• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երևանում մեկնարկում է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը

23.08.2019   22:49

Երևանում օգոստոսի 26-ին կտրվի Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի մեկնարկը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցելու են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն:

Կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը նշեց, որ լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում:

«Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք»,- ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Ազգային Ժողով և Նախագահի նստավայր:

«Լուսանկարներ փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: Փառատոնը զբոսաշրջության համար էլ խթան կհանդիսանա, քանի որ միջազգային է և բավականին մասշտաբային»,- նշեց փառատոնի Կազմկոմիտեի ղեկավարը:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ շեշտեց, թե որպես լուսանկարիչ ինքը շատ հետաքրքրված է փառատոնով:

«Հայաստանն, իրոք, ունի լուսանկարչության լավ պատմություն, սակայն այն չի լուսաբանվել և ներկայացվել: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ավելի լավ ծանոթանալ հայկական լուսանկարչության պատմությանը»,- նշեց Բաղդասարյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ այս փառատոնը իր ուրույն տեղը կունենա համաշխարհային ֆոտոփառատոնների քարտեզի վրա:

«Հայկական պատմական լուսանկարչության մասին խոսելիս՝ տեսնում ենք դինաստիաների պատմություններ: Մի քանի տասնամյակի պատմություն ունեցող «Արմենպրես»-ի արխիվում կան հենց Բաղդասարյանների և շատ այլ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք թվայնացրել ենք և զետեղել history.armenpress.am կայքում»,- ասաց Անանյանը և հավելեց, որ ժամանակ առ ժամանակ գալիս է արխիվների վրայից փոշին թափ տալու պահը, և այժմ հենց այդ պահն է:

«Արմենպրես»-ը հանդես կգա 3 ցուցադրությամբ, և գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «Հովհաննես Թումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին:

«Նույն հետահայացը կլինի նաև Կոմիտասի հետ կապված: Տարբեր հարթակներում հանդես կգանք նաև առանձին լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Մեր միջազգային գործընկերներից մեկը՝ Բելառուսի ազգային լրատվական գործակալությունն առանձին ցուցադրություն կունենա՝ նվիրված ծեսին և ավանդույթին»,- նշեց «Արմենպրես» ԼԳ տնօրենը՝ հավելելով, որ փառատոնի պաշտոնական բացումը կկայանա օգոստոսի 26-ին, սակայն հանգստյան օրերից սկսած Երևանը կշնչի լուսանկարչությամբ:

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:  

 
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր