• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Տիրան Լոքմագյոզյան. «Թուրքիան հիմնված է ստերի վրա»

26.07.2014   20:48

*ԹԵՀՐԱՆ – ԻՐԱՆ* Ուրբաթ 25 Յուլիս 2014-ին Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, իրանահայ անկախ կառույցների միասնական նախաձեռնությամբ կազմակերպված երկրորդ ձեռնարկը՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի բանախոսությամբ:

Ծրագրի բացումը կատարեց ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նախագահ Վիգեն Մանդանյանը: Նա բարի գալուստ մաղթելով ներկաներին եւ օրվա բանախոսին հույս հայտնեց, որ կազմակերպված միջոցառումները լիովին ծառայեն իրենց նպատակին: Ապա «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը սեղմ տողերում ներկայացրեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին, բացատրելով հաջորդական միջոցառումների կապակցությունը միմյանց հետ:

Թուքագետ Տիրան Լոքմագյոզյանը բազմակողմանի անդրադարձ ունեցավ Հայկական Հարցին վերաբերող ամենատարբեր թեմաներին:

Նա ասաց. «Եվրոպան, Ռուսաստանը, եւ ընդհանրապես, յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով է ճշտում հայկական կողմի հետ իր հարաբերությունների սահմաններն ու ինչպիսիությունը»:

Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների մասին բանախոսը նշեց. «Հրանտ Դինքը մտածում էր Եվրամիության մաս կազմող Թուրքիան մարդու իրավունքները հարգող երկիր կլինի, իսկ իմ կարծիքով Թուրքիան Եվրամիություն մտնելով ավելի հզոր է դառնալու եւ մեր գործը նրա հետ ավելի դժվար է լինելու»: Նա խոսելով հայ ժողովրդի զգոնության եւ կազմակերպվածության անհրաժեշտության մասին,շեշտեց. «Եթե մենք չգործենք կազմակերպված եւ մեր բոլոր ուժերը եւ պետականությունը չօգտագործենք մեր նպատակին հասնելու համար, դա շատ մեծ սխալ կլինի: Մեզ պետք է պետական մտածողությամբ համախմբված աշխատանք, հակառակ դեպքում կկորցնենք Ապագան»:

Հայկական Բանակի հիմնադրման անհրաժեշտության կապակցությաբ, բանախոսն ասաց. «Արցախյան պայքարի սկզբում մենք հենց էնպես էինք կռվում, ով ոնց կարողանում էր, ինչով որ լիներ: Բարեբախտաբար, շուտով զգացինք հայկական բանակի ստեղծման անհրաժեշտությունը եւ նրա կազմվելուց ու կազմակերպված կռվելուց հետո էր միայն, որ ամրապնդվեց մեր հաղթանակը»: Նա հավելեց. «Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադրումից իսկ ամրագրեց, որ պիտի ամեն ինչ անել Հայոց Ցեղասպանության ճանաչման առումով: Սակայն մինչ այժմ որեւէ լուրջ քայլ այդ կապակցությամբ չի կատարել»:

Լոքմագյոզյանը հայ-թուրքական հարբերությունների մասին նշեց, «Թուրքիան երբ դեռ չկար անկախ հայկական պետություն, Սփյուռքին չէր ընդունում որպես կողմ, իսկ այսօր երբ կա հայկական անկախ պետությունը, սկսել է ելքեր փնտրել նույն Սփյուռքի հետ շփվելու համար»:

Լոքմագյոզյանը խոսելով Հայկական Հարցի հետապնդման մեջ միջազգային դատական ատյանների դերակատարության մասին ասաց. «Այսօր Հայաստանում շատ է խոսվում միջազգային դատական ատյաններին դիմելու մասին, դա գուցե ամենաճիշտ ճանապարհն է բայց եւ հաստատ ամենաերկարն է նաեւ»: Նա շեշտեց. «Ինչքան էլ մենք համոզված լինենք, որ մենք արդար ենք, դատ ու դատավարությունն այլ խնդիր է»:

Բանախոսը Հայոց Ցեղասպանության փաստը այս կամ երկրի կողմից ընդունել-չընդունելու մասին կողմնորոշվեց հետևյալ կերպով. «Այսօր, թուրքերից բացի, ոչ ոք չի հերքում Հայոց Ցեղասպանության փաստը, այլ օրվա թելադրանքով անցնում է այդ հարցի կողքից: Այդպես է նաեւ Ամերիկայում, այնպես որ պետք չէ անընդհատ խոսենք այն մասին թե ամերիկացինք չեն ճանաչում Ցեղասպանության փաստը: Այդ առթիվ ժամանակին թուրք հայտնի լրագրողներից մեկը այբանելով իր երկրի պետական գործիչներին, որոնք ուրախ էին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության փաստը չհաստատվելու կապակցությամբ, գրում էր, թե «ինչի՞ մասին եք խոսում, Ամերիկայում բոլորը ընդունում են Ցեղասպանությունը, ոչ ոք չի ասում, որ չի եղել նման բան, այլ բոլորն էլ պնդում են, որ այդ փաստը անհերքելի է եւ միայն օրվա պայմաններն են, որ թույլ չեն տալիս հաստատել նման օրինագիծ»:

Եզրափակելով օրվա ծրագիրը Մովսես Քեշիշյանն ասաց. «100-ամյակը այն եզակի առիթներից է, որ բոլոր հայկական կառույցները կարող են եւ պիտի միասնական լինեն, սակայն ցավոք Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը չունեցավ այդ խոհեմությունն ու արդարամտությունը, որպեսզի իր կողմից կյանքի կոչված 100-ամյակի հանձնախմբում տեղ գտնեին համայնքի բոլոր կողմերը»:

Նա հավելեց «Այդուհանդեձ մենք հարգում ենք այդ հանձնախմբին ու իր կատարած աշխատանքները եւ հայտարարում, որ մեր դռները բաց են բոլոր նրանց դիմաց, ովքեր հանուն ազգային գերագույն շահերի պատրաստ են միասնական աշխատաանք ծավալելու»:

Վերջում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսին ու ներկաներին, որոնք ավելի քան երեք ժամ աշխույժ ու ջերմ մթնոլորտում կարծիքների փոխանակում կատարեցին:

«Արաքս» շաբաթաթերթ

Share Button

اترك تعليقاً

لن يتم نشر عنوان بريدك الإلكتروني. الحقول الإلزامية مشار إليها بـ *

Media Partner