• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Նռան հատիկ» փառատոնի շնորհիվ երեխաները հաղորդակցվում են արվեստին և գրականությանը

30.10.2017   11:11

«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնի շնորհիվ զարգանում է մանկապատանեկան թատերական արվեստը, երեխաներն ավելի շատ են հաղորդակից լինում գրականությանը:

«Արևը բոլորինն է» խորագրով 17-րդ հանրապետական փառատոնին այս տարի մասնակցում  են աննախադեպ թվով մասնակիցներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փառատոնը մեկնարկեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 30-ին:

«Փառատոնի հիմնական նպատակն այն է, որ բեմից հնչի մաքուր հայերենը, երեխաները ծանոթանան բարձր գրականությանը: Այս տարի գրեթե բոլոր մարզերից և Արցախից  ունենք մասնակից խմբեր: Տարբեր տարիների եղել են նաև մասնակիցներ սփյուռքից՝ Բեյրութից, Իրանից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ջավախքից»,-ասաց  փառատոնը նախաձեռնած «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» ՀԿ  նախագահ Գարիկ Ղազարյանն ու հավելեց՝ մասնակիցներն այս տարի կներկայացնեն Սարոյանի, Թումանյանի, Անդերսենի  ստեղծագործություններից մինչև Շեքսպիր:

Փառատոնն ունի նաև իր հիմնը՝ Վահան Անդրեասյանի «Թատրոն» երգը: Այս տարի փառատոնին մասնակցում են աննախադեպ թվով մասնակիցներ՝ 40 թատերական խումբ՝ 42 ներկայացմամբ: Մշտապես մասնակցում են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող և «Փրկություն» ՀԿ-ի և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խմբերը: 

«Նռան հատիկ»-ի նախագահ Արուսյակ Մանթաշյանի կարծիքով՝փառատոնը երեխաներին հնարավորություն է տալիս կտրվել համակարգիչներից և հաղորդակից լինել արվեստին, գրականությանը: «Շատ կարևոր է նաև, որ մարզերի և մայրաքաղաքի երեխաները դիտեն միմյանց խաղը, շփվեն: Ցանկություն ունենք փառատոնն անցկացնել նաև մարզերից մեկում: Մեր հիմնական նպատակներից է ստեղծել մեր թատրոն-ստուդիան, որտեղ կուսումնառեն փառատոնի մասնակիցները: Մեզ համար կարևոր է, որ «թատրոն» առարկան  ընդգրկվի դպրոցական ծրագրերում»,-ասաց նա:  

Փառատոնը բաղկացած է երկու փուլից, խմբերն ընտրվել են նախընտրական փուլով, այնուհետև մեկնարկել է այս՝ աշնանային եզրափակիչ փուլը: Փառատոնի եզրափակիչ փուլի համար մարզերից մայրաքաղաք եկած թատերական խմբերի կեցության, գիշերակացի հարցը լուծել է  ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Մանկական և երիտասարդական բոլոր ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում նախարարության աջակցման ծրագրերում: Այս փառատոնը հավասար, առողջ մրցակցային դաշտ է ստեղծում երեխաների համար»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան-Սևունցը:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի թատերախմբի ղեկավար Մարգարիտ Շահվալադյանի կարծիքով՝ փառատոնին մասնակցությունը երեխաներին տալիս է մեծ պատասխանատվության զգացում փոքր տարիքից:

Փառատոնը տևելու է  7 օր: 4 օր ներկայացումներ կլինեն Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և 3 օր՝ Շիրակացու ճեմարանում, ևս մեկ ներկայացում կլինի  Խամաճիկների պետական թատրոնում: Փառատոնն ընդգրկվել է ՀՀ կառավարության Երեխաների հետ տարվող աշխատանքների ազգային ծրագրում, և անց է կացվում ՀՀ կառավարության և մշակույթի նախարարության հովանավորությամբ: Փառատոնի կազմակերպիչներին աջակցում են նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանը և Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր