• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Որևէ որոշում առանց Արցախի չի կարող ընդունվել․ Լավրովի հայտարարության պատասխանը

21.04.2020   23:52

Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ:

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորման հասնել փուլային տարբերակով՝ առաջին փուլում ապահովելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: «Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել»,- ընդգծել է Լավրովը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Լավրովի հայտարարություններին ու դրա շուրջ ստեղծված աղմուկին։ Խոսելով այն քննադատությունների մասին, թե հայկական կողմը թաքցրել է բանակցային գործընթացի մանրամասները, Մնացականյանը նշեց՝ այս երկու տարիների ընթացքում իրենց կառավարությունը, վարչապետ Փաշինյանը եղել են թափանցիկ և դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել են շատ պարզ ձևով։

«Այո, այդ մեկնաբանության մեջ (նկատի ունի Լավրովի հայտարարությունը․-խմբ) եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ Քիվեստից սկսած մինչև վերջերս։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 և 2016 թվականներին և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թվականից վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման գնահատումով։ 2014 թվականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- պաշտոնապես հայտարարեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմերի համար բանակցություններում ընդգծված գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ «Հայկական կողմերից ոչ մեկը չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը ներկայացրեց հայկական կողմի համար երկրորդ կարևորագույն տարրը՝ ինքնորոշման սկզբունքը։ «Հայկական կողմերի համար սա բանակցություններում առաջնային գերակա տարրն է։ Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը կենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս այն պայմաններում, երբ այդ սպառնալիքը շարունակում է մնալ ռեալ։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության ու ստատուսի տարրերի լիարժեք արտահայտում։ Սրա մասին ենք մենք խոսում բանակցությունների ժամանակ։ Սա է եղել հայկական կողմի մոտեցումը այս երկու տարվա ընթացքում։ Եթե որևէ մեկը ենթադրում է , թե մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել, այլ բան ասել հասարակությանը, խորապես սխալվում է ։ Նման բան չի եղել, չի լինելու։ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կաևող նման բան անել»,- վստահեցրեց ԱԳ նախարարը։

Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը վերջում հստակեցրեց, որ այս երկու տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները մշտապես աշխատել են արցախյան կողմի հետ։ Այժմ էլ շարունակվում է աշխատանքը նոր ընտրված իշխանությունների հետ։ «Որևէ որոշում, որը վերաբերվում է Արցախին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- իր խոսքն ավարտեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Զարթօնք» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է անընդհատ նման հարցեր բարձրաձայնել, ուզած-չուզած ինչ-որ քննարկում պետք է լինի։

«Այն, որ նման հարցեր քննարկվում են, չի նշանակում, որ այդ հացերն ընդունելի են։ Մեզ համար այն փուլային տարբերակը, փիլիսոփայությունը, որն Ադրբեջանն է քարոզում, ընդունելի չէ։ Մեզ համար փուլայինը կարող է այլ տարբերակ լինել։ Այսինքն՝ առաջնային որպես քայլ պետք է լինի քաղաքական հարցերի կարգավորումը, մեկը մյուսի ճանաչումը։ Կողմերն ընդունեն, որ լուծումը միայն խաղաղ ճանապարհով կարող է լինել։ Սա թող լինի առաջին, քայլը, քայլային տարբերակով ենք մենք ընդունում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի փուլային տարբերակը Արցախի պետականության ապամոնտաժումն է։ «Եթե փուլային տարբերակ են ուզում, սկզբում պետք է քննարկեն մի փաթեթ հարցեր, այնուհեըև մյուս փաթեթը և այլն։ Չի կարող լինել պարտադրանք։ Չի կարող այնպես լինել, որ այդ քննարկումների ու քայլերի հետևանքով Արցախի պետականությունը թուլանա և այլև իվիճակի չլինի իրեն պաշտպանելու։ Արցախի կործանումը կլինի նաև Հայաստանի կործանումը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե հեղափոխությունից հետո ձևավորված ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, այդ թվում Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթղթերը, Դավիթ Բաբայանն ասաց՝ փաստաթուղթ չի քննարկվում, բայց հարց կարող է քննարկվել։

«Փաստաթուղթը պետք է լինի համաձայնեցված։ Իսկ համաձայնեցված որևէ բան չկա։ Ադրբեջանն ասում է Արցախն իմն է, Շուշիում թեյ եմ խմելու, Երևանն էլ է իմը։ Ինչի՞ հետ համաձայնեք։ Նման մոտեցմա՞ն։ Բնականաբար ոչ։ Իսկ եթե քննարկումների ժամանակ Ադրբեջանն անընդհատ մի հարց է բերում, որն ասենք իր փուլային փիլիսոփայության բաղադրամասն է, նույնիսկ այն մերժելով, ստացվում է, որ մենք քննարկում ենք։ Այստեղ այդ նրբությունը պետք է հաշվի առնել»,- վստահեցրեց Դավիթ Բաբայանը։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր