• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մամուլի տեսություն. ՀՀ-ից մեծ խմբաքանակով բժշկական դիմակ են արտահանել և դրսում թանկ գնով վաճառել

27.02.2020   08:28

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եւ ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն:

Դրան զուգահեռ լուրեր են պտտվում, որ եղել են մարդիկ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են էժան գնել, սակայն, Հայաստանում իրացնելու կամ Չինաստան ուղարկելու փոխարեն, արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ դրանք վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող դիմակի պակասի հարցը լուծելու գործին:

Բանն այնտեղ է հասել, որ, օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Եվ չնայած այս իրավիճակին՝ պարզվում է՝ չկա մի կառույց, որը պետք է վերահսկեր կամ կանխեր նման դեպքերը: Համենայնդեպս, բոլոր հնարավոր օղակները պատասխանատվությունից խուսափում են:

Պետական եկամուտների կոմիտեից թերթին հայտնեցին, որ առանձին վերլուծություն չունեն, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից: Իսկ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ  թերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք վերահսկողական որեւէ գործառույթ չունեն եւ միայն ստուգում են գրանցված վաճառվող ապրանքների որակը: Իսկ ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությանը, ապա նրանք հիմա զբաղված են հետեւանքները վերացնելով. դիմակ են փնտրում, որ մեծ քանակությամբ ներկրեն:

Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը կվերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու եւ այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որեւէ կառույց չհերքեց:
Իսկ կորոնավիրուսը երեկ հասավ արդեն Վրաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր