• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մարդկությունը միշտ էլ գտնում է ելքը դժվարին իրավիճակներից. 100 տարվա ընթաց­քում, միջին հաշվով, հանդիպում է համավարակի 3 դեպք

30.05.2020   17:12

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսության կառավարման փոփոխությունների, զարգացման նոր ուղղությունների, ստեղծված նոր իրավիճակում վերադասավորվելու և տնտեսական զարգացում գրանցելու հրամայականների շուրջ «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթը զրուցել է  տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանի հետ։ 

 

-ՀՀ տնտեսությունը սկսում է նորից աշխատել։ Համավարկից հետո կամ այս ընթացքում արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու, որ Հայաստանում կուտակված ներքին սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և գլոբալ փոփոխություններն առաջացրել են քաղաքականությունների ճշգրտուման, գուցեև՝ զարգացման այլ մոդելի ընտրության անհրաժեշտություն:    

-Այդ հիմնախնդիրների որոշ մասը կուտակվել է անցած տասնամյակների ընթաց­քում, իսկ որոշներն էլ առաջացել են համավարակի հետևանքով, այդպիսով էլ ավելի բարդացնելով իրավիճակը:  Պետք է նկատի ունենալ այն, որ ինչպես տնտեսական, այն­պես էլ մյուս ոլորտներում համավարակների առա­ջաց­րած հետևանքների մեղմման և հաղթա­հարման, գլոբալ փոփոխություններին հարմարվելու, տնտեսական անկումները հաղթա­հարելու փորձված միջոցներն են նոր գաղա­փարները, նոր լուծումներն ու նորարարությունները, ինչի համար կպահանջվի հասա­րակության ջանքերի համախմբում, պետության և մաս­նավոր հատվածի արդյունավետ գործընկերություն:

Ստեղծված իրա­վիճակից տնտե­­սության դուրս­բե­րումը և հետագա զարգացումը պայմանավորված կլինի մշա­կույթում, արժեհա­մա­կարգում, անհրա­ժեշտ փոփո­խու­թյուններ կատա­րելու, այլ խոսքով ասած, առաջընթացի համ­ընդ­հանուր արժեքներ ստեղ­ծելու երկրի կարո­ղությամբ։  Արժեքներ, որոնք կձևա­վորեն սոցիա­լա­կան ու տնտեսական զարգացման համար պահանջվող փոփո­խութ­յուն­­ներին, նորարարություններին նպաստող սոցիալ-

հո­գեբանական և բարոյական միջա­վայրը:

Դժբախտաբար, համավարակի ընթացքում հասարակության դրսևորած վար­քագիծը մտորումների տեղիք է տալիս: Նույնիսկ համա­վա­րակը մեր հասարակության վրա սթափեցնող ազդեցություն չունե­ցավ: Ես վատատես չեմ, բայց իրերի դրությունն է դա վկայում։ Ար­տա­կարգ դրության ժամանա­կահատվածում մեր անկազ­մակերպ ու ան­կար­գապահ լինելը, անհանդուր­ժողականությունը, հասարակության անհա­մերշ­խու­թ­յունը: Փաստորեն՝ մեր մշակութային մակարդակն այնպիսին է, որ օրենքները չեն պահպանվում առանց պարտադրանքի: Նույն իրավիճակը տնտեսության մեջ է. թվում էր, թե տնտեսության ազատականացմամբ հնարավոր կլինի ապահովել երկրի տնտեսական վերելքը: Այդ պատճառով էլ առաջնային է համարվել Ադամ Սմիթի շուկայի «անտեսանելի ձեռքը» և երկրորդական է դիտվել պետության դերը տնտե­սության մեջ, ինչի արդյունքները տեսանելի են բոլորին. ապաարդյու­նա­բե­րա­կանա­ցում, հարյուր­հազա­րավոր հեկտարներով չմշակվող հողեր, արդեն անպի­տան դար­ձած գործարաններ, գործազրկության բարձր մակարդակի հետ միասին՝ աշխա­տուժի կառուցվածքի բա­ցա­սական փոխակերպումներ և այլն:

Ինչ վերաբերում է նրան, թե այս պայմաններում ինչ մոդել է պահանջվում երկրի զարգացման հա­մար, ապա կարելի է վստահաբար ասել՝ պետական ակտիվ կարգա­վորման քաղաքականությամբ շուկա­յա­կան մոդել: Որպեսզի նման մոդելը գործի, անհրա­­ժեշտ է ձևավորել զարգացման պետություն: Զար­գաց­­ման պետութ­յունը վար­չահրա­մայական կարգա­վորման որոշ տարրերի ժամանակակից գործադրում է, շու­կայական ուժերի ավելի ազատ դրսևո­րումների խթանում: Զարգացման պետությունը ոչ միայն երաշխավորում է նորարար միջա­վայրի առկա­յութ­յունը, այլև գոյացնում է արտադրական-տեխնո­լոգիական շղթա­ներ, համակարգում է արդյունաբերական աճը, ապահովում է գի­տութ­յան և ձեռնար­կութ­յուն­նե­րի միջև արդյունավետ փոխգործակ­ցութ­յունը:

-Տնտեսության համար ի՞նչ նոր հնարավորություն են ստեղծվել համավարակի պայմաններում։

-Թեպետ աշխարհատնտեսական կապերի որոշ փոփոխություններ սկիզբ էին առել մինչև այդ, այնուամենայնիվ, համավարակի ազդեցությամբ խաթարվեցին առաքման համաշխարհային շղթաները (արժեքի ստեղծ­ման շղթաները), ինչը սկիզբ առնելով Չինաստանից, այնուհետև տարածվեց ամբողջ աշխարհում: Բնականաբար, դրա արձագանքը եղավ այդ շղթաների աննախադեպ վերադասավորումների մեկնարկը, ինչը որոշակի հնարավորություններ է ներկայացնում ոչ միայն առանձին ընկերութ­յունների, այլև երկրների համար: Բայց դրանք հնարավորություննբեր են, որոնցից կարող են օգտվել համապատասխան տեխնոլոգիական և այլ կարգի կարողութ­յուններ ունեցող ընկերությունները: Օրինակ, դժվար է պատկերացնել, թե հայկական ո՞ր ընկերությունը կարող է դառնալ «Apple» -ի մատակարար IPhone-ի մասով:

-Աշխարհը, իհարկե, այլևս առաջվանը չի լինի, և նոր աշխարհում հաջողելու համար պետք է հասկանալ վաղվա խնդիրներն ու այսօր գտնել դրանց լուծումները:

-Այնպես չէ, որ աշխարհը միշտ եղել նույնը և այս համավարակի ազդեցությամբ էապես փոխվելու է: Ըստ որոշ հեղինակավոր հետազոտողների՝ 100 տարվա ընթաց­քում, միջին հաշվով, հանդիպում է համավարակի 3 դեպք: Մարդկությունը միշտ էլ գտնում է ելքը դժվարին իրավիճակներից: Միաժամանակ, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները պարբերաշրջանային են, ինչի վերաբերյալ տեսութ­յուններ են մշակվել: Դրանցից ամենաճանաչվածը Նիկոլայ Կոնդրատի ալիքներն են («բարձրացնող» և «ցածրացնող») կամ տնտեսական իրադրության մեծ ալիքները («Կ – ալիք»):

2008 թ. հրապարակված «Գիտելիքահենք տնտեսություն. հնարա­վո­րութ­յուններ և մարտահրավերներ» իմ հեղինակած մենագրության «Փոփոխությունների երկար ալիքները» մասում նշել եմ, որ 2035-2040 թվականներին կավարտվի 5-րդ «Կ-ալիքը» և, ենթադրաբար, 2020-2025 թվականներին կսկսվի ցածրացնող ալիքը և որ այդ փոփո­խություններին պատրաստ լինելը կարևորվում է ոչ միայն կորուստներից խուսափելու, այլև հնարավորություններից օգտվելու տեսանկյունից: Ընդ որում, հիմնվելով Կոնդրատևի տեսության վրա, առաջարկել եմ «գիտելիքի կուտակման մեծ ալիքի» գաղափարը. այդ ալիքները 15-20 տարով նախորդում են «Կ – ալիքներին», այսինքն, որ­պեսզի տեխնոլոգիական նոր ինովացիաներ լինեն, դրանց հիմքում պետք է լինեն նոր գիտելիքներ, որոնք կուտակվում են այդ ինովացիաներին նախորդող ժամանա­կահատվածում: Ի դեպ, 1990-ական թթ,-ների սկզբին մեկնարկած 5-րդ «Կ – ալիքի» ընձեռած հնարավորություններից Հայաստանը, ինչպես որ նախկին խորհրդային երկրները լիարժեք չօգտվեցին, քանի որ զբաղված էին պետականաշինությամբ, նոր տնտեսակարգին անցմամբ: Հայաստանի բեռն ավելի ծանր էր. երկրաշարժ, լոկալ կոնֆլիկտ, տնտեսական շրջափակում: Դրա արդյունքում, 30 տարի անց, մեր տնտե­սությունն ընդա­մենը 14 -15 մլրդ դոլար է կազմում…

Հետևաբար, Ձեր նշած  «վաղվա խնդիրները» պետք է դիտարկել հենց այդ հատվածակողմով, մարդկային դրամագլուխը (capital) կուտակելու տեսանկյունով: Այդ խնդիրները լու­ծողներին կամ «վաղվա սերնդին», որը ներկայում անցման շրջանի փուլերում գտնվող պատանիներն ու երիտա­սարներն (12-24 տարեկան) են, պետք է նախա­պատրաստել դրան, նրանց օժտել ինքնազարգացման հատկանիշներով, ինչն իրենց հնարա­վո­րություն կընձեռի կյանքի պարբերաշրջանի ավելի ուշ փուլերում շարունակել սովորել, զարգանալ ու ոչ միայն պատրաստ լինել փոփոխություններին, այլև լինել դրանց նախաձեռնողներ՝ ապահովելով հասարակության և տնտեսության դինա­միզմը:  

Ինչպե՞ս է փոխվելու Հայաստանի տնտեսությունը, ըստ Ձեզ։  

-Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքով հնարավոր չէ ավելացված մեծ արժեք ստեղծել: Մեր արտահանման ծավալում ավելացված արժեքի մասնա­բաժինը ցածր է, քանի որ գերակշռում է հանքարդյունաբերական և գյուղատնտե­սական արտադրանքը: Հետևաբար, տնտեսությունը պետք է փոխվի առաջավոր տեխնոլոգիական փոփոխություններին համընթաց: Միայն այդպես հնարավոր կլինի ունենալ մրցունակ, բնակչության համընդհանուր բարեկեցությունն ապահովող տնտեսություն: Բացի դրանից, տնտեսության կառուցվածքը պետք է լիովի ապահովի երկրի տնտեսական և ռազմական անվտանգությունը: Ուղենիշը հետարդյունա­բերա­կան, գիտելիքահենք տնտեսությունը պետք է լինի:  

-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր