Իմ քարոզարշավը եղել Է հանուն, ոչ թե ընդդեմ. հարցազրույց Արցախի նախագահի կին թեկնածու Բելլա Լալայանի հետ

Շուտով համապետական ընտրություններ են Արցախում: Որպես անկախ պետություն գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ու պետականությունը փաստեց, որ հակառակ այն դրության, որ Արցախը որպես պետություն միջազգային ընտանիքի մաս չի կազմում , սակայն արժանի է անկախության ու այնտեղ ժողովրդավարական սկզբունքները իսկական արժեքներ են:
Մինչ իրեն կայացած պետություն համարող Ադրբեջանը ամեն առիթով փաստում է, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հասնելու համար և շատ սովորելու բան Արցախից, այն հողատարածքից, որի իրավատերը հավակնում է լինել:
Մեր հարցազրույցների այս շարքի առաջին հյուր ընտրեցինք Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Բելլա Լալայանին: Տիկին Լալայանին ընտրելու գործում մեծ դեր է խաղացել իր կին լինելու հանգամանքը: Սա շատ կարևոր չափանիշ է երկրի զարգացման ու գենդերային հավասար հասարակություն ունենալուի գործում: Այս հանգամանքին միանում է նաև նրա լրագրող լինելու ենթահողը, որի միջոցով Բելլա Լալայանն իր հախուռն և սկզբունքային նկարագրով մեզ համար հոգեհարազատ մարդ և գործընկեր լինելու հանգամանքն է վայելում:
«Խմբ.»
Բելլա Լալայանը Արցախում գարնանըՙ մարտի 31-ին, կայանալաիք նախագահական ընտրություններին առաջադրված երկու կին թեկնածուներից մեկն է, ով որոշել է կոտրել այն կարծրատիպերը, թե կանայք չեն կարող լինել քաղաքականության մեջ առաջնորդ: Զարթոնք օրաթերթն ընտրություններին ընդառաջ կներկայացնի հարցազրույցների շարք նախագահի թեկնածուների հետ: Բելլա Լալայանը ծնվել է 1967 թվականին Արցախում: Որևէ կուսակցության չի հարում: Ինքնաառաջադրված թեկնածու է: Նրա կարծիքով կուսակցությունները պառակտում են ժողովրդին: Նախագահական ընտրություններում մեծ թվով թեկնածուների առաջադրումն էլ չի համարում ժողովրդավարության նշան: Հակառակըՙ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում թերացում կա:
-Տիկին Լալայան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար: Միանգամից անցնենք գլխավոր թեմային: Արցախում նախագահական ընտրություններ են: Ինչու՞ որոշեցիք առաջադրվել:
-Նախ ուզում եմ կոտրել այն կարծրատիպերը, թե կինը չի կարող առաջնորդ լինել քաղաքականության մեջ, բանակում կամ ուժային որևէ այլ կառույցում: Երկրորդ, ես ուզում եմ իմ մասնակցությամբ ցույց տալ մնացած թեկնածուներին, որ կարելի է պայքարել, մրցել առանց մեկը մյուսի հանդեպ կեղտոտ արշավ իրականացնելու, առանց միմյանց դեմ թշնամանք տարածելու ու ատելություն սերմանելու:
-Դուք ինքնաառաջադրվել եք: Ձեզ չի սատարում ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք: Դուք ունենք ձեր անձնական կարծիքն ու տեսակետները երևույթների վերաբերյալ: Արդյոք կարծում եք, որ ձեր առաջադրումը կարող է խթանել հասարակության այն հատվածի ակտիվությունը, որը կարծում էՙ միևնույն է բան չի փոխվելու և ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են: Հետևաբար ընտրության գնալն անիմաստ է:
– Բազմակուսակցության գաղափարին և, ընդհանրապես, կուսակցության գաղափարին միշտ դեմ եմ եղել: Իմ խորին համոզմամբ, բազմակուսակցությունը ընդամենը նպաստում է նրան, որ հանրությունը պառակտված լինի, որ քաղաքացու համար առաջնային դառնան կուսակցության շահերը և ոչ թե պետության: Ես գտնում եմ, որ մենք պիտի մեկ կուսակցություն ունենանքՙ մեր հավատը:
Ինչ վերաբերում է իմ առաջադրվելով ընտրապայքարում համապատասխան ընտրազանգվածի ակտիվություն առաջացելու հանգամանքին , չեմ ուզում շտապել եզրակացություններ անել: Այո, կան մարդիկ, ովքեր հայտնել են, որ նպատակ չունեին գնալու ընտրության, բայց , քան որ առաջադրվում եմ՝ գնալու են: Բայց, ամեն ինչ կերևա ընտրությունից հետո:
-Արդյո՞ք Դուք Ձեզ համարում եք այդ ընտրազանգվածի ներկայացուցիչը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք հենց այդ ընտրազանգվածից:
– Ցանկացած պարագայում, իմ մասնակցությունը ինչ-որ տեղ խղճի թելադրանքով է եղել:
Ես պարզապես իմ պարտքն եմ համարել միշտ ու հիմա էլ համարում եմ՝ բոլոր հնարավոր միջոցները օգտագործել՝ Արցախիս օգնելու , ինչ-որ բան շտկելու, ինչ-որ բան ավելի լավը դարձնելու համար: Այսօր Արցախի համար ծանր օրեր են: Ես կասեի՝ ավելի ծանր, քան 90-ականների պատերազմն էր: Այդ տարիներին կար ներիքն համերաշխություն, համախմբվածություն, նպատակ: Այսօր այդ ամենի փոխարեն ատելություն, տարանջատում, պառակտում և տարբեր նպատակներ, ընդհուպ մինչև ազգադավ ու հակապետական նպատակներ: Ու ես չէի կարող անտարբեր հետևել այդ կործանարար զարգացումներին: Իսկ ինձ ճանաչողները գիտեն, որ ես և՛ բավարար կամք ունեմ, և՛ վճռականություն , և՛ արդարամտություն և՛ սկզբունքայնություն: Այսինքն, այն ամենը, ինչ սովորաբար միայն տղամարդուն հատուկ հատկություններ են համարում: Իմ ակնկալիքները հենց այդ մարդկանցից է, ովքեր ինձ լավ են ճանաչում: Ովքեր գիտեն, որ եթե մի բան խոստանում եմ, կյանքի գնով էլ կատարում եմ: Իսկ այօսր իմ խոստումը օրենքի Արցախի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուրն ունենալու է ապահով կյանքի իրավունք: Այն Արցախը, որտեղ, այդուհանդերձ, յուրաքանչյուրը հստակ իմանալու է իր պարտականությունները պետության առջև: Սա է ամուր պետության հիմքերից մեկը:
-Արցախի ընտրություններում կարծես սա առաջին դեպք է, որ այսքան մեծ թվով թեկնածուներ են առաջադրվել: Դա ժողովրդավարության տեսանկյունից լավ երևույթ է, առողջ երևույթ: Աշխարհին ցույց է տալիս, որ Արցախը լիիրավ անկախ Հանրապետություն է ու լավագույնս ապրում է իր ժողովրդավարական գործընթացը: Կարծ ասածՙ կա բազմակարծություն ու քարոզարշավը ևս հետաքրքիր է անցնելու: Այս առումով ի՞նչ կասեք:
-Ես կասեի հակառակը: Թեկնածուների աննախադեպ մեծ թիվը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում թերացումներ կան: Բացի դրանից, մեծ թվով թեկնածուների փաստը խոսում է նաև ցածր պատասխանատվության մասին: Այո, Արցախը բավականաչափ ժողովրդավար է: Արցախցին, հիմնականում, պետականամետ էՙ չշփոթել իշխանամետության հետ: Բայց ես այդ հանգամանքը չեմ կապում կուսակցությունների ռեկորդային թվի հետ: Երբ 150 000 բնակչություն ունեցող երկրում 30-ից ավելի կուսակցություն կա, ուրեմն այդ հանրությունը պառակտված է և մոլորված:
-Ինչպե՞ս եք պատրաստվում համոզել արցախցիներին Ձեզ ընտրել: Կամ այլ կերպ ասածՙ ինչո՞ւ պետք է հենց Ձեզ ընտրեն:
– Չեմ պատրաստվում համոզել: Ես երբեք իմ ներկայությունը չեմ փաթաթել որևէ մեկի վզին կամ պարտադրել որևէ մեկին : Պարզապես, ելնելով հանգամանքից, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը մարդկանց ծանոթ է, իմ սկզբունքայնությանը տեղյակ են, անարդարւթյունների դեմ իմ հարատև պայքարի վկան են, ապա կթողնեմ, որ իրենք իրենց համար որոշեն՝ արդյո՞ք , ուզում են տալ ինձ հնարավորություն, որպեսզի կառուցեմ այդ երկիրը, ինչի համար այսքան տարի պայքարում եմ, թե՞ ոչ:
-Քաղաքական պայքարում ի՞նչն է անընդունելի Ձեզ համար:
-Թե՛ քաղաքական պայքարում թե՛ կյանքի ցանկացած բնագավառում ինձ համար անընդունելի է դավաճանությունը, ստորությունը, անսկզբունքայնությունը և ստախոսությունը:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք քարոզարշավից:
– Ի տարբերություն մյուս թեկնածուների՝ մտադիր չեմ շտաբեր բացել, մեծ թիմ հավաքել: Անիմաստ ծախսեր են, որոնք չունեմ, ունենալու դեպքում էլ՝ կափսոսայի: Փոքր Արցախում բոլորն անուններով են իրար ճանաչում: Իսկ աշխատանքները պլանավորելու համար , նույնսիկ, ամենամեծ կուսակցության համար մեկ շտաբն էլ է հերիք: Ինչ վերաբերում է թիմին՝ կտրուկ դեմ եմ թիմ հասկացությանը, քանի որ, թիմը ձևավորվում է ոչ թե գաղափարի շուրջ, այլ աթոռների: Այսօր արդեն , նայելով թեկնածուների թիմերին, կարող ենք աել, թե նրանցից որի հաղթանակի դեպքում պաշտոններն ովքեր են զբաղեցնելու: Այսինքն, մասնագիտական վերելքը առաջիկա տասը տարում մնացած կադրերի համար փակվում է, անկախ այն բանից, որ երբեմն այդ թիմերում հայտնվում են մարդիկ, որոնց նույնիսկ չի կարելի թողնել կառավարության դռնով մտնել՝ ո՛չ մարդկային որակի, ո՛չ մասնագիտական հմտության տեսակետից: Վերջին 15 տարին ես իմ քարոզարշավն իրականցնում եմ ֆեյսբուքյան հարթակում և իրական կյանքում: Ու միշտ իմ քարոզարշավը եղել է հանուն, և ոչ թե՝ ընդդեմ: Հիմա էլ կփորձեմ հանուն ապահով Արցախի իմ գաղափարը հասանելի դարձնել արցախցիներին: Վերջնական որոշումն իրենցն է:
-Եվ վերջում մեկ հարց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Արցախում սպասվող ընտրությունների մասին, հայտարարեց, որ արցախցիները չպետք է քվեարկեն այն թեկնածուի օգտին, ով դեմ է Հայաստանի լեգիտիմ ընտրված իշխանությանը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և Ձեր կարծիքով ինչպե՞ս այն կանդրադառնա ընտրությունների արդյունքների վրա:
-Դա ասում է մի մարդ, ով իրեն ժողովրդավարական սկզբունքների ջատագո՞վ է համարում: Միգուցե , հսկողությո՞ւն սահմանեն , տեսախցիկնե՛ր դնեն քվեախցիկներում, որպեսզի հետևեն, որ ժողովուրդը իր թելադրանքով քվեարկի: Ամեն մարդ իր կամքի տերն է: Իր սկզբունքներին համապատսխան, քվեն այս կամ այն թեկանծուին տրամադրելու լիրաժեք իրավունք ունի և ոչ մեկը, բացարձակ ոչ մեկը, իրավունք չունի մեկ ուրիշին իմ կամքը պարտադրելու: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ականջալուր կլինեն միայն նրան քծնող թեկնածուների համակիրները: Մյուսների համար դա փուչ ու անիմաստ հայտարարություն է:
Նշենք, որ ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մարտի 31-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է 14 թեկնածու, որից 6-ը ինքնաառաջադրված թեկնածուներ են, մնացածըՙ կուսակցությունների կողմից:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

