• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում. Ռուբեն Ռուբինյան

15.02.2019   22:58

 Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, եւ որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում:

Այս համատեքստում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչի առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստակամ է իր գործուն ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական փոխգործակցության օրակարգերն ակտիվ եւ արդյունավետ իրականացնելու համար:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները, ինչի կապակցությամբ Ռոզարիա Պուլյիզին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան նաեւ տարածաշրջանի վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է:

Կողմերը քննարկել են նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարեւորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի:

Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր