• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել․ դեսպան Հովակիմյանի հարցազրույցը սերբական թերթին

16.04.2020   20:55

Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադ կատարած այցի շրջանակներում հարցազրույց  է տվել սերբական «Պոլիտիկա» օրաթերթին, որի շրջանակներում անդրադարձել է հայ-սերբական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Ինչն է միավորում Հայաստանը և Սերբիան:

-Հայաստանը և Սերբիան պատմության ընթացքում, ամեն մեկն իր ուրույն կերպով, մեծ միավորումների մաս են եղել։ Սակայն, այն, ինչին մշտապես ձգտում էինք՝ լինել անկախ, ունենալ մեր ազգային պետականությունը. սա էր մեր այն ամենամեծ երազանքը, որն իրագործել ենք։ Այսօր մեր պետություններն ունեն գերազանց քաղաքական հարաբերություններ։ Բնական է, եղել են որոշ վայրիվերումներ, սակայն երկու երկրները եկան այն ըմբռնման, որ պետք է ավելի ամրապնդեն փոխադարձ  համագործակցությունը՝ հասցնելով այն մակարդակի, որը կհամապատասխաներ մեր երկու ժողովուրդների կարիքներին և ավանդույթներին:

-Սերբիան և Հայաստանը շատ նմանություններ ունեն: Պաշտոնական Երևանը չի ճանաչել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անկախությունը: Ինչո՞վ էր պայմանվորված նման որոշումը:

-Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այդ իմաստով ողջունում ենք Սերբիայի և Կոսովոյի միջև շփումները, որոնց շնորհիվ ստեղծվում են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտն ապահովելու նախադրյալներ: Անշուշտ, ցանկացած հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Հիմնական սկզբունքը, որը պետք է  ընդհանրական լինի բոլոր հակամարտությունների համար՝ խաղաղ, փոխզիջումների վրա հիմնված, և, ըստ էության, հակամարտության տարածքում բնակվող իրական մարդկանց շահերին ծառայող լուծումներ գտնելն է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կենտրոնում մարդն է՝ իրական, ճանաչելի, իր անունով, ընտանիքով, այն հողով, որի վրա ապրում է, արարում: Երբ այցելում եք Արցախ (Լեռնային Ղարաբաղ), ունեք շատ խորը ընկալում իրական մարդկային տեսակի, որը մյուսներից չի տարբերվում, սակայն նրա գոյությունը վտանգված է: Իսկ մեր անհանգստությունն այնտեղի իրավիճակով պայմանավորված է Ադրբեջանի քաղաքականությամբ: 1991-1994թթ. պատերազմի ընթացքում կար մի պահ, երբ Արցախի բնակչության 40 տոկոսը բնաջնջվել էր, իսկ երկրի տարածքի 40 տոկոսը՝ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հայերը հաջողությամբ դիմադրեցին. դրա արդյունքում ստեղծված անվտանգության համակարգը միակն է, որ մինչ օրս գոյություն ունի: Այսօր Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է:

-Ո՞րն է այդ հակամարտության պատճառը:

-Արցախը պատմության ընթացքում երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Արցախի ժողովուրդը ձևավորել է իր անկախ պետությունը Խորհրդային միության քայքայումից հետո. նույն կերպ, ինչպես ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետությունը: Սակայն, անցյալ դարի 90-ական թթ. Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Հրահրվում է ատելությունը, անտեսվում է ժողովրդի կամքը, փառաբանվում են պատերազմական հանցագործները…

Ամենավառ օրինակը Ռամիլ Սաֆարովի դեպքն է. Խոսքը ադրբեջանցի սպայի մասին է, որը 2004թ. գտնվում էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանակներում, որոնց, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցում էր նաև մեր սպա Գուրգեն Մարգարյանը: Մի գիշեր Սաֆարովը կացնահարում է հայ սպային, երբ նա քնած էր: Նրան դատեցին Հունգարիայում և դատապարտեցին ցմահ բանտարկության: Սակայն, 2012թ., նախագահ Ալիևի և Օրբանի մութ գործարքի արդյունքում նրան տեղափոխեցին Ադրբեջան, որտեղ բանտարկությունը շարունակելու փոխարեն նա արժանացավ ազգային հերոսի փառքի:

Մեկ հանգամանք, որը շատ է մտահոգում, Բաքվի ղեկավարության համառ հակահայկական քարոզչությունն է, որը թիրախավորում է այդ թվում հասարակ մարդկանց: 2016թ. ապրիլին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա՝ սպառնալիք դառնալով ոչ միայն մեր 150,000 հայրենակիցների էքզիստենցիալ անվտանգությանը, այլև ամբողջ աշխարհի հայությանը:

 

-Ե՛վ հայերը, և՛ սերբերը՝ ցեղասպանությունների զոհ էին։ 1915-1923թթ․ ընթացքում թուրքերը կոտորեցին 800,000-ից 1,500,000 Ձեր հայրենակիցների։ Սերբերը նման ճակատագրի արժանացան գերմանացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն։

-1915-1923թթ․ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին նման զանգվածային ծրագրավորված գործողությունն էր մարդկության դեմ։ Այդ ոճրագործությունը Հոլոքոսթի հետ մեկտեղ ոգեշնչեց հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինին՝ ցեղասպանություն (genocide) եզրույթը ստեղծելու և «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան նախաձեռնելու համար, որն ընդունվեց 1948թ․ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ կողմից։ Մեր ժողովրդի բարոյական պարտականությունն է և միջազգային պարտավորությունը՝ վճռականորեն սատարել ցեղասպանության կանխարգելման գործընթացին։

Այդ կապակցությամբ երախտագիտությամբ ենք հիշում սերբ ժողովրդի՝ 1922թ․ հայ փախստականներին ապաստան տրամադրելու պատրաստակամությունը, ինչպես նաև Սերբիայի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը 2015թ․։ Ցեղասպանությունների ճանաչումն ու կանխարգելումը այն քայլերն են, որոնք ապահովում են բոլորիս անվտանգությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր