• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

18.10.2017   12:27

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը: Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝  միսիոներներ Կարեն Յեպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

«Նրանք ցուցաբերել են անգնահատելի խիզախություն և կարողացել են փրկել հազարավոր կյանքեր` ստեղծելով ապաստարաններ, վերականգնողական կենտրոններ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, նյութեր տրամադրել են տարբեր երկրների արխիվները, մարդասիրական կազմակեպությունները, թանգարանները: Խաղարկային դրվագներով 88-րոպեանոց ֆիլմում նկարահանվել են 45 դերակատար: Գլխավոր դերակատարը, ով ներկայացնում է միսիոներների հումանիտար առաքելությունը,  ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենն է»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է 14 երկրի 31 քաղաքում, վերջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ բոլոր ցուցադրություններից արձագանքը բավական մեծ է եղել:

«Շատերն էին իրենց խոսքում նշում, որ ֆիլմն իրենց համար բացառիկ է, ֆիլմում խոսում են օտարները, այն մարդասիրությունը կրողների, մարդասիրության դրսևորումների մասին է: Ոմանք ֆիլմը դիտելուց հետո ամաչում էին, որ չէին ճանաչում իրենց հերոսհուիներին»,-ասաց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում` Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Լիբանանում, Հունաստանում, Թուրքիայում, Սիրիայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ դժվարություններ շատ են եղել, սակայն նկարահանման ընթացքում, ի զարմանս իրենց, այնպիսի փակ դռներ էին բացվում, այնպիսի խնդիրներ էին լուծվում, որ իրենք անակնկալի էին գալիս:

Մանվել Սարիբեկյանը նշեց, որ նոր ֆիլմ է սպասվում, գործընթացը շարունակություն է ունենալու: Շարունակելու են ներկայացնել այլ երախտավորների պատմությունները` առանցքում ունենալով Հայոց ցեղասպանության դեպքերը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր