատվությունը փոխանցում են լսարանին: Իմ ցանկությունն է, որ ավելի լայն գործակցության դաշտ գտնենք հայկական մամուլի հետ:

-Ի՞նչ կասեք Սիրիայի հայ համայնքի մշակութային, հասարակական կյանքի մասին, որը չնայած դժվար պայմաններին, գրեթե երբեք կանգ չառավ, ինչի՞ շնորհիվ է դա:

-Ես համոզված եմ, որ համայնքի գոյության երաշխիքն իր դպրոցներն են, եթե դպրոցները կանգուն պահես, հայ աշակերտներն այնտեղ
շարունակեն հայերեն սովորել ու չնայած դժվար պայմաններին` դու կարող ես համայնքը պահպանել:
Դրա համար է, որ մեր ազգային իշխանությունները, կրոնական հովվապետերն ամեն ճիգ գործի են դնում, որ մեր դպրոցները կանգուն պահեն: Այս տարի ևս վերամուտը սկսվել է, աշակերտները սկսել են իրենց 2014-2015 ուսումնական տարին, հուսանք, որ նվազագույն փորձանքներով կավարտենք այն ու զոհեր չենք ունենա: Ինչ վերաբերում է տնտեսական կյանքին, մարդկանց աշխատանքով ապահովվածությանը, դժբախտաբար, այն տխուր վիճակում է: Մարդիկ, ովքեր գործարաններ ունեին ու կորցրել են դրանք, ստիպված են ինչ-որ միջոցով իրենց օրապահիկը վաստակել. զբաղվում են տարբեր արհեստներով: Արդեն երրորդ տարին է պատերազմի, իրենց խնայողություններն էլ սպառել են, բայց հավատում եմ, որ համահայկական օժանդակություններով հնարավոր կլինի այս պատերազմից նվազագույն վնասներով դուրս գալ ու կանգուն պահել մեր գաղութը:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

www.armenpress.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր