• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Սկզբում անսովոր էր, որ կին թեկնածու կա, բայց ընթացքում մարդիկ հասկացան՝ պետք է փոխել կարծրատիպերը․ Քրիստին Բալայան

24.03.2020   09:35

Ազատ Արցախի Համապետական Ընտրություններ – Հարցազրոյց 7 –

 

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:

Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել: Այս առիթով ներկայացնում ենք հարցազրոցների շարք Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուների հետ:

Սա առիթ է մեր ընթերցողներին՝ հակիրճ կերպով սակայն մոտիկից ծանոթանալու յուրաքանչյուր թեկնածուի հետ:

Մեր հարցազրոյցների այս շարքի հաջորդ հյուրը երիտասարդ կին թեկնածու Քրիստին Բալայանի հետ է։ Բալայանի հետ զրուցել է Երևանի մեր աշխատակիցը: Ստորև հարցազրույցը:

«Խմբ

 

Քրիստին Բալայան /Այվազյան/` ծնվել է 1978 թվականի ապրիլի 21-ին, Բաքվում:
1984
թվականին ընդունվել է Բաքվի թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1988-ին, երբ Բաքվի հայերի համար ծանր ժամանակներ են սկսվում, ստիպված են լինում ընտանիքով տեղափոխվել Ռուսաստանի Կրասնոդար քաղաք: 1989-ի ամռանը վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:
1994
թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել տնտեսագիտական քոլեջը։ 1997-2001 թվականներին սովորել և իրավաբանի որակավորմամբ ավարտել է Ստեփանակերտի «Ժամանակակից հումանիտար համալսարան»-ի իրավագիտության և իրավունքի ֆակուլտետը: Աշխատտել է Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ որպես ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ: 2006-2013 թվականներին` Ստեփանակերտի Ստեղծագործական Կենտրոն, որպես կենտրոնի գլխավոր հաշվապահ: 2013- 2016 թվականներին՝ որպես կենտրոնի փոխտնօրեն: 2016-2019 թթ զբաղեցրել է Արցախի արվեստի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
2016
թվականից առ այսօր «VIVA- Հայաստանի բժիշկներ և կամավորներ » կազմակերպության կամավոր է: 2019 թվականին հիմնադրել է «ՄիլաԳրի» հիմնադրամը, որը զբաղվում է Արցախում ներառարականության զարգացմամբ և հանրապետությունում առաջին ներառարական մանկապարտեզների ստեղծմամբ։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

Տիկին Բալայան, շնորհակալ եմ հարցազրույցի խնդրանքը չմերժելու համար։ Նախ կուզեի իմանալ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը։ Մինչ այս պահը որևէ խախտում արձանագրե՞լ եք։

-Խախտումները սկսվել են արդեն սկզբնական շրջանից։ Սկսենք նրանից, որ որոշ թեկնածուներ օգտվում են վարչական ռեսուրսներից։ Սկսել են իրանց քարոզարշավներն անցկացնել պետական կառույցներում և հաստատություններում՝ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ժամկետի նշանակումը, իսկ նշանակումից հետո հայտնի է դառնում, որ այդ վայրերում քարոզարշավներ անցկացնելն արգելվում է։ Ավելի արդար կլիներ, եթե բոլոր թեկնածուներին հավասար ֆինասկան հնարավարություններ տրվեր։ Մեր պարագայում, օրինակ՝ բոլորը չեն կարող իրենց թույլ տալ վճարովի հեռուստաեթեր ունենալ և ստիպված օգտվում են միայն անվճար տրամադրվող երեք րոպեանոց եթերից։ Դա վերաբերում է նայև պաստառներին, բրոշյուրներին, գրասենյակների քանակին։

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը որևէ կերպ ազդե՞լ է Արցախում ընտրապայքարի վրա։ Ինչպե՞ս եք կազմակերպում մարդկանց հետ հանդիպումները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակը։

-Արցախում արտակարգ դրություն չի հայտարարված, ինչը շատ սխալ եմ համարում: Մենք ունենք մեզ պաշտպանող բանակ և Աստված մի արասցե վիրուսը ներթափանցի զինծառայողների շրջան: Հետևանքները կարող են անվերահսկելի վնասների բերել: Մենք հասկանում ենք իրավիճակի լրջությունը և բարձր ենք գնահատում մեր հայրենակիցների առողջությունը։ Այս պատճառով դադարեցրել ենք փակ տարածքներում հանդիպումները և վերջին օրերին հիմանկանում հանդես եմ գալիս օնլայն, ինչն իհարկե բացասաբար է ազդում իմ քարոզարշավի վրա, քանի որ անմիջապես շփումի ընթացքում ես կարողանում եմ պատասխանել մարդկանց հարցերին, բացի այդ, կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում օգտվել համացանցից և ստացվում է չեն կարող մասնակցել իմ քարոզարշավին։

Ընտրվելու դեպքում, Ձեր առաջին և հիմնական անելիքը ո՞րն է լինելու։

-Այսօր մեր երկրում բոլոր ոլորտները բարելավման կարիք ունեն, այդ պատճառով դժվարանում եմ նշել ամենակարևորը, բայց ես իմ ծրագրում ունեմ առաջնահերթություններ, որոնց վրա ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու։ Դա երկրի անվտանգությունն է, կրթությունը, գյուղատնտնտեսությունը։

Արցախի պատմության նախագահի կին թեկնածու չի եղել։ Ի՞նչ առավելություն կամ խոչընդոտներ է ստեղծում այդ հանգամանքը։ Արցախցիների մոտ կին նախագահ ունենալու հեռանկլարն ինչպես է ընդունվում։

-Սկզբում, իհարկե, անսովոր էր, որ կին թեկնածու կա, սակայն հանդիպումների և շփումների ընթացքում մարդիկ հասկացան, որ պետք է փոխել կարծրատիպերը և նրանք պատրաստ են գնալ այդ քայլին։ Նրանք ծանոթանալով իմ ծրագրերին, տեսնելով իմ մտահոգվածությունը երկրի մասին, գալիս են այն մտքին, որ այո, կինը նույնպես կարող է նախագահ դառնալ։ Առաջին քայլերը միշտ էլ դժվար են, եթե այս անգամ պատրաստ չեն դրան, հաջորդ անգամ ավելի հանգիստ կընդունեն այդ փաստը։

Ձեր ընտրվելու շանսերը ինչքա՞ն կգնահատեք։

-Իրականում ես հասկանում եմ, որ իմ շանսերն այս պահի դրությամբ բարձր չեն, քանի որ ես քաղաքական անցյալ չունեմ և մարդիկ գրեթե չեն ճանաչում ինձ, կամ նոր են ծանոթանում։ Բայց սա շատ մեծ հնարավորություն է ինձ համար, հասկանալու իմ կարողությունների աստիճանը իմ հետագա անելիքների որոշման համար։ Այս պահին դրա մասին չեմ էլ մտածում։ Հիմա իմ թիմով աշխատանքներ ենք տանում երկրում այս ողբալի իրավիճակը փոխելու համար, սա է կարևորը։

Ընտրվելու պարագայում, ՀՀ իշխանությունների հետ ինչպե՞ս եք աշխատելու, ինչպե՞ս եք համագործակցելու։ Քաղաքական առումով ներդաշնակություն լինելու՞ է, թե՞ ոչ։

-Իմ ընտվելու դեպքում, ես շատ կարճ ժամանակ կմնամ նախագահի պաշտոնում։ Մեր նպատակը Հայաստանի հետ միացումն է։ Թե Արցախը ինչ կարգավիճակով կլինի Հայաստանի կազմում, դա հետագա քննարկումների արդյունքում կպարզվի, բայց որ պետք է մեկ Նխագահ, մեկ վարչապետ և մեկ ազգային ժողով լինի, որի կազմում արցախից ներկայցուցիչներ կլինեն, դա հաստատ է։ Այս ամենի փաստը մեր անձնագրերն են, որոնց մեջ գրված է, որ մենք Հայաստանի քաղաքացիներ ենք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ հիմք չկա։ Դուք այդպես կարծու՞մ եք։ Թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է ընտրությունները հետաձգվեն։

-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես կարծում եմ, որ պետք է հետաձգել ընտրությունները։ Սակայն պետք է նայև ժամանակավոր կառավարություն ընտրել, բայց ոչ մի դեպքում այդ ժամանակավոր կառավարությունում չպետք է լինի Բակո Սահակյանը, քանի որ հանրության մեջ կարծիք կա,թե նա աջակցում է որոշ նախագահական թեկնածուների, ինչի պատճառով էլ կորցրել է մարդկանց վստահությունը։ Կարծում ենք, երկիրը կարող է ժամանակավոր ղեկավարել ներկայիս պետնախարարը։

Եվ վերջում, կցանկանայի Ձեր ակնկալիքներն իմանալ Սփյուռքից։ Ի՞նչ դեր ունի կամ պետք է ունենա Սփյուռքը Արցախի ու արցախցիների կյանքում։

-Մենք բարձր ենք գնահատում այն ամենը ինչ մինչև այսօր անում է Սփյուռքի հայությունը Արցախի համար։ Գիտենք այն հիասթափության մասին, որ դուք ապրել եք, քանի որ ձեր հասցրած օգնությունները հաճախ չեն հասել ինրենց հասցեատերերին։ Սակայն անելու ենք ամեն հնարավոր բան, որպեսզի վերականգնենք սփյուռքի վստահությունն ի Արցախ։

Ինչպե՞ս եք համագործակցելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս եք նրանց ներգրավելու Արցախի տնտեսական ու քաղաքական կյանքում։

-Մեր ծրագրում Սփյուռքի հետ համագործակցելու կետ կա՝ հայրենադարձության հարցը։ Սփյուռքում մենք ունենք տաղանդավոր մասնագետներ, որոնք շատ պահանջված են այստեղ: Նրանք կհրավիրվեն, որպեսզի իրենց փորձը փոխանցեն տեղացիներին, բացի այդ մենք միասին կստեղծենք նոր աշխատատեղեր և մարդավայել մակարդակով ապրուստի պայմաններ, որպեսզի սփյուռքահայությունը վերադառնալու տեղ ունենա: Գան արարեն, բարի գործ անեն իրենց պատմական հայրենիքում, վերջիվերջո ապրեն իրենց պատմական հայրենի հողում։ Սա կլինի Սփյուռքահայերի հետ համագործակցելու եղանակներից առաջինը և կարևորագույնը։

Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր