• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մամուլի տեսություն. Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով

22.11.2019   08:52

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է գտնվում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկրի տնտեսական շրջափակումը և մեծ միջոցներ են ներդնում, որպեսզի տարածաշրջանային նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը ամեն կերպ շրջանցեն Հայաստանին, որպեսզի մեր երկիրը չկարողանա տնտեսական առաջընթաց ունենալ։ 

Եվ այս հանգամանքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրավիճակը յուրահատուկ է նաև մեր մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում։ 

Հայաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն երկու երկրների գործընկերության խորացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ։

Իսկ Վրաստանի հետ չնայած շարունակում ենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն գործնական հարթության վրա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան՝ կապված վրաց-ռուսական խնդրահարույց հարաբերությունների և այն հանգամանքի հետ, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։

Հայաստանը շարունակում է դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն այս երկրի հետ չունի ցամաքային սահման։ 

Տնտեսական, քաղաքական և անվտանգային առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, և պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը խորանում է այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլն։ 

Այնուամենայնիվ, իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անորոշության և անվստահության տարրեր են նկատվում։ 

Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Եվրամիությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող և տնտեսական դոնորներից մեկը։ 

Եվ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում «Արևելյան գործընկերություն» համատեղ քաղաքական նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է մեծ առաջընթաց գրանցել նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի լավագույն օրինակը 2017 թվականին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն էր։ 

Դեռևս այս համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ-ի կողմից չի ավարտվել, այնինչ, եթե համապատասխան աշխատանք տարվեր, ապա այն կարող էր վաղուց ուժի մեջ մտած լինել։ 

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը։ 

Չնայած Հայաստանը մի շարք ուղղություններով փորձում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում։ 

Ներկայիս իշխանության անդամներին այդպես էլ չի հաջողվում շփումներ հաստատել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ 

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաև Չինաստանը, որը հանդես է գալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման նախաձեռնությամբ, որն, ըստ էության, Եվրոպան Չինաստանի հետ կապող մետաքսի ճանապարհի վերակենդանացումն է։ 

Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի հատուկ դերակատարություն ստանձնել այս նախագծում և հասնել նրան, որ Չինաստանը խոշոր ծրագրեր իրականացնի մեր երկրում։ 

Ուստի Հայաստանի ներկա իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու և գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար։ 

Սակայն այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով, որի իրականացման արդյունքում արտաքին գործընկերների հետ կնախաձեռնվեին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։ 

Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում, դրա համար էլ նրա արտաքին քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր