• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ընտրությունների առաջին փուլում ժողովուրդն իրապես ունի ընտրության հնարավորություն․ Հայկ Խանումյան

27.03.2020   09:23

Ազատ Արցախի Համապետական Ընտրութիւններ – Հարցազրոյց 8 –

 

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:

Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել: Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ:

Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:

Մեր հարցազրոյցների այս շարքի հաջորդ հյուրը «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն է։ Խանումյանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրույցը:

«Խմբ

 

Հայկ Խանումյանը ծնվել է 1984թ. սեպտեմբերի 12-ին Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում: Սովորել ու ավարտել է Իջևանի հ.1 միջնակարգ դպրոցը։ 2001թընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը: 2004-2006թթծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2009թավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագիտության գծով մեկ տարի մասնագիտացել է Կովկասի ինստիտուտում (Երևան): Եվրոպական ուսումնասիրությունների գծով մեկ տարի մասնագիտացել է Ստրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա): 2010 թվականից հանդիսանում է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

2012թնախագահական ընտրություններում եղել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն: 2013 թվականից՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում  ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ազգային վերածնունդ» կուսակցության  համամասնական ցուցակով: Համանուն խմբակցության ղեկավարն է։ Ամուսնացած է: Ունի մեկ զավակ:

 

-Պարոն Խանումյան, շնորհակալ  եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար։ Նախընտրական քարոզարշավն ինչպե՞ս է ընթանում։ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը որևէ ձևով ազդե՞լ է Արցախում ընտրական գործընթացների վրա։

-Փոքր փոփոխություններ կան գրաֆիկի հետ կապված, բայց առանձապես չի ազդել։ Քարոզարշավը հիմնականում շարունակվում է մյուս թեկնածուների մոտ։ Մենք էլ ենք շարունակում։ Փորձում են հնարավորինս շատ բացօթյա հանդիպումներ անել, եթե եղանակային պաւյմանները թույլ տան։

-Արցախցիները ինչպե՞ս են տրամադրված։ 14 թեկածու կա, 14 ծրագիր։ Ինչքանո՞վ եք կարողանում Ձեր ծրագրերը ներկայացնել։ Օգնում է այն փաստը, որ Արցախում մշտապես ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել։

-Մենք Արցախում ճանաչվածության խնդիր չունենք։ Ով ունի, թող ինքը մտածի դրա մասին։ Ժողովուրդը լավ էլ հասկանում է, որ թեկնածուների մեծ մասը իշխանական ուժերն են ու Բակո Սահակյանի թիմակիցները։ Եթե ժողովուրդն ընտրություն է կատարելու իշխանության ներսում, դա այլ հարց է, բաց եթե ուզում են իրական փոփոխություններ, ապա այդ ուժը մենք ենք, ես՝ անձամբ։

-14 թեկնածուի առկայությունը խոսում է ժողովրդավարությա՞ն թե հակառակի՝ պառակտման մասին, ինչպես կարծում են թեկնածուներից ոմանք։

-Դա քաղաքական ազատականացման արդյունք է։ Քաղաքական դաշտը նախկինում այդքան բաց չէր։ Հիմա բացվել է ու միանգամից այսքան թեկնածուներ են հայտնվել։ Ժամանակին քաղաքական դաշտը փակվել էր գործող իշխանության կողմից։ Հայաստանյան հեղափոխությունից հետո այն բացվեց։ Կարծում եմ, որ տարիների ընթացքում քաղաքական դաշտը կզուլալվի։ Այս պահին մի քիչ պղտոր է։

-Ձեր ծրագրային առաջնահերթությունները ո՞րոնք են։

-Առաջինը՝ համակարգային կաշառակերության վերացումն է։ Բիզնեսն իշխանությունից տարանջատելը։ Ապակենտրոնացում և համայնքային բյուջեների ավելացում։ Մեզ մոտ ռեսուրսներն ու իշխանությունը բավականին կենտրոնացված են։ Մեր առաջնահերթություններից են տնտեսական ոլորտի հզորացումը, ենթակառուցվածքների կառուցումն ու զարգացումը։ Մենք առաջարկում ենք 1000 կիլոմետր նոր ճանապարհ 5 տարվա ընթացքում։ Արցախի պետական բյուջեից վերջին տարիներին շատ քիչ գումար է հատկացվել ճանապարհների ասֆալտապատման կամ կառուցման վրա։ Դա կատարվել է հիմնականում բարեգործական միջոցների հաշվին։ Բարեփոխումներ ենք իրականացնելու դատաիրավական ոլորտում, կրթության և մյուս բոլոր ոլորտներում։

-Պարոն Խանումյան, վերջին շրջանում ավելի առարկայական են դառնում ընտրությունների երկրորդ փուլի մասին պնդումները։ Ձեր կարծիքն այս մասով կասե՞ք։

-Ես էլ եմ կարծում, որ դա շատ հնարավոր տարբերակ է։ Վստահ եմ, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ։

-Ձեզ տեսնու՞մ եք երկրորդ փուլում։

-Իհարկե։ Պետք է ասեմ, որ մենք առաջարկում ենք հենց այս տարբերակը։ Առաջին փուլում ժողովուրդը գոնե իրավունք ունի ընտրելու իրական փոփոխություններ կատարող թեկնածուի կամ ուժի։ Իսկ եթե կընտրի իշխանական թեկնածուների, ապա՝ երկրորդ փուլում կլինի ընդամենը իշխանական թեկնածուների շրջանում չարյաց փոքրագույնի ընտրություն։ Այսինքն՝ իշխանական թեկնածուների շրջանում համեմատաբար լավին, կաշառակերության մեջ քիչ երևացողին և այլն։ Բայց առաջին փուլի համար, վստահաբար կարող եմ ասել, որ ժողովուրդն ունի ընտրության հնարավորություն։

-Եթե դուք չանցնեք երկրորդ փուլ, որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի սատարելու՞ եք։

-Որևէ մեկին չենք միանալու կամ չենք սատարելու։ Եթե երկրորդ փուլում չլինենք, կհայտարարենք, որ ձայն չտան համակարգային կաշառակերություն ստեղծած քաղաքական ուժին կամ թեկնածուին։

-Արցախի նախագահի թեկնածու, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կոչով։ «Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը: Արցախը և Հայաստանը իրարից մեկուսացած տարածքներ չեն»,- նշել է Բալասանյանը։ Դուք կիսո՞ւմ եք նրա տեսակետը։ Անհրաժեշտ է Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել։ Եվ, ըստ Ձեզ, ինչու՞ է նման կոչով հանդես եկել Վիտալի Բալասանյանը։

-Դա քննարկման ենթակա հարց է։ Այս պահին Արցախում վարակման որևէ դեպք չկա։ Համենայն դեպս քննարկման հարց է։ Պետք է համակողմանի վերլուծենք, հասկանանք։ Չենք կարող միանգամից այդ հարցին պատասխանել։

-Ընտրվելու պարագայում, Սփյուռքի հետ ի՞նչ ձևաչափով եք աշխատելու։ Ի՞նչ ակնկալիքներ կան Սփյուռքից։

-Սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ լինելու է ամենալայն համագործակցությունը։ Հայրենադարձություն, վերաբնակեցում։ Մենք Սփյուռքին դիտարկում ենք որպես Արցախի պոտենցիալ (էս բառի հայերեն համարժեքը չգտա՝ իմաստային առումով) բնակիչներ։

-Գաղտնիք չէ, որ սփյուռքահայ ներդրողների մոտ կա վստահության որոշակի պակաս թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում ներդրումներ կատարելու մասով։ Դա առաջացել է տարիների ընթացքում։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարել նրանց մոտ վստահությունը վերականգնելու ուղղությամբ։

-Մեր ծրագրում մի շարք կետեր կան դատաիրավական ոլորտի փոփոխություններից մինչև տնտեսական տարբեր հարցերի շուրջ փոփոխություններ։ Գլխավոր նպատակը ոչ միայն Սփյուռքին է ուղղված, այլ՝ ընդհանրապես ներդրողին։ Պետք է ներդրումներ անելու արհեստական խոչընդոտները վերանան, համապատասխան իրավական ու քաղաքական դաշտ ձևավորվի՝ ներդրումներ ներգրավվելու ու օրինական գործարարության շահերը պաշտպանելու առումով։ Արցախում, ցավոք սրտի, վերջին տարիներին հայրենասիրական մղումներով ներդրումներ են միայն եղել։ Պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ գան Արցախ ներդրում անեն, հարստացնեն ու հարստանան։ Այսինքն, ոչ միայն հայրենասիրական մղումներից ելնելով, այլև՝ կոնկրետ տնտեսական շահից ելնելով։

-Ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունն ինչպիսի՞ն է լինելու։

-Ամենաջերմ ու ամենակառուցողական հարաբերություններն են լինելու։ Այս պահին ՀՀ կառավարությունը որոշ ենթակառուցվածքային ծրագրեր է անում Արցախում և վստահաբար մեր ընտրվելու դեպքում այդ ծրագրերը բազմապատկելու են։

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 

 

 

 

 

 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր