• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կորոնավիրուսն ու՞մ շունն է․․․

16.04.2020   08:35

Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել, արդեն առողջացած դուրս գրել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ որ երկրով մեկ, ազգովի ուժասպառ կլինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի, տարածումը շատ, շատ մեծ կլինի։ Դեռ երկար ժամամակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, անգամ եթե արտակարգ դրությունը հանվի։ Կոչ եմ անում թվերով չպայմանավորել վիճակը։

Մենք չպետք է թույլ տանք, որ գա մի օր, երբ մեր առանձնացրած հիվանդանոցները տեղ չունենան ծանր հիվանդներին ընդունելու ու ստիպված այլ՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, մենք նրանց բուժենք, ինչը հղի է անցանկալի հետևանքներով։ Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի ասելով՝ նկատի ունեմ 1-2 տարի՝ առնվազն։ Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի և ԱԺ-ում խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նման անկեղծ հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Պաշտոնական տվյալներով, մինչև այս պահը՝ ՀՀ-ում նոր տեսակի քորոնավիրուսով վարակուածության հաստատուած 1111 դեպք կա։ Առողջացել է 265 հոգի: Մահվան դեպքերը` 16: Փաստացի բուժվում են 786 հոգի: Նախարար Թորոսյանը կոչ է անում թվերով չպայմանավորել իրավիճակը։

Այնուամենայնիվ, հայտարարուած թվերը ճշգրիտ իրավիճակը չեն պատկերում, քանի որ միջազգայնորեն հաստատված օրական 1000 քննություն չի իրականացւում, այլ 200 կամ 300։ Սա թվային առումով մեզ անորոշ վիճակի մեջ է գցում, քանի որ բոլոր վարակակիրներին հնարավոր չի լինում հայտնաբերել ու նրանք շարունակում են շփվել ու վարակի տարածման աղբյուր դառնալ։

Առողջապահական գերատեսչության ղեկավարի նման հայտարարությունը կարելի է համարել իրավիճակի սթափության կոչ։ Չի բացառվում, որ Արսեն Թորոսյանը ինքն իրեն ապահովագրում է իրավիճակի հետագա վատթարացումից։ 

Հիշեցնենք՝ նախարարը COVID-19 վիրուսը համարում էր սովորական գրիպ, մարդկանց խուճապի մատնվելը՝ անտեղի։ Երկրի ղեկավարը՝ վարչապետը, հայտարարում էր՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի։ Հիմա փաստացի մեր կյանքում խնդիրներ են առաջացել։ Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, երկրի տնտեսական գործունեությունը։ Կորոնավիրուսն ու՞մ շունն է։ Փակ են բոլոր խանութները, տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունները։ Կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ կարողանա մեր կյանքում խնդիրներ առաջացնել․․․

Եվ վերջապես, եթե պետական բարձր մակարդակով հայտարարվում է, թէ կորոնան ո՞ւմ շունն է, ապա մենք ինչ իրավունքով ենք մեղադրում հասարակության այն հատուածին, որոնք հավատում են, որ մեր ազգին կամ անձամբ մեզ վիրուս չի կպնի…։

Նախ և առաջ դաստիարակության վրա պետք է աշխատել ու չեզոքացնել հայ ազգի «մաչո» լինելու մշակույթը, որը բերում է հայ ազգի հզորութեան սխալ ընկալման։

Ավարտին ընդգծենք, որ ամբողջ աշխարհում առ այսօր վարակվածների միջին թիվը մեկ միլիոն բնակչության հաշվով կազմում է 248 .2 հոգի (այդ թվում ԱՄՆ, Իտալիա, Չինաստան` ընդհանուր 210 երկիր և տարածք): Հայաստանում առ այսօր մեկ միլիոն բնակչութեան հաշվով վարակվածների միջին թիվն արդեն 360 է…

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր