• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարուեց Էքումենիք աղօթք

28.09.2015   13:36

Սեպտեմբերի 26ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցաւ Էքումենիք աղօթքի արարողութիւն, որին մասնակցում էին Միւռոնօրհնէքի առիթով Մայր Աթոռ ժամանած՝ Քրիստոնէական Եկեղեցիների եւ կազմակերպութիւնների 39 հոգեւոր պետեր ու ներկայացուցիչներ:

Նորին Սրբութիւն Գարեգին Բ Հայրապետը եւ Նորին Ամենապատուութիւն Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիքայի Պապ եւ Պատրիարք Թէոդորոս Բը «Հրաշափառ» շարականի երգեցողութեան ներքոյ, հոգեւորականաց թափօրով մուտք գործեցին Մայր Տաճար, որտեղ Աւագ Ս. Խորանի առջեւ, Քրիստոսի Ս. Եկեղեցու պայծառութեան եւ անսասանութեան համար տեղի ունեցաւ միասնական աղօթասացութիւն:

Մինչ Էքումենիք աղօթքի սկիզբը, խօսք ասաց ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից միջեկեղեցական հիւրերին ողջունելով համայն հայութեան հոգեւոր կեդրոնում` Վիգէն Սրբազանն ի մասնաւորի նշեց. «Մենք շրջապատուած ենք մեծ թուով պատուարժան հոգեւոր առաջնորդներով, ինչի արդիւնքում մեզ միայնակ չենք զգում: Դուք այստեղ էք մեր ուրախ եւ տխուր օրերին: Ինչպէս գիտէք, մենք հինգ ամիս առաջ ոգեկոչում էինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար այդ տխուր օրերին դուք այստեղ` մեզ հետ էիք, կիսում էիք մեր ցաւը, մեր տխրութիւնը, մեր պատմութեան եւ ժողովրդի դժուարին պահերը: Ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել ամէնքիդ, որ վերստին եկել էք կիսելու մեր ուրախութիւնը եւ այս շատ կարեւոր իրադարձութեան մասնակիցը դառնալու»:

Տէրունական աղօթքից յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընթերցուեց՝ «Առ դրանն Սրբոյ Եկեղեցւոյ» աղօթքը: Ապա քարոզներ եւ աղօթքներ ասացին Հնդիկ Մալապար Եկեղեցու ներկայացուցիչ՝ Մումպայի Միթրոփոլիթ Նորին Ամենապատուութիւն Գեւարգհես Մար Կուրիլոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ՝ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ կարտինալ Լէոնարտօ Սանդրին:

Հնդիկ Մալապար Եկեղեցու ներկայացուցիչ Նորին Ամենապատուութիւն Միթրոփոլիթ Աբրահամ Մար Սերաֆիմի կողմից ընթերցուեց առաքելական թուղթը, որից յետոյ Ասորի Ուղղափառ եկեղեցու Պէյրութի Միթրոփոլիթ Նորին Սրբազնութիւն Մար Կլեմես Դանիէլ Խուռին ընթերցեց Մատթէոսի Աւետարանից քաղուած մի հատուած:

Աղօթքներ մատուցեցին նաեւ Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Ամենապատուութիւն Գրեգորիոս Գ Լահհամը, Ֆինլանտիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատուելի Կարի Մաքինենը (Ֆինլանտիայի Լիւտերական Եկեղեցի) եւ Նորին Ամենապատուութիւն Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիքայի Պապ եւ Պատրիարք Թէոդորոս Բը:

Էքումենիք աղօթքի արարողութիւնն ամփոփուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ «Պահպանիչ» աղօթքով:

26-Ecumenic service 2

26-Ecumenic service 4

 

26-Ecumenic service 3

26-Ecumenic service 6

26-Ecumenic service 5

 

 

 

Share Button

اترك تعليقاً

لن يتم نشر عنوان بريدك الإلكتروني. الحقول الإلزامية مشار إليها بـ *

Media Partner