• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա

06.07.2020   20:28

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները պետք է ստանան քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Նախագահի խոսքով՝ հայտարարված քաղաքականության տրամաբանության համաձայն՝ բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է կառավարությունը, իսկ եթե կառուցապատողն ավելի լավ առաջարկ ունենա, ապա ազատ կլինի իր որոշման մեջ:

«Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները շնորհակալություն են հայտնել նախագահ Հարությունյանին համագործակցության համար և խոստացել, որ, ըստ նախանշվածի, 2022թ.-ին շահագործման կհանձնեն 120 բնակարան, հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 180 բնակարան:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր