• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երգեհոնահար Հարություն Թագվորյանի գործունեության 30-ամյակին նվիրված համերգում կհնչեն հանրահայտ գործեր

19.10.2017   10:02

Երգեհոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հարություն Թագվորյանի բեմական գործունեության 30-ամյակը լրանում է այս տարի: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կիրականացվի համերգային ծրագիր: Հանդես կգա Ռուսաստանից ժամանած մեցցո-սոպրանո Նինա Մատվեևան: Կհնչեն Վալտերի, Բախի, Շուբերտի, Մասկանիի ստեղծագործությունները: Երաժշտի գործունեության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հարություն Թագվորյանի հետ:

«Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը: Այն ասես այլ աշխարհ տանի` երևակայական, հրաշալի: Հենց Բախը մեծ դեր խաղաց այն հարցում, որ ես ընտրեցի երգեհոնը՝ որպես հիմնական գործիք: Նա ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր է, իսկ երգեհոնը, ի տարբերություն ռոմանտիկ դաշնամուրի, զուսպ է, և այն զգալ, հասկանալ է հարկավոր»,-նշեց Թագվորյանը:

Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքի ձեռքբերումներին և բացթողումներին` Թագվորյանն ասաց, որ 90-ականներին` իր երիտասարդության տարիներին, վայրէջքները շատ էին, քանի որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ոչ բարվոք վիճակից ելնելով` ստիպված է եղել հրաժարվել արտերկրում կայանալիք փառատոնների, մրցույթների մասնակցելու մի շարք առաջարկություններից:

«Հաջողություն եմ համարում այն, որ մինչ Արցախյան պատերազմը շրջագայել եմ Մերձբալթյան երկրներում, հմտություններս ու կարողություններս զարգացրել եմ գերմանացի մասնագետների մոտ, մասնակցել եմ միջազգային մրցույթների, որտեղ լավ գնահատականի եմ արժանացել`չնայած այլ երկրներից եկած երգեհոնահարներն ավելի լավ գործիքներով էին հանդես գալիս»,-շեշտեց երաժիշտը:

Թագվորյանը խոսեց նաև Հայաստանում երգեհոնի պահանջված լինելու մասին` նշելով, որ առհասարակ դասական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է: «Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ երաժիշտները հաճախ չեն կարողանում աշխատանք գտնել այս բնագավառում և նախընտրում են այլ մասնագիտություն ընտրել: Սակայն կոնսերվատորիայում կան հիանալի ուսանողներ, որոնք տաղանդավոր են ու խոստումնալից: Օրինակ` Տիգրան Բունիաթյանը, ով կրթությունը շարունակում է ԱՄՆ-ում, և Աննա Բաբայանը, ով կարող է մեծ նվաճումներ ունենալ հեռանկարում»,-լավատեսական նոտայով իր խոսքը եզրափակեց Թագվորյանը:

Հարություն Թագվորյանը սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, ապա Պ Ի. Չայկովսկու անվան դպրոցում: 1988-1994 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի  և երգեհոնի  բաժիններում։ 1996-ին ավարտել  է ԵՊԿ ասպիրանտուրան։ Համերգներով և մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։

Ներկայումս աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում և Նարեկացի արվեստի միությունում՝ որպես դաշնակահար։ Թագվորյանը  նաև  դպրոցական ֆիլհարմոնիայի  մենակատար է։

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր