• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մեր Հարցազրոյցը. Էդմոն Մարուքեանի Հետ

07.11.2019   13:01

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Նոյեմբերի 18-ին Էդմոն Մարուքեանը հանդիպելու է լոսանճելըսահայ գաղութին«Արտաքին հարթակներում մեզ համար չկայ ընդդիմութիւն, ֊իշխանութիւն, հակադրութիւն. կան Հայաստանի ազգային պետական շահեր»

 Հայաստանի Ազգային ժողովէն ներս ներկայիս երրորդ ուժը համարուող, ընդդիմադիր «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ, իրաւաբան Էդմոն Մարուքեան օրերս պիտի ժամանէ Միացեալ Նահանգներ՝ պետական պատուիրակութեամբ։ Այդ այցը առիթ հանդիսացաւ, որպէսզի «Նոր Օր»-ի աշխատակիցը հեռակայ կարգով հարցազրոյց վարէ անոր հետ։ Էդմոն Մարուքեանի հանրային հանդիպումը Լոս Անճելըսի մեր հայրենակիցներուն հետ տեղի պիտի ունենայ Երկուշաբթի, 18 Նոյեմբեր 2019-ին, երեկոյեան ժամը 7։00-ին, Պրպենքի Առաջնորդարանի «Զօրայեան» թանգարանի սրահին մէջ։

Էդմոն Մարուքեան բարձրագոյն կրթութիւնը ստացած է Հայաս­տա­նի Պետական Կառավարման ակա­դեմիայէն, Մոսկուայի Իրաւունքի և Կո­մերցիայի ինստիտուտէն եւ Մինե­սո­թայի Իրաւաբանական դպրո­ցէն, Միացեալ Նահանգներ։

ՆՈՐ ՕՐ

– Ինչպէ՞ս պատահեց, որ երբեմնի Ձեր գաղափարակից Նիկոլ Փաշինեանի հետ գտնուեցիք քաղաքական տարբեր բևեռներում:

 «Լուսաւոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» երկու տարբեր կուսակցութիւններ են՝ իրենց ծրագրերով ու մարտավարութեամբ։ Բազմաթիւ հարցերում ունեցել ենք համընկնումներ, ինչպէս նաև տարբերութիւններ։ Մենք սերտօրէն համագործակցել ենք «Ելք» դաշինքի շրջանակներում և այսօր էլ հպարտ ենք միասին անցած ճանապարհի համար։ «Ելք»-ի համագործակցութեան ժամանակ կար անհրաժեշտութիւն համատեղ ուժերով պայքարել նախկին ռեժիմի դէմ։ 2018 թուականին տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնից յետոյ այլևս կարիք չկար որևէ ռեժիմի դէմ համախմբուած լինելու, ուստի «Ելք» դաշինքի երեք ուժերն էլ ընտրութիւններին մասնակցեցին առանձին ֆորմատներով։ Այսօր Լուսաւոր Հայաստան կուսակցութիւնը Հայաստանի քաղաքական համակարգում երրորդ ուժն է, այն խորհրդարանական ընդդիմութիւն է՝ իր 17 պատգամաւորով։

–  Ո՞րն է յետյեղափոխական Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը և կորուստը, եթէ կայ այդպիսին:

 Ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի հաւատի վերականգնումն է առ այն, որ հնարաւոր է ոչ բռնի, քաղաքական պայքարի միջոցով հասնել իշխանափոխութեան։ Կարևոր էր արձանագրել, որ բռնութիւնը Հայաստանում տեղ չունի, որ ժողովրդավարութիւնը մեր երկրում այլընտրանք չունի։ Բարեբախտաբար, այս պահին մենք լրջագոյն կորուստներ չունենք, սակայն առկայ են մտահոգութիւններ՝ կապուած վարուող կադրային քաղաքականութեան, որոշումների կայացման ոչ թափանցիկութեան, տնտեսութեան զարգացման դանդաղ ընթացքի, ներդրումային հոսքերի չհամակարգման հետ։ 

–  Ինչպէ՞ս էք գնահատում ընդդիմութեան հնարաւորութիւններն այսօր:

 Մեր հասրակութիւնը սովոր չէ լեգիտիմ իշխանութեան դիմաց տեսնել ընդդիմութիւն։ Բանն այն է, որ երկար տարիներ ընդդիմութիւնը եղել է հիմնական պայքարի միջոցը ոչ ժողովրդավարական իշխանութեանը, իսկ յեղափոխութիւնից յետոյ այնպիսի տպաւորութիւն է, որ մեր քաղաքացիները դեռևս չեն գիտակցում ժողովրդավարական մրցակցային քաղաքական համակարգի կարևորութիւնը։ Այսօր ընդդիմութիւնն առաւել դժուարին դերակատարում ունի, քանի որ ներկայիս իշխանութիւնը վայելում է հանրային լայն շրջանակի վստահութիւնը և այս պայմաններում նրանց նկատմամբ հնչեցուող քննադատութիւնը հասարակութեան մօտ երբեմն ընկալւում է թշնամաբար։ Ցանկանում եմ ընդգծել, որ այսպիսի իրավիճակը Լուսաւոր Հայաստանին երբեք էլ յետ չի պահել բարձրաձայնելու առկայ խնդիրների մասին, միաժամանակ առաջարկելով դրանց լուծումները։ Մեր կուսակցութիւնը յաջողութեամբ իրականացնում է իր որդեգրած սկզբունքներն ու հետևում իր ծրագրային դրոյթներին։ Այսօր, երբ գործող իշխանութիւնները թալանչի ու կոռումպացուած չեն, ընդդիմութեան հիմնական դերակատարումն ու թիրախաւորումն ուղղուած է ոչ թէ նրանց անձերի դէմ, այլ իշխանութեան կողմից անհրաժեշտ ռեֆորմների իրականացման, ինչպէս նաև պետական ինստիտուտների մասնագիտական գործունէութեանը։

Հարկ է նկատել, որ ներկայումս ընդդիմութիւնը չունի օրէնսդրօրէն ամրագրուած բաւարար արդիւնաւէտ մեխանիզմներ իր ծրագրերի իրականացման համար, սակայն հետևողական, փրոֆեսիոնալ և քրտնաջան աշխատանքի շնորհիւ Լուսաւոր Հայաստանը հասնելու է նրան, որ հանրութեանը յուզող ցանկացած խմբի հարց բարձրացուի ու լսելի դառնայ երկրի թիւ մէկ օրէնսդիր ամբիոնից։

–  Ի՞նչ կարծիք ունէք ՀՀ վարած արտաքին քաղաքականութեան մասին:

 Հայաստանի արտաքին քաղաքականութեան ուղղութիւններն ըստ էութեան անփոփոխ են, բայց փոխուել են արտաքին քաղաքականութեան վարման մեթոդները։ Այս պահին մենք աւելի անկաշկանդ, նախաձեռնող արտաքին քաղաքականութիւն ունենք, քան երբևէ։ Կարծում եմ, անհրաժեշտ է յատկապէս զարգացնել երկկողմանի համագործակցային յարաբերութիւններ մի շարք երկրների հետ, ինչը կը նպաստի Հայաստանի համար այլընտրանքների ստեղծմանը և արտաքին յարաբերութիւնների հաւասարակշռմանը։ «Լուսաւոր Հայաստան»-ի մօտեցումն այն է, որ Հայաստանն աւելի ակտիւ պէտք է մասնակցի տարածաշրջանային իտեգրացիոն գործընթացներին և ամէն մի նոր բացուած հնարաւորութիւն օգտագործի ի նպաստ նոր բարեկամներ ձեռք բերելու և եղած դաշնակցային յարաբերութիւնները խորացնելու համար։ «Լուսաւոր Հայաստան»-ն արտաքին քաղաքական բոլոր հարթակներն օգտագործում է ՀՀ ազգային շահերը լաւագոյն կերպով պաշտպանելու համար։ Ուզում եմ ընդգծել, որ արտաքին հարթակներում մեզ համար չկայ ընդդիմութիւն, ֊իշխանութիւն, հակադրութիւն և այլն. կան Հայաստանի ազգային պետական շահեր, որոնցով մենք առաջնորդւում ենք։

–  Ի՞նչ էք կարծում թուրքսիրիական զարգացումների և այդ համատեքստում այնտեղ ապրող մեր հայրենակիցների մասին:

 Հայաստանը պէտք է առաւել գործուն քայլեր ձեռնարկի մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման, մարդասիրական, ռազմաբժշկական, ինչպէս նաև այլ տարաբնոյթ օգնութեան տրամադրման ուղղութեամբ։ Կարևոր է նաև, որ միջազգային հանրութեան առջև բարձրաձայնի Թուրքիայի ոչ իրաւաչափ գործողութիւնների մասին՝ ներկայացնելով այն ապակայունացնող հետևանքները, որոնք կարող են բացասական ազդեցութիւն ունենալ աշխարհի վրայ։ Բոլոր միջազգային հարթակներում, որտեղ մենք՝ խորհրդարանականներս, ներգրաւուած ենք, ակտիվօրէն բարձրաձայնում ենք Թուրքիայի ապակառուցողական, յանդուգն պահուածքի մասին, խօսում դրանց տարածաշրջանային ազդեցութիւնների և հետևանքների մասին։

–  Վերջերս լրատուամիջոցներով տարածուեց ԱՄՆ նախագահի նամակն ուղղուած Թուրքիայի իր պաշտօնակցին: Ի՞նչ կասէք այդ ուղղութեամբ:

 Բաւականին անմիջական ոճով գրուած այդ նամակը, իսկապէս, աննախադէպ էր միջազգային դիւանագիտութեան պատմութեան մէջ։ Սովորաբար, ցանկացած հարց ներկայացւում էր «դիւանագիտական» լեզուով։ Սակայն պրագմատիկ ոճով գրուած այդ նամակն աւելի ուժեղ ազդեցութիւն ունեցաւ գործընթացի ժամանակաւոր կարգաւորման վրայ, քան թէ փաստացի կարող էր ունենալ այլ դիւանագիտական ոճի մի փաստաթուղթ։ Մեր խորին համոզմամբ առաջիկայում և՛ միջազգային, և՛ տեղական քաղաքականութեան մէջ աւելի շատ տուրք է տրուելու նմանօրինակ, պրագմատիկ գործողութիւններին, որոնք առաւել բարձր արդիւնաւէտութիւն ցոյց կը տան։

–  Դուք ծանօթացաք Վարչապետի կողմից նշուած գաղտնի փաստաթղթերին, որոնք վերաբերում էին արցախեան հիմնախնդրին: Մտահոգուելու կարիք կա՞յ:

 Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ մենք միշտ էլ մտահոգութիւններ ունենալու ենք, մինչև վերջնական հայանպաստ լուծումը. իսկ այս փուլում ամէն բան անում ենք, որ շատ կարճ ժամանակամիջոցում, արդիւնաւէտ կերպով լուծուեն բոլոր այն խնդիրները, որոնք ներկայացուած էին նշուած գաղտնի փաստաթղթում։

–  Ըստ Ձեզ աւանդական կուսակցութիւններն այսօր ի՞նչ անելիք ունեն և ինչպէ՞ս էք գնահատում նրանց մասնակցութիւնը Հայաստանի և սփիւռքի քաղաքական գործընթացներում։

Վստահ եմ, որ անելիք ունեն՝ իւրաքանչիւրն իր ծրագրերի, տեսլականի չափով ու սահմաններում։ Վերջին յեղափոխութիւնից յետոյ քաղաքական դաշտում գործելու նոր չափանիշներ են սահմանուել, որոնք տարածւում են բոլոր քաղաքական ուժերի վրայ Հայաստանում, թէ սփիւռքում։ Այսօր ռեժիմ չունենք, որի դէմ պէտք է պայքարենք։ Մենք ունենք կարևոր ձեռքբերումներ, փխրուն ժողովրդավարութիւն, որը պէտք է ամրացնենք բոլորով՝ ջանք չխնայելով համաչափ տարածքային զարգացման համար։ Անհրաժեշտ է միասնական ուժերով կառուցել հզօր տնտեսութիւն, որի վրայ կը հիմնուի զօրաւոր պաշտպանական համակարգ։

–  Քանի՞ անդամ ունի Ձեր կուսակցութիւնը և  ապագայում ընդլայնման ի՞նչ ծրագրեր ունէք:

 «Լուսաւոր Հայաստանն» այս պահի դրութեամբ ունի 4,000-ից աւել անդամ և համակիրների հզօր բանակ, չնայած իր երիտասարդ տարիքին։ Այսօր էլ շարունակում ենք ընդլայնել մեր շարքերը։ Ունենք բազմաթիւ ծրագրեր, որոնք մշակման, կամ իրականացման փուլում են։ Մեր յաջողուած կրթական ծրագրերից մէկն է «Լիբերալ քաղաքականութեան դպրոց» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը։ Այն քաղաքացիական կրթութիւն ապահովելու առաքելութեան իրականացման գործուն մարմինն է։ Այստեղ արդէն ուսանել են 100-ից աւել երիտասարդներ, որոնք կիրառական գիտելիքներ են ստացել քաղաքականութեան, քաղաքական համակարգերի, դրա ինստիտուտների գործունէութեան վերաբերեալ։ Բնականաբար, փլանաւորում ենք առաւել սերտ շփումներ մեր հանրութեան հետ ապագայում, այցելութիւններ ՀՀ բոլոր բնակավայրեր և այնպիսի երկրներ որտեղ ինստիտուցիոնալ կերպով է ներկայացուած հայկական սփիւռքը։

 «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը սփիւռքահայերի հետ համագործակցութեան ի՞նչ ռազմավարութիւն ունի:

 Անհրաժեշտ է, որ աշխարհում ապրող տասը միլիոն հայերն իրենց նոյնականացնեն հայկական պետութեան, այսինքն այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան հետ: Ֆինանսական աջակցութիւնից առաւել Հայաստանի համար կարևոր է սփիւռքի մարդկային ու մտաւոր ներուժը: Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր աշխարհասփիւռ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցութիւն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ և նորարարական գաղափարներով: Ընդ որում, սփիւռքի կողմից նմանատիպ դիրքորոշումը պէտք է դիտուի ոչ թէ պարզապէս օգնութիւն, այլ իրաւունքի գերակայութեան ու հաւասար հնարաւորութիւնների պայմաններում, սեփական հայրենիքում կատարուած շահութաբեր ներդրում: Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է սփիւռքի համար լինի ոչ թէ բեռ ու պարտաւորուածութիւն, այլ հնարաւորութիւն և վերջնական ելակէտ՝ աստիճանաբար դառնալով իւրաքանչիւր հայի անվտանգութեան երաշխաւորը աշխարհի ցանկացած կէտում: Այս է պատճառը, որ մենք զարգացնում ենք կուսակցութեան համագործակցութիւնը սփիւռքի ազգային կառոյցների հետ՝ նրանց առաջարկելով նաև մեր օգնութիւնը։ Լաւագոյն օրինակներից է, այն որ «Լուսաւոր Հայաստան»-ը հիւրընկալում է սփիւռքից ժամանած երիտասարդների, որոնք իրենց կամաւոր ծառայութիւնը և ապագայ մասնագիտական հմտացումը կարողանում են բերել մեր կուսակցութեան ճանապարհով։

–  Առաջիկայում ե՞րբ էք ծրագրում այցելել ԱՄՆ, մասնաւորապէս Լոս Անճելըս:

 Նոյեմբերին Հայաստան-ԱՄՆ պատգամաւորական բարեկամական խմբի այց է նախատեսւում Ուաշինկթըն և Թեքսաս, որից դուրս ծրագրում եմ նաև մասնաւոր այցով ժամանել Լոս Անճելըս։ Այստեղ Նոյեմբերի 18-ին, երեկոյեան ժամը 7։00-ին, Պրպենքի Ս. Ղևոնդեանց Մայր Տաճարի «Զօրայեան» թանգարանային սրահում ծրագրում ենք հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Նպատակը անկեղծ շփումն է, ինչպէս նաև ներկաների մտածումներին, առաջարկներին ու խնդիրներին հաղորդակից դառնալը։ Օգտուելով առիթից ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի ընդունած բանաձևը, որը յիրաւի պատմական նշանակութիւն ունի: Կարծում եմ այն նոր խթան կը դառնայ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում և կանաչ լոյս կը վառի աշխարհի այլ խորհրդարանների կողմից նման բանաձևեր ընդունելու համար: Իմ շնորհակալութիւնը բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ են ի գործ դրել բանաձևի ընդունման գործում։

–  Ի՞նչ կը մաղթէք մեր ընթերցողներին և ընդհանրապէս սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին:

 Մաղթում եմ առողջութիւն, տոկունութիւն և յաջողութիւններ բոլոր այն բնագաւառներում, որտեղ ներգրաւուած են մեր հայրենակիցները։ Հաւատացած եմ միասնական ջանքներով ներդրում ենք ունենալու ազգի առջև ծառացած համահայկական խնդիրների լուծման գործում։ Հաւատում եմ նաև, որ շատ շատեր պիտի վերադառնան հայրենիք՝ իրենց հետ բերելով հմտութիւններ ու գիտելիքներ, որոնք կարող են կիրառուել՝ ի նպաստ հզօր Հայաստանի կերտման ու զարգացման։

Իմ մասնաւոր շնորհակալութիւնը նաև «Նոր Օր» շաբաթաթերթին, որ իր մէկդարեայ ծառայութեամբ շարունակում է իր ազնիւ առաքելութիւնը՝ լինելով ազգային մտածողութեան ջահակիր ու ճշմարտութիւնների պատգամախօս։

Հարցազրոյցը վարեց՝ Յ.Ս.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր